Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արմենիկումը»

Մարտ 26,2005 00:00

«Արմենիկումը» լավ է, բայց զգուշությունը՝ ավելի լավ Չնայած ՁԻԱՀ-ի դեմ առողջապահների մղած պայքարին, Հայաստանում միայն 2004-ի ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 53 դեպք, ինչն ամենաբարձրն է նախորդ բոլոր տարիների համեմատ: Աճի մեծ ցուցանիշ են արձանագրել վարակակիր կանայք (13 դեպք): Ասենք, որ կանանց վարակի աճը բնորոշ է ողջ աշխարհին: Մեր հարցին, թե այդ բարձր ցուցանիշը կարելի՞ է կապել թրաֆիքինգի տարածման հետ, կենտրոնի մասնագետները բացասական պատասխանեցին: Հաշվի առնելով, որ շատ հայ տղամարդիկ աշխատանքի եւ ժամանակավոր բնակության նպատակով ավելի հաճախ մեկնում են Ռուսաստան եւ Ուկրաինա, որտեղ վարակակիրների թիվը մեր տարածաշրջանում ամենաբարձրն է, պետք է ենթադրել, որ հենց «խոպանչիներն են» հանդիսանում «վարակի աղբյուր», որովհետեւ մեր կանայք առայժմ վարակվել են միայն սեռական ճանապարհով եւ արյան միջոցով, ոչ թե թմրանյութերի ներարկիչներով: Ամբողջ աշխարհում վարակվածության ցուցանիշը բարձր է կալանավայրերում, որտեղ բանտարկյալները հաճախ են թմրամիջոցներ օգտագործում: Որպես կանոն, նրանք փոխանակում են ներարկիչները, քանի որ բանտում մաքուր ներարկիչ հայթայթելը շատ դժվար է: Հաճախ նաեւ ներարկման համար օգտագործում են ինքնաշեն հարմարանքներ՝ պատրաստված գնդիկավոր գրիչների միջուկներից: Բացի այդ, բանտերում նաեւ տարածված երեւույթ է դաջվածքներ անելը, որոնց գործիքները չեն ախտազերծվում: Իսկ չախտազերծված ներարկիչներն ու ասեղները վիրուսի փոխանցման հիմնական ուղիներից են: Վտանգն առկա է նաեւ բանտի աշխատակիցների համար: Նրանք կարող են վարակվել բանտախցերում խուզարկություն կատարելու ընթացքում, ներարկիչի ասեղի պատահական ծակոցի կամ այլ հետեւանքներով: Թեեւ ներկայումս արձանագրված չէ սպորտով զբաղվելու ընթացքում մարզիկների ՄԻԱՎ-ով վարակման որեւէ դեպք, բայց տեսականորեն վարակվելու վտանգը կա այն սպորտաձեւերում, որտեղ պայքարի ընթացքում հնարավոր է առաջանան արյունահոսող վերքեր: Վերջերս լուրեր են պտտվում, թե արձանագրվել է ՄԻԱՎ-ի այնպիսի դեպք, երբ վարակը գործում է կայծակնային արագությամբ՝ 8-9 ամսվա ընթացքում մարդուն հասցնելով մահվան: Մինչդեռ մեզ հայտնի վիրուսը ի հայտ է գալիս վարակվելուց 7-15 տարի անց: Սեմինարի կազմակերպիչներն այս առնչությամբ հայտնեցին, որ լուրերի հեղինակը «Նյու Յորք թայմս» թերթն է, ըստ որի՝ արդեն հայտնաբերվել է 4 նման դեպք. «Բայց դրանք դեռ ուսումնասիրված չեն ու մեզ հայտնի չէ՝ նո՞ր վիրուս է, թե՞ ՄԻԱՎ-ի տեսակ: Հնարավոր է նաեւ լինեն վարակի արագ տարածման այլ պատճառներ, օրինակ, վարակակիրների իմունային համակարգն այնքան քայքայված լինի, որ հիվանդը միանգամից հանձնվի»: Մասնագետների հավաստմամբ, դեռեւս ՄԻԱՎ վարակի արդյունավետ բուժում գոյություն չունի: Բուժական միջամտություններն ուղղված են սոսկ հիվանդների կյանքի երկարացմանն ու դիմադրողականության բարձրացմանը: Հարցին, թե «Արմենիկումն» արդյոք չի՞ բուժում հիվանդությունը, կենտրոնի մասնագետները պատասխանեցին. «Դեռեւս դա ուսումնասիրված չէ, դժվար է վստահ ասել՝ իսպառ վերացնու՞մ է հիվանդությունը, թե՞ պարզապես բարելավում է հիվանդի վիճակը: Բայց այն, որ այդ դեղամիջոցի օգտագործումը բավական լավ ազդեցություն է ունենում հիվանդի վրա, միանշանակ է»: Անշուշտ, «Արմենիկում» դեղամիջոցը շատ թանկ է, բայց, կառավարության որոշմամբ, առողջապահության նախարարությունը ՀՀ քաղաքացիների համար բուժումն իրականացնում է պետպատվերի շրջանակներում: Ինչպես արդեն նշեցինք, վիրուսը մարդու օրգանիզմում կարող է ի հայտ գալ 7-15 տարի անց եւ հնարավոր է, որ վարակակիրն ինքն էլ չզգա իր հիվանդությունը: Վարակի առաջին ախտանշանները՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, տենդ, հազ, հաճախ սխալմամբ ընկալվում է որպես գրիպ կամ մրսածություն: Այնպես որ, նման ախտանշանների դեպքում մարդիկ կարող են դիմել բժշկական հետազոտման՝ վստահ լինելով, որ բուժման կամ ախտորոշման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը ապահովված է: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել