Հետաքննող լրագրողներ «Ռեգիոն» կենտրոն ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՐԵՔ ՓՈՐՁ Մարտի 7։ Բանավեճի թեման. «Եվրոպական ինտեգրման այլընտրանքը» ՌԱՍԻՄ ՄՈՒՍԱԲԵԿՈՎ Եվրոինտեգրման հարցերը Հարավային Կովկասի երկրների համար եվրոպական կառույցների մեջ ինտեգրումը, ըստ էության, այլընտրանք չունի, բայց, ցավոք, առայժմ հնարավոր չէ ասել, թե այդ ճանապարհին մեր հաջողությունը երաշխավորված է, առավել եւս չի կարելի այդ գործընթացն անվանել անդառնալի։ Ինչ վերաբերում է այն բանին, որ Ադրբեջանում եւ Հայաստանում բազմաթիվ կուսակցությունների ղեկավարների համար ԵՄ-ին ինտեգրումը գերադասելի է ՆԱՏՕ-ին ինտեգրումից, ապա, իմ կարծիքով, այստեղ մենք գործ ունենք կամ խորամանկության, կամ թերըմբռնման հետ։ Գործնականում բոլոր հետսոցիալիստական եւ հետխորհրդային երկրները, որոնք մտան ԵՄ, միաժամանակ, կամ նույնիսկ ավելի շուտ մտան նաեւ ՆԱՏՕ։ Պարզապես համաձայնելով ԵՄ-ի հետ եւ մերժելով ՆԱՏՕ-ն, Հարավային Կովկասի երկրների կուսակցությունների դեպի Մոսկվա կամ Թեհրան կողմնորոշված ղեկավարները արտացոլում են այդ մայրաքաղաքներում տիրապետող հայացքները։ Չէ՞ որ Ռուսաստանի եւ Իրանի իշխող շրջանակները, թեեւ խոսքերով չեն առարկում ԵՄ-ի հետ մերձեցմանը, բայց ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ իրենց համար սպառնալիք են տեսնում եւ սեփական ազդեցության բացառիկ գոտու նեղացում։ Ինչ վերաբերում է ստանդարտներին, ապա ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ը պահանջում են հավատարմություն պետության եւ հասարակության իրավական, ժողովրդավարական կազմակերպմանը, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը, մարդու իրավունքների հարգմանը։ Հարավային Կովկասում տնտեսական եւ սոցիալական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է կայուն անվտանգություն։ Դա երաշխավորող միակ արդյունավետ միջազգային գործիքը ՆԱՏՕ-ն է։ Ուստի, կարծում եմ, որ չի կարելի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին Հարավային Կովկասի երկրների ինտեգրման գործընթացներն իրարից բաժանել, առավել եւս՝ հակադրել։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Եվրոինտեգրման խոչընդոտները Թուրքիան սահմանակից է թե՛ Իրաքին, թե՛ Իրանին եւ թե՛ Սիրիային։ Եվ ոչինչ։ Թե՛ ՆԱՏՕ-ի անդամ է, թե՛ մի օր ԵՄ կընդունեն՝ չնայած մուսուլմանությանն ու մեկուսացված քրդերին։ Բայց Վրաստանի տարբերությունը Ադրբեջանից եւ հատկապես Հայաստանից ակնհայտ է։ Այն լուծումները, որոնք Վրաստանի համար տեխնիկական են, Հայաստանի համար քաղաքական են։ Հայաստանը շատ ավելի զգույշ եւ շրջահայաց է, «փոխլրացնող»՝ ինչպես սիրում է ասել պարոն Օսկանյանը։ Ինչո՞ւ հաչալ Ռուսաստանի վրա, ընդ որում՝ իզուր, փորձանքի մեջ կընկնես (Վրաստանի օրինակն աչքի առաջ է)։ Ավելի լավ է սպասել։ Ռուսաստանի ազդեցությունը, միեւնույն է, նվազում է, ոչինչ հնարավոր չի անել։ Առավել եւս, որ պիտի ընդունեն բոլորին միասին։ Իսկ Ադրբեջանը ինչ-որ տեղ մեջտեղում է։ Այսպես ասած՝ վերջին տարիներին «հայկականանում» է։ Հասկանում է, որ Ռուսաստանից հեռանալու եւ Արեւմուտքի հետ ինտեգրվելու միակողմանի եւ չափազանց կտրուկ դիրքորոշումը խանգարում է, նաեւ վտանգավոր է առողջության համար։ ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Քաղաքացիական վերահսկողություն բանակի նկատմա՞մբ Պարոն Մուսաբեկով, ինձ հետաքրքրեց Ձեր կարծիքը։ Մի կողմից՝ Դուք խոսում եք հարավկովկասյան երկրների հնարավոր անդամակցության մասին ՆԱՏՕ-ին ավելի շուտ, քան, ասենք, ԵՄ-ին, իսկ մյուս կողմից՝ մեզ մոտ բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը վերաբերող հարցը։ Ես ենթադրում եմ, որ իրապես ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար (համաձայն եմ պարոն Իսկանդարյանի հետ) ժողովրդավարության մակարդակը կարող է վճռական գործոն չդառնալ։ Չե՞ք կարծում, որ բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը շատ հեռավոր ապագայի հարց է։ Պարոն Իսկանդարյանին։ Եթե հիմք ընդունենք Վրաստանի քաղաքագետների կարծիքները, ապա ՆԱՏՕ-ի մեջ նրանց երկրի ընդունման հարցն ավելի շատ քաղաքական, քան տեխնիկական հարց է։ Ես միշտ զարմանքով եմ լսում, օրինակ, Վրաստանի փորձագետների եւ քաղաքագետների արտահայտություններն այն մասին, որ վրաց-ռուսական փոխհարաբերությունները միմիայն վրաց-ռուսական փոխհարաբերություններ են, այլ ոչ թե աշխարհաքաղաքականություն։ Բայց, իմ կարծիքով, ՆԱՏՕ մտնելու մասին վրացական ուժերի որոշումը հենց իսկական աշխարհաքաղաքականություն է։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Նայած, թե տեխնիկական ասելով՝ ինչ կհասկանանք «Ուզում եմ ՆԱՏՕ մտնել, բայց չեն թողնում» ձեւակերպումը չունի այնպիսի մասշտաբը, որպիսին «Ինչ եմ պատրաստ տալու ՆԱՏՕ մտնելու դիմաց» հարցինն է։ Օրինակ՝ հանուն ՆԱՏՕ-ի Հայաստանն ու Ադրբեջանը պատրա՞ստ են ձեռք քաշել Ղարաբաղից։ Այս երկրները առնվազն կմտածեն այդ մասին։ Իսկ Վրաստանն արդեն կորցրել է իր «ղարաբաղները»։ Ի միջի այլոց, կարծիք կա, որ հենց այն պատճառով, որ չափից ավելի արագ էր ձգտում դեպի Արեւմուտք՝ գտնվելով Ռուսաստանի կողքին։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒՍԵՑԿԻ Միաժամանակյա՞, թե՞ առանձին անդամակցություն Մենք խոսում ենք Հարավային Կովկասի առանձի՞ն երկրների, թե՞ նրանց «միաժամանակյա» անդամակցության մասին։ Կարծում եմ, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի հետ իր կապերն ակտիվորեն զարգացնել՝ ընդհուպ մինչեւ այդ կազմակերպության մեջ մտնելը։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներին (իսկ ես դրանց թվին եմ դասում նաեւ Թուրքիային), ապա պետք է ստեղծվի նոր քառակողմ ձեւաչափ, պայմանականորեն՝ «ԱԳԱԹ» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա ռուսերեն անվանումներից կազմված հապավում – խմբ.), որն ի վիճակի կլինի մշակել ԵՄ-ի մեջ ինտեգրման միասնական ծրագիր։ Չէ՞ որ բոլոր այս երկրները հայտարարել են դեպի ԵՄ գնալու ցանկության մասին, ինչո՞ւ այդ ցանկությունը չձեւակերպել ընդհանուր փաստաթղթի տեսքով։ Այս ձեւաչափը կարող է միանգամայն նոր հնարավորություններ ստեղծել նաեւ հակամարտությունների կարգավորման համար։ ԵՄ-ին ինտեգրման գործընթացը, այս տեսանկյունից, կարող է ավելի կայուն լինել։ ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ ուղղությունների միավեկտորության» կապակցությամբ Ռասիմ Մուսաբեկովին: Նայած, թե ինչ տեսանկյունից ենք նայում։ Եթե Ռուսաստանից հեռանալու տեսանկյունից, ապա այո, Ձեզ հետ համաձայն եմ։ Իսկապես, դեպի ո՞ւր կարելի է շարժվել Ռուսաստանից հեռանալիս, եթե ոչ դեպի ՆԱՏՕ եւ ԵՄ։ Բայց, մյուս կողմից, հենց նույն եվրոկառույցներում, նույն Ալյանսի մեջ ամեն բան միարժեք չէ։ Հասկանում եմ, որ կարելի է, ի հակակշիռ, խոսել այն մասին, որ կա ռազմավարական ընդհանրություն եւ մարտավարական տարաձայնություններ, ինչպես դա եղավ Իրաքին հարվածելու հարցում։ Ո՞վ գիտե, գուցե ԱՄՆ-ը, որը ՆԱՏՕ-ի շարժիչ ուժն է, այդպես էլ չկարողանա վերականգնել իր վարկը դաշնակիցների աչքում։ Մի շարք Եվրոպական երկրների հայտարարություններն այն մասին, թե Իրաքի հետ պատերազմից հետո շատ երկրներ պետք է լրջորեն մտածեն իրենց բանակների ամրապնդման մասին, դեռ չի կորցրել իր հրատապությունը։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒՍԵՑԿԻ Ալեքսանդր Իսկանդարյանին: Ես կարծում եմ՝ Դուք ճիշտ եք, երբ գրում եք այն մասին, որ Վրաստանը շատ էր շտապում դեպի Եվրոպական տուն։ Շատ սխալներ թույլ տրվեցին եւ թույլ են տրվում մինչեւ այժմ։ Սակայն ես չեմ կարծում, թե նա կորցրել է «իր ղարաբաղները»։ Տարածաշրջանով մեկ ցրված էթնոկրատական ռեժիմները չեն կարող երկար դիմանալ։ Դա վերաբերում է բոլոր ռեժիմներին, որոնք չունեն լեգիտիմության բավարար մակարդակ, ներառյալ «կենտրոնականները»։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Ալեքսանդր Ռուսեցկուն: Խնդիրը տերմինները չեն։ Ով ով, բայց Հայաստանն ավելի քան «տուժում» է աբխազական հակամարտությունից։ Դրույթը, թե հակամարտությունները կարելի է լուծել միասին, ներեցեք, ինձ վիճելի է թվում։ ՌԱՍԻՄ ՄՈՒՍԱԲԵԿՈՎ Ալեքսանդր Իսկանդարյանին: Բանն այն է, որ, անկախ Հայաստանի մասնակցությունից, Ուկրաինան, Վրաստանը եւ, թերեւս, Մոլդովան եւ Ադրբեջանը, կմեծացնեն եւ կկոորդինացնեն իրենց ջանքերը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ կապերի զարգացման ուղղությամբ՝ ընդհուպ մինչեւ անդամություն (եթե թողնեն եւ եթե նվազագույն չափով հասունանանք)։ Ըստ ամենայնի՝ կոորդինացման գործիք է դառնում ՎՈՒԱՄ-ը (Ուզբեկստանն այսուհետեւ էլ իրեն հեռու կպահի)։ Եթե հաջողվի գոնե մասամբ լիցքաթափել Լեռնային Ղարաբաղի հետ կապված կոնֆլիկտային պոտենցիալը, ապա կոորդինացման այս սխեմայի մեջ Հայաստանի մուտքը լիովին իրատեսական է։ Եթե Հայաստանի իշխող վերնախավին նայենք որպես բացառապես Մոսկվայի մանկլավիկների, ապա իմ ասածն ամբողջովին անհեթեթություն է։ Բայց փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում, իսկ դրանք ենթադրում են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի քայլ առ քայլ ամրապնդումը, այն ամենը, ինչի մասին դատողություններ եմ անում, օրակարգային հարցեր են։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Ռասիմ Մուսաբեկովին: Ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ ո՞ւմ մանկլավիկն է, ապա դա դեռ հարց է։ Իհարկե, նաեւ կատակելով եմ ասում, բայց հավատացեք, հայ քաղաքական գործիչները չափազանց ռացիոնալ են, եւ կգործածեն «մանկլավիկությունը», քանի դեռ հնարավոր է, իսկ հետո՝ կտեսնենք:… Մարտի 8։ Բանավեճի թեման. «Եվրոպական ինտեգրման խոչընդոտները»ՌԱՍԻՄ ՄՈՒՍԱԲԵԿՈՎ Եվրոինտեգրման խոչընդոտները Եվրոպական կառույցների մեջ Հարավային Կովկասի ինտեգրման ճանապարհին առկա խոչընդոտները պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի. ներքին, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական։ Ներքին խոչընդոտները պարզ են. քաղաքական, սոցիալ-տնտեսական հետմնացությունը, պետական իշխանության եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլությունը, կոռուպցիայի բարձր մակարդակը, զինված ուժերի անհամապատասխանությունը ժամանակակից ստանդարտներին եւ այլն։ Սրանք միասին բացասական բեռ են կազմում, որով հազիվ թե կարելի է մտնել զարգացած արեւմտյան եւ եվրոպական տնտեսական տարածք, ինտեգրվել ռազմաքաղաքական համագործակցության եւ անվտանգության համակարգին։ Ինչ վերաբերում է եվրոինտեգրումը արգելակող տարածաշրջանային պատճառներին, ապա առաջին տեղում կդնեի գոյություն ունեցող հակամարտությունները եւ դրանց ապասառեցման վտանգը, անցումը «տաք» փուլին։ ԵՄ-ը եւ ՆԱՏՕ-ն հոգսերի եւ խնդիրների պակաս չունեն (միայն կիպրոսյան կամ իռլանդական խնդիրները բավական են, դրան գումարած՝ Ջիբրալթարի կարգավիճակի մասին վեճերը եւ այլն)։ Ուստի՝ Բրյուսելը չի շտապում իր վրա վերցնել հարավկովկասյան հակամարտությունների լուծման բեռը։ Երկրորդ խմբի խոչընդոտները հակամարտությունների հետեւանքով տարածաշրջանային համագործակցության խզումն է, Հարավային Կովկասի պետությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումների բազմազանությունը։ Եվ վերջապես, այնպիսի ազդեցիկ տերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Իրանը, անշուշտ, բացահայտ եւ անբացահայտ ձեւերով անում են ամեն բան, որպեսզի, եթե լիովին չշրջափակեն, ապա առավելագույնս խոչընդոտեն Հարավային Կովկասի երկրների ինտեգրումը եվրոպական կառույցներին։ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել իր երկդարյա բացառիկ տիրապետության գոտու կորստյան հետ, իսկ Իրանը զգուշանում է իր սահմաններին արեւմտյան ազդեցության մոտենալու, ինչին թշնամանքով է վերաբերվում, փաստից (խոսքը հատկապես վերաբերում է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառույցներին)։ Միասնաբար, նշված գործոնները ստեղծում են մեր երկրների եվրոպական ինտեգրման հեռանկարների անուրախ պատկերը։ Այդուհանդերձ, դրանք չպետք է համարվեն անհաղթահարելի։ Այդ ամենը կամքի, ճիշտ ռազմավարության եւ ժամանակի գործոնի նուրբ ըմբռնման հարց է, ինչի մասին երեկ խոսում էր Ալեքսանդր Իսկանդարյանը։ ԱՐՉԻԼ ԳԵԳԵՇԻՁԵ Մուսաբեկովին եւ Ռուսեցկուն: Եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին ինստիտուցիոնալ ինտեգրումը չպետք է լինի վերջնական նպատակ կամ ինքնանպատակ։ Նպատակը պետք է լինի արդիականացման եւ ժողովրդավարական քաղաքական համակարգի կառուցման երկարաժամկետ եւ անդառնալի գործընթացի ապահովումը։ Հարց է առաջանում. այդ նպատակներին հասնելու համար որքանո՞վ է անհրաժեշտ եվրոպական կառույցներին ինտեգրումը։ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանին կենսականորեն անհրաժեշտ է։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին ինտեգրմանը, ապա նույնիսկ միայն մերձեցման գործընթացը (անկախ դրա երկարատեւ ընթացքից), ռացիոնալ քաղաքականության պայմաններում, կարող է նշանակալի առաջընթաց ապահովել վերոհիշյալ նպատակին հասնելու գործում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ Համաձայն եմ Ռասիմ Մուսաբեկովի հետ Կան այդպիսի խոչընդոտներ, եւ դրանց քանակը մեծ է։ Բայց հո՛ւյս կա։ Մեծ Բրիտանիան ունի հակամարտություն, Կիպրոսը չի վերահսկում չճանաչված պետության տարածքը, Սլովակիան ոչ մի կերպ չի համապատասխանում տնտեսական մակարդակով, Բուլղարիան ունի մեզանից էլ շատ կոռուպցիա, իսկ Ռումինիայում… ավելի լավ է չխոսեմ այս երկրի մասին։ Սեռական փոքրամասնություններին Պորտուգալիայում վերաբերվում են ոչ այնպես, ինչպես Ամստերդամում, իսկ ժպիտի պայծառությամբ եւ ջրի որակով կոռլեոնցիները տարբերվում են ստոկհոլմցիներից։ Եվ ոչինչ՝ բոլորն էլ ԵՄ-ի մեջ են, կամ կմտնեն 2007թ.-ին։ Մեզ էլ կընդունեն, եթե պետք լինի։ Ահա հարցը՝ պե՞տք է։ Մենք մի բան արժե՞նք աշխարհագրական, հաղորդակցական կամ այլ իմաստով։ Սա նրանց՝ ընդունողներին վերաբերող հարց է։ Իսկ ինչ վերաբերում է մեզ՝ ցանկացողներիս, ապա ինչի մասին է խոսքը. ԵՄ-ը կամ ՆԱՏՕ-ն մեզ համար՝ ոնց որ Ձմեռ պապը։ Նա կգա եւ իր պարկից դուրս կհանի այն, ինչ մենք չունենք. ժողովրդավարություն, անվտանգություն, բարգավաճում, ազատություն։ Մենք սովորել ենք այդպես՝ որպեսզի մեր փոխարեն ուրիշները որոշեն, ոչ թե մենք։ Չափից ավելի երկար ժամանակ ենք գտնվել կայսրություններում։ Կարծում եմ՝ պետք է գործի լծվել եւ լուծել խնդիրները։ Ինքներս։ Այնժամ գուցե եւ ԵՄ էլ ընդունեն։ Երբեմն սարսափելի ամաչում եմ, եթե անկեղծ լինեմ։ Երբ մերոնք (կարեւր չէ՝ հայերը, վրացիները թե ադրբեջանցիները) ինչ-որ մի տեղ Բրյուսելում ուժերը լարած՝ բյուրոկրատական մեքենայի մի ինչ-որ պտուտակի բացատրում են, թե Կովկասը խիստ կարեւոր է Եվրոպայի համար եւ Եվրոպային է պատկանում անտիկ ժամանակներից, իսկ նա չգիտի էլ, թե գլոբուսի վրա դա որտեղ է գտնվում։ Այստեղից էլ՝ հարցի պատասխանը. ինտեգրում հանուն անվտանգությա՞ն, թե՞ հակառակը։ Ոչ մեկը, ոչ մյուսը։ Ավելի ճիշտ, թե՛ մեկը, թե՛ մյուսը, որպեսզի մնանք «երեխա»։ Սա շատ վտանգավոր միտում է։ Պետք է հասունանալ եւ ձեռք բերել արտաքին քաղաքականություն։ Իսկական։ Չէ՞ որ «Ռուսաստանը չար վհուկ է» եւ «Ռուսաստանը հարազատ մայր է» մոտեցումները նույն բանի՝ ինֆանտիլիզմի, արտահայտությունն են։ Ռուսաստանը հարեւան է, ինչպես եւ Եվրոպան։ Ի՛ր շահերով, թերություններով, փոփոխականներով։ Ոչ հայր է, ոչ մայր, հարեւան է։ Մեծ, հզոր հարեւան։ Իսկ ԵՄ-ն էլ միայն «արժեքների հանրություն» չէ, այլ հզոր բյուրոկրատական մեքենա։ Եվ այնտեղ մտնում են ոչ թե ժողովրդավարության, այլ մի բան պոկելու նպատակով։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒՍԵՑԿԻ Կովկասի սահմանները Կարծում եմ, հետաքրքիր է հետեւյալ հարցը. «Որտե՞ղ են Կովկասի սահմանները»։ Ոմանք կարծում են, թե դրանք ավելի դեպի հյուսիս են, իսկ մյուսները՝ թե ավելի հարավ են։ Իսկ ոմանց կարծիքով՝ դրանց մեջ մտնում է Հնդկաստանի եւ Սկյութիայի միջեւ ընկած տարածքը։ Մենք չպիտի հրաժարվենք տարածաշրջանային քաղաքականությունից. այն իր մեջ շատ դրական բաներ ունի։ Միեւնույն ժամանակ, տարածաշրջանային քաղաքականություն ունենալու համար հարկ է սահմանել տարածաշրջանի սահմանները։ Դրանից հետո կարելի է խոսել եւ տարածաշրջանային անվտանգության մասին։ Երկրորդ խնդիրն այն է, որ մենք առայժմ չենք կարող լրջորեն խոսել Կովկասում տարածաշրջանային քաղաքականության ձեւավորման մասին, քանի որ չունենք մեր երկրների ներսում ազգային անվտանգության պատշաճ եւ միասնական ընկալում։ Նույնիսկ էթնիկապես միատարր Հայաստանում տարբեր կարծիքներ կան։ Բազմաէթնիկական հասարակություններում ազգային անվտանգությունը պետք է հանդես գա որպես «էթնիկական անվտանգությունների» համադրություն։ Նման բան չկա ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում։ «Էթնիկական անվտանգությունների» համադրությունը պետք է հանգեցվի «քաղաքացիական անվտանգության» (քաղաքացիական, այլ ոչ թե էթնիկական ժողովրդավարության պայմաններում)։ Իսկ վերջինս պետք է կազմի ազգային անվտանգության ձեւավորման հիմքը։ Այսօր տիրապետում է անվտանգության էթնիկական ըմբռնումը, եւ դա տրամաբանական է, քանի որ տիրապետում է շրջակա միջավայրի էթնոկենտրոն ընկալումն ու ըմբռնումը։ Ընդ որում, այսպիսի վիճակը ակտիվորեն օժանդակվում է դրսից, քանի որ դա իրադրությունը վերահսկելու ամենաէժան եղանակն է։ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ավյազ Ռուստամովին: Մեզ մոտ՝ Հայաստանում բազմաթիվ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ եւ հասարակական գործիչներ կան, որոնք բավական կասկածանքով են վերաբերվում Արեւմուտքին (առաջին հերթին՝ ԱՄՆ-ին), համարելով, որ մեր տարածաշրջանում Արեւմուտքը առաջնորդվում է միայն նավթային շահերով։ Եթե դա այդպես լիներ, ապա Ադրբեջանի դերը տարածաշրջանում կլիներ շատ ավելի մեծ, քան այն, ինչ մենք այսօր տեսնում ենք։ Ուրախալի է, որ վրացական քաղաքական վերնախավում համաձայնություն կա աշխարհում Վրաստանի տեղի եւ նրա անվտանգության համակարգի վերաբերյալ։ Համենայնդեպս, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հարցումից (հարցման արդյունքները տպագրվել են նախորդ ներդիրում հատվածաբար – խմբ.) երեւում է, որ վրաց քաղաքական գործիչները Վրաստանի տեղը տեսնում են ժողովուրդների եվրոպական ընտանիքում, իսկ անվտանգությունը կապում են ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանի դեպքը շատ ավելի բարդ է։ Տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն աշխարհում Հայաստանի տեղի մասին։ Պատճառները տարբեր են. սկսած ծանր պատմական անցյալից, բարդ ներքաղաքական իրադրությունից եւ վերջացրած Հայաստանի դիրքորոշման վրա «արտաքին գործոնների» ազդեցությամբ՝ ի դեմս աշխարհի տարբեր երկրների հայկական սփյուռքների։ Ուստի՝ ես կփորձեմ ներկայացնել «հայկական նախագծի» իմ պատկերացումը։ Առաջինը՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծելու խնդիրն է։ ՄԱՐՏԻ 9։ ԲԱՆԱՎԵՃԻ ԹԵՄԱՆ. «ԵՎՐՈԻՆՏԵԳՐՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»ԱՐՉԻԼ ԳԵԳԵՇԻՁԵ Եվրոինտեգրում եւ անվտանգություն Անվտանգության այնպիսի համակարգի (ռազմաքաղաքական, ՆԱՏՕ) մեջ ինտեգրումը, որը կլինի նվազ «քմահաճ» նոր անդամներ ընդունելիս եւ նշանակալի չափով կղեկավարվի աշխարհաքաղաքական կոնյունկտուրայով, տեղի կունենա բավական արագ։ Բայց, վերջ ի վերջո, մենք բոլորս (հայերը, ադրբեջանցիները, վրացիները, աբխազները, օսերը եւ մյուսները) ստիպված կլինենք դեմքներս դարձնել մեկ-մեկու եւ իրար հետ լեզու գտնել, համատեղել մեր ազգային շահերը, մեր «աշխարհաքաղաքական կոդերը»։ Այլապես՝ ոչ մի ՆԱՏՕ, ուրիշ «անվտանգության հովանոցներ» չեն կարողանա լիովին ապահովել մեր անվտանգությունը։ Անվտանգություն, որը հնարավոր չի լինի բաժանել վրացական, հայկական, ադրբեջանական եւ այլ մասերի։ Իսկական անվտանգությունը պետք է հենվի կովկասյան մեծ հաշտության եւ ընդհանուր տարածաշրջանային գիտակցության արմատացման վրա։ Բացի այդ, մեր անմիջական հարեւանների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալը անհրաժեշտ պայման է ցանկացած «անվտանգության հովանոցի» արդյունավետության համար։ Այն, ինչ ես հիմա նկարագրում եմ, ապագային է վերաբերում, եւ դրան հասնելու համար մենք դեռ պիտի ապրենք եւ աճենք։ Սակայն հասունացման այս ընթացքն ավելի թեթեւ եւ արագ կկատարվի, եթե մենք ձգտենք եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցների մեջ ինստիտուցիոնալ ինտեգրման։ Այստեղից էլ՝ պատասխանը «եվրոինտեգրում հանուն անվտանգությա՞ն» հարցին։ Բայց կա նաեւ հակառակ պատասխանը. անվտանգություն հանուն եվրոինտեգրման։ Որովհետեւ որքան ավելի կայուն եւ խաղաղ ապրենք ինչպես մեր երկրների ներսում, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանում, այնքան ավելի արագ կմերձենանք Եվրոպային եւ նրա հաստատություններին։ ՌԱՍԻՄ ՄՈՒՍԱԲԵԿՈՎ Անվտանգություն Անվտանգությունն ունի բազմաթիվ ասպեկտներ. ռազմական, տնտեսական, էկոլոգիական, տեղեկատվական։ Իսկ երբեմն էլ խոսում են պարենային կամ էներգետիկ անվտանգության մասին։ Բայց մեր դեպքում խոսքն ավելի շուտ քաղաքական եւ ռազմական անվտանգության մասին է։ Դա նշանակում է ամրապնդել ձեռք բերված անկախությունը եւ կանխել մեր պետությունները հեզ ու կամակատար արբանյակների (ինչպես Մոնղոլիան խորհրդային տարիներին) վերածելու փորձերը, ապահովել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ ետ մղել աշխարհում ծավալվող ահաբեկչական սպառնալիքները։ Կարո՞ղ ենք մենք ինքնուրույն լուծել այդ խնդիրները։ Բացասական պատասխանն ակնհայտ է։ Ի վիճակի՞ ենք ցանկալի նպատակին հասնել՝ Ռուսաստանի հետ միության եւ համագործակցության մեջ մտնելով։ Այստեղ նույնպես պատասխանն ավելի շուտ «Ոչ» է, քան «Այո»։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրի համար անկախությունն առաջին հերթին նշանակում է անկախություն Մոսկվայից (սա ռուսատյացության դրսեւորում չէ, այլ փաստի արձանագրում)։ Բանն անցյալը չէ, այլ ներկան։ Հիշեցնեմ նրանց, ովքեր մոռացել են, որ Ուկրաինան եւ Ղազախստանը անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխիքներ պահանջեցին եւ ստացան ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից՝ իրենց տարածքներից միջուկային զենքը եւ իր կրիչները դուրս բերելու եւ ոչ միջուկային տերության կարգավիճակ ընդունելու գնով։ Հարավային Կովկասի պետություններին նման երաշխիքներ ոչ մեկը չի տվել։ Ուստի՝ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի դեպի ՆԱՏՕ ձգտումը ոչ թե խնամառություն է, այլ աշխարհաքաղաքական իրադրության, սպառնալիքների եւ դրանց դիմակայելու սեփական հնարավորությունների սթափ գնահատական։ Թուրքիան Հայաստանից ոչինչ չի ուզում, ընդհակառակը, Երեւանի ներկա իշխանությունները, թաքնվելով Ռուսաստանի թիկունքում, արշավում են Թուրքիայի վրա, ձգտում են ամրապնդել տարածքային բռնազավթումները Ադրբեջանում եւ նմանօրինակ պլաններ են փայփայում Վրաստանի նկատմամբ (Ջավախք)։ Այսպիսով, ներկա իշխանության օրոք, Երեւանը ոչ թե անվտանգություն է փնտրում, այլ դաշնակիցներ՝ իր երկրից դուրս տարածքային եւ այլ ամբիցիաներ իրականացնելու համար։ Սա է էական տարբերությունը Հարավային Կովկասի պետությունների՝ սեփական անվտանգության եւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցերին մոտեցումների էական տարբերությունը։ Սակայն ցանկանում եմ նշել, որ անհեթեթություն կլինի ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրումը դիտարկել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճը լուծելու տեսանկյունից։ Այդ խնդիրները մենք պետք է լուծենք ինքներս՝ երկխոսության եւ փոխզիջումների միջոցով։ Ի միջի այլոց, ԵՄ-ին ինտեգրումը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված շատ վեճեր։ Միացյալ Եվրոպայի համատեքստում հարցերը, թե ո՞ր օրենքները (հայկականնե՞րը, թե՞ ադրբեջանականները) կգործեն Լեռնային Ղարաբաղում, ո՞ր տարադրամը (դրա՞մը, թե՞ մանաթ) կշրջանառի, ինչպիսի՞ն կլինեն մաքսային, միգրացիոն կանոնները, սահմանները, քաղաքացիությունը եւ շատ այլ հարցեր, որոնք այսօր անհաղթահարելի են, իրականում կկորցնեն իրենց հրատապությունը։ ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ռասիմ Մուսաբեկովին: Ռասիմ, ես հարգում եմ Ձեզ այն բանի համար, որ, ի տարբերություն Ադրբեջանի բազմաթիվ քաղաքական գործիչների, քաղաքագետների եւ նույնիսկ իրավապաշտպանների, այստեղ Դուք գրում եք համարյա նույնը, ինչ հայտարարում եք ադրբեջանական մամուլում։ Ահա, օրինակ, տիկին Սուլեյմանովան (Ադրբեջանի օմբուդսմենը) հրաժարվում է ֆաքս ստանալ Երեւանի «իր» գործընկերոջ գրասենյակից, հիմնավորելով այդ բանը նրանով, որ ոչ մի համագործակցություն չի կարող լինել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր ծավալապաշտական նկրտումներից։ Ադրբեջանի Մարդու իրավունքների ինստիտուտի տնօրենը ձեր մամուլում հայտարարել է, որ հրապարակել է մարդու իրավունքներին վերաբերող անեկդոտների ժողովածու, որտեղ անեկդոտ կա նաեւ հայերի մասին։ Եվ դրա նպատակն այն է, ինչպես ինքն է հայտարարել, որ բոլորն իմանան «հայերի բուն էության մասին»։ Ինչո՞ւ եմ բերում հենց այս երկու օրինակները։ Քանի որ դրանցում ցայտուն երեւում է ձեր հասարակության օտարվածության աստիճանը ընդհանրապես փոխզիջումների հասկացությունից։ Մի կողմից՝ Դուք խոսում եք Հայաստանի «արշավների» մասին անխտիր բոլոր հարեւանների վրա (չմոռանալով հիշատակել նաեւ Ջավախքը)։ Մյուս կողմից՝ Դուք խոսում եք հարցերը փոխզիջումների միջոցով լուծելու մասին։ Ինչպե՞ս հասկանալ այս ամենը։ Ադրբեջանը պատրա՞ստ է հենց այդ եղանակով՝ ԵՄ մտնելով, հրաժարվել սեփական հասարակության ռազմականացումից եւ Ղարաբաղը ուժով վերադարձնելու տրամադրվածությունից՝ ընտրելով ինտեգրման ճամփան։ Սկզբունքորեն, հիմա Դուք ասում եք այն, ինչ ես երկար ժամանակ մտածել եմ։ Կոմպրոմիսի կարող է պատրաստ լինել միայն կուշտ, բարեկեցիկ հասարակությունը։ Եթե Դուք կսպասեք այնքան ժամանակ, մինչեւ մեր եւ ձեր երկրները դեպի ԵՄ տանող ճանապարհին դառնան այդպիսին, ապա՝ ինչո՞ւ ոչ։ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ Անվտանգության եվրոպական համակարգը Հասկանալի է, որ լինելով ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի անդամ, մեր երկրներն ինչ-որ իմաստով արդեն մտնում են անվտանգության եվրոպական համակարգի մեջ։ Վստահ եմ, որ եթե մեր երկրները իրականում, այլ ոչ թե ձեւականորեն կատարեն ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի պահանջները (եւ իրականացնեն 1999-ին ու 2001-ին ԵԽ մտնելիս ստանձնած պարտավորությունները), ապա մեր անվտանգութան մակարդակը կբարձրանա։ Քանի որ կառավարման ժողովրդավարական համակարգ ունեցող երկրները հակված են հարեւանների հետ ունեցած հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Ինչ վերաբերում է անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչին, ապա ես կասկածներ չունեմ, որ բոլոր երեք երկրներն էլ պետք է մտնեն մեկ համակարգի մեջ, եւ այդ համակարգն այսօր կարող է լինել ՆԱՏՕ-ն։ Մենք կարող ենք նույնիսկ տարբեր արագություններով գնալ այդ ուղղությամբ, բայց պետք է շարժվենք դեպի անվտանգության նույն, ընդհանուր համակարգը։ Անթույլատրելի է տարածաշրջանում ստեղծել «բաժանարար» գծեր։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒՍԵՑԿԻ Լաուրա Բաղդասարյանին: Եթե մեր հասարակական գործիչներին հարց տրվի, թե քանի՞ հարեւան ունի Վրաստանը, ապա մեծամասնությունը կպատասխանի՝ չորս հարեւան։ Դրա պատճառն այն է, որ մեր փոքրիկ մանկական աչքերում դեռեւս չեն արտացոլվում մեր ծովային հարեւանների ափերի ուրվագծերը։ Ուրեմն՝ հարեւաններն ավելի շատ են։ Ինչ վերաբերում է իրողություններին։ Ձեր զգացմունքներն ինձ համար հասկանալի են, եւ ես կիսում եմ դրանք։ Քանզի Դուք խոսեցիք մեր փոխհարաբերություններում առկա կոնկրետ խնդիրների մասին, որոնք այնքան շատ են։ Մեր չինովնիկները չեն ցանկանում եւ չեն կարող զբաղվել այդ կոնկրետ խնդիրներով։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ հասարակությունը չի պահանջում։ Այդպես էլ կուտակվում են խնդիրները, որոնց հիման վրա զարգանում են նախակոնֆլիկտային իրադրությունները։ Անվտանգության տարածաշրջանային համակարգի հիմքը երկկողմանի հարաբերություններն են կազմում, եւ մենք պետք է հոգ տանենք դրանց մասին։ Ուստի՝ պետք է ուսումնասիրել մեր միջեւ գոյություն ունեցող բոլոր խնդիրները եւ մեր ձեռքը վերցնել կառավարման գործը։ Հենց սա է ճանապարհը դեպի անկախություն՝ ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում։ Ուրիշներն, այդ ժամանակ, իրենց ձեռքերը չեն տաքացնի մեր վեճերի վրա։ ՌԱՍԻՄ ՄՈՒՍԱԲԵԿՈՎ Լաուրա Բաղդասարյանին՝ փոխզիջումների մասին Կարծում եմ, որ այսօր (թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի) անվտանգության խնդիրը պետք է անջատել կարգավիճակի հարցից։ Կոմպրոմիսը (Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների ազատումը ռազմական գործողությունները չսկսելու երաշխիքների, տրանսպորտային հաղորդակցությունները բացելու եւ համագործակցության կարգավորման դիմաց) կարող է դրական ֆոն ստեղծել։ Հասկանալի է, որ այս դեպքում աչք է փակվում փաստացի վիճակի վրա, երբ Լեռնային Ղարաբաղը պահպանում է իր ներկա, Ադրբեջանից անկախ կարգավիճակը։ Բայց տարածաշրջանային համագործակցության ամրապնդման եւ եվրոպական կառույցներին (ՆԱՏՕ, ԵՄ) համատեղ խորացվող ինտեգրման համատեքստում ավելի հեշտ կլինի գտնել փոխադարձաբար ընդունելի ձեւակերպումներ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ։ Իմ դիրքորոշման մեջ, կարծում եմ, ոչ մի նոր բան չկա։ Չեմ թաքցնում, որ Ադրբեջանում բոլորը չէ, որ կիսում են իմ հայացքները։ Բայց ես բացարձակապես հավատացած եմ այս մոտեցման իրատեսական եւ գործնական լինելու մեջ եւ բացահայտ հայտարարում եմ այդ մասին։ Ի միջի այլոց, որքան ինձ հայտնի է, ԵՄ-ի քաղաքական գործիչներն ու չինովնիկները (ինչպես նաեւ միջնորդները) այս պահին աշխատում են կարգավորման նմանատիպ սխեմայի վրա (միջանկյալ լուծում՝ կողմերի համար երաշխիքների տարրերով եւ խթաններով հանդերձ)։ ԱՎՅԱԶ ՌՈՒՍՏԱՄՈՎ Ադրբեջանի անվտանգության սպառնալիքները Մեր երկրի, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար, քաղաքական եւ տնտեսական զարգացման լուրջ հնարավորությունները մեծ վնաս են կրում չլուծված հակամարտություններից։ Եվրամիության կարծիքով՝ դրանց «սառեցումը» արգելակում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների աստիճանական զարգացումը, ձախողում է տարածաշրջանային անվտանգության եւ հուսալի կայունության հաստատումը, դժվարացնում է Եվրոպայի հետ ինտեգրումը։ Կարելի է հասկանալ նրանց այդ տագնապները։ Եթե տարածաշրջանի երկրները Եվրոպա մտնեն իրենց չլուծված հակամարտություններով, ապա չի բացառվում, որ ռումբը կպայթի եվրոպական ճեպընթացի մեջ։ Այն գործոններից, որոնք հենց հիմա ո ւղղակի սպառնալիք են Ադրբեջանի անվտանգության համար, կամ կարող են մեր հանրապետության համար սպառնալիք դառնալ ապագայում, ցանկանում եմ նշել հետեւյալը. Հայաստանի՝ սեփական ռազմական ուժերի մեծացումը (հիշենք մեկ միլիարդ դոլար արժողությամբ չհաշվառված զենքը, որ Ելցինի ժամանակ հանձնեց Ռուսաստանը), Հայաստանի տարածքում գոյություն ունեցող ռազմական բազաների ընդլայնումն ու արդիականացումը, ինչպես նաեւ անհիմն տարածքային եւ այլ հավակնությունները Ադրբեջանի եւ Վրաստանի նկատմամբ։ Տարածաշրջանում ահաբեկչության վտանգի մեծացման գործոնը։ Ընդ որում, իրական վտանգ կա, որ կարող են սերտաճել տարբեր ահաբեկչական կազմակերպությունների շահերը, որոնք ցանկանում են ապակայունացնել իրադրությունն Ադրբեջանում եւ տապալել ածխաջրածնային պաշարների շահագործման եւ դրանց համաշխարհային շուկա արտահանման ծրագրերը։ Հայկական զինված ուժերի կողմից գրավված Ադրբեջանի տարածքների եւ նրա պետական սահմանների մի մասի՝ թմրամիջոցներ պարունակող բույսերի մշակման, թմրադեղերի արտադրության եւ դեպի Արեւմուտք, ԱՊՀ տեղափոխման, զենքի, ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկների ապօրինի տեղափոխման, անօրինական գաղթականների, այդ թվում ՝ ահաբեկչական խմբերի (հատկապես Աֆղանստանից)՝ Եվրոպա թափանցելու նպատակով օգտագործման հանգամանքը (հիմնվում եմ ԶԼՄ-ների եւ մեր ԱԱՆ-ի բաց տեղեկատվության վրա)։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացմանը զուգընթաց, պետք է սպասել ահաբեկչության, այդ թվում՝ խիստ վտանգավոր քրդական միավորումների ակտիվացում։ Դրանք ապաստան են գտնում Հայաստանում (տեղեկատվության աղբյուրը նույնն է)։ Ջավախքի շրջանում (Վրաստան) հավաք ապրում է հայկական բնակչություն, որի բազմաթիվ ներկայացուցիչները ծառայում են ռուսական զորամասերում, ռուսական ռազմական բազաներում։ Նրանք խիստ բացասաբար են վերաբերվում տարածաշրջանի ապառազմականացման հնարավորությանը։ Հաշվի առնելով այնտեղ գոյություն ունեցող անջատողական տրամադրությունները, այս կոնտինգենտը խիստ թշնամաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի շփումներին եւ նավթագազային նախագծերի մեջ Վրաստանի մասնակցությանը, քանի որ դա կուժեղացնի Վրաստանի քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական կարողությունները։ Տարածաշրջանային անվտանգության ապակայունացման նպատակով Կասպից ծովի կարգավիճակի խնդրի օգտագործման հանգամանքը։ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում սպասվող մարդկային զոհերը եւ ուղղակի նյութական վնասը։ Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում եւ երկրներից յուրաքանչյուրում էկոլոգիայի վատացման գործոնը։ Տարածաշրջանային կայունության համար այստեղ առանձնահատուկ վտանգ է ներկայացնում Հայաստանում գտնվող ատոմակայանը, որը տեղակայված է սեյսմիկ ակտիվության գոտում եւ որտեղ օգտագործվում են հնացած, ժամանակակից միջուկային անվտանգության ստանդարտներին չհամապատասխանող սարքավորումներ։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒՍԵՑԿԻ. Ավյազ Ռուստամովին: Ձեր տեքստից երեւում է, որ ուշադրություն եք դարձնում ժամանակի պաշարի գործոնին։ Ինձ թվում է, թե Ադրբեջանի ղեկավարությունն այդ լուրջ ռեսուրսին վերաբերվում է վատնողաբար։ Առաջին հերթին՝ ես նկատի ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների եւ ուրեմն՝ եռակողմ հարաբերությունների շրջափակումը։ Այսօր մենք չպետք է ժամանակ կորցնենք, այլ համատեղ աշխատենք տարբեր նախագծեր ու ծրագրեր կազմելու ուղղությամբ։ Սա չի նշանակում, թե դրանք պետք է անմիջապես իրականացվեն, բայց այդ մտավոր արտադրանքը պետք է ստեղծվի։ Նույնիսկ բոլշեւիկներն օգտագործում էին հին նիկոլաեւյան նախագծերը, քանի որ չունեին սեփականը։ Ապագային պետք է պատրաստվել. ժամանակն այնքան արագ է անցնում (ի միջի այլոց, Դուք հիշատակում եք նաեւ տեմպի մասին)։ Ցավոք, մենք ժամանակը որպես ազգային պաշար չենք ընկալում, բայց այն նվազ կշիռ չունի, քան ածխաջրածիններն ու հանքային ջրերը։ ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ավյազ Ռուստամովին: Հարգելի Ավյազ, ինձ շատ հետաքրքրեց գործոնների Ձեր ցանկի երկրորդ կետը, որտեղ խոսվում է կրոնական-արմատական բնույթի ահաբեկչության մասին։ Ձեր գրած մնացած բաները շատ լավ ծանոթ փաստարկներ են։ Ճիշտ է, ինձ թվում էր, թե դրանք մեր երկրների միջեւ շարունակվող տեղեկատվական պատերազմի դրսեւորումներն են։ Բայց Դուք մատնանշում եք, որ այդ փաստարկների աղբյուրը Ձեր երկրի անվտանգության օրգաններն են։ Մարտի 10։ Բանավեճի թեման. «Հարավային Կովկասի երկրները Եվրոպա կգնան մե՞կ, թե՞ երեք ճանապարհներով»ՌԱՍԻՄ ՄՈՒՍԱԲԵԿՈՎ Եթե Հարավային Կովկասի պետությունների համար ճանապարհը մեկն է, ապա այդ ճանապարհով շարժվելու արագությունները կլինեն տարբեր։ Եթե համեմատենք ավտոմեքենա վարելու հետ, ապա Վրաստանը կսեղմի գազին, Հայաստանը՝ կարգելակի, իսկ Ադրբեջանը միաժամանակ կսեղմի գազի եւ արգելակի ոտնակներին (աղմուկը շատ է, օգուտը՝ քիչ)։ Ինչ վերաբերում է արտաքին հովանավորներին, ապա Վրաստանի հարցը պարզ է։ Արեւմուտքը կօգնի, իսկ Ռուսաստանը կպատժի եվրոինտեգրման ուղղությամբ ցուցաբերվող չափազանց աճապարանքի համար։ Հայաստանի նկատմամբ, ինչպես ինձ թվում է, Արեւմուտքը կմեծացնի օգնությունը (թեեւ ավելի քիչ չափով, քան Վրաստանինը), իսկ Ռուսաստանը կսկսի սեղմել։ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքից խթաններ քիչ կլինեն (շուտով, նավթի շնորհիվ, մենք կունենանք մեր փողերը բավարար քանակությամբ)։ Ընդհակառակը, մեզ կսկսեն ճնշել՝ Հայաստանին հանդարտեցնելու նպատակով, որպեսզի ազատեն նրան Ռուսաստանի ազդեցությունից։ Իսկ Մոսկվան, ընդհակառակը, դեմքը կդարձնի Բաքվին՝ ձգտելով դրսեւորել բարեկամություն եւ կառուցողական մոտեցում, որպեսզի արգելակի մեր հեռացումը (Վրաստանի ետեւից) դեպի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի լիակատար ազդեցության ոլորտը։ Հասկանալի է, որ իմ ասածը միանգամայն պայմանական է, ինչպես եւ ցանկացած սխեմա։ Կյանքը տեսական սխեմաներից եւ եզրահանգումներից շատ ավելի հարուստ եւ խորամանկ կլինի։ ԱՐՉԻԼ ԳԵԳԵՇԻՁԵ Առայժմ մենք ոչ մի տեղ էլ չենք գնում։ Պատճառն այն է, որ նախ՝ մեզ այնտեղ առանձնապես չեն էլ սպասում (չեն հրավիրում)։ Երկրորդ՝ տոմսի համար փողը (կարդա՝ ռեսուրսները բառիս լայն իմաստով) չի բավականացնում։ Այս ճահճից, որտեղ մենք դժբախտաբար հայտնվել ենք, միայնակ դուրս գալն ավելի դժվար է, քան միասին։ Սակայն միասնության բացակայությունը անհնարին է դարձնում այդ նպատակով համատեղ ջանքերի գործադրումը։ Ուստի՝ կատարվում են անհատական փորձեր, առաջին հերթին՝ Վրաստանի կողմից, այս ճահճից դուրս ցատկելու համար։ Ժամանակակից պայմաններում Մյունհաուզենի մեթոդները խիստ անբավարար են հաջողության համար։ Քեզ պետք է օգնեն։ Իսկ դրա համար պետք է ինչ-որ բանով «դուր գալ» փրկարարներին։ Այդ «ինչ-որ բանը», ինչպես ես ջանացի բացատրել մեր կոնֆերանսի առաջին օրը, Արեւմուտքի («փրկարարների») հետ նմանության ավելի մեծ աստիճանը, քաղաքական համակարգերի համատեղելիությունն է։ Ահա, Վրաստանում փորձեր են արվում՝ ապահովելու այդ համատեղելիությունը արագացված բարեփոխումների միջոցով։ Ուրիշ հարց է, թե որքանո՞վ են այդ փորձերը անկեղծ եւ վերջին հաշվով, որքա՞ն արդյունավետ կլինեն։ Եվ առհասարակ, կարո՞ղ են այդ միայնակ փորձերը լինել արդյունավետ։ Մեզ հետաքրքիր ժամանակներ են սպասում։