Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՐՈՒՆ

Մարտ 26,2005 00:00

ԳԱՐՈՒՆ Ա, ՁՅՈՒՆ Ա ԱՐԵԼ Խմբագրության ստացած նամակները գնալով «մռայլվում» են Լուսանկարում պատկերված «դոմիկը» 15 տարի առաջ Բաքվից ներգաղթած Ժենյա Հովհաննիսյանի եւ իր տղայի հիմնական տունն է՝ Մասիսի Դարակերտ գյուղում: Բրոնխների շնչարգելությամբ հիվանդ ամուսինը տարիներ առաջ հերթական նոպայից խեղդվել է, որովհետեւ շտապօգնությունը տեղ է հասել 3 ժամ ուշացումով: «Ես ուզում եմ իմ տունն ունենալ, որ բանակից եկած տղաս չհեռանա Հայաստանից, մնա ու ամուսնանա, իսկ ժեշտից դոմիկի մեջ չենք կարող հարս բերել»,- այս խնդրանքով տիկինը դիմել է փախստականների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպություններին, բայց մնացել անպատասխան: Հաջորդ բողոքը Գավառի «Դիպոլ» արտադրական միավորման նախկին աշխատակից 40 հաշմանդամներից է. «Տարիներ շարունակ գործարանում աշխատելիս ստացել ենք տարբեր մարմնական վնասվածքներ ու դարձել հաշմանդամ: Որպես անաշխատունակության հատուցում՝ ստանում էինք թոշակ: Սակայն գործարանը սնանկացավ, եւ արդեն 15 ամիս է՝ մեզ թոշակ չեն տալիս՝ կազմակերպության անվճարունակ լինելու պատճառաբանությամբ»: Նամակագիրները խնդրում են աշխատանքի եւ սոցիալական նախարարությանը՝ իր վրա վերցնել իրենց թոշակը վճարելու հարցը, «քանի որ դրա համար կա նաեւ կառավարության համապատասխան որոշում»: Մի հավաքական բողոք էլ խմբագրությունը ստացել է «սիսիանցի հարյուրավոր կանանցից, ինչու չէ՝ նաեւ տղամարդկանցից. Սիսիանի հիվանդանոցում տիրող անմխիթար վիճակի եւ ամենաթողության պատճառով հիվանդանոցից հեռացել է տարածաշրջանի լավագույն գինեկոլոգներից մեկը՝ Ս. Վարդանյանը»: Այդ հանգամանքը խիստ մտահոգել է հատկապես կանանց, որովհետեւ «նա մեր ուսուցիչն ու հույսն էր, եւ առանց նրա մենք անկանխատեսելի հետեւանքների առջեւ կկանգնենք»: Նամակագիրները նշել են, որ հիվանդները նախընտրում են բուժվել զինվորական հոսպիտալում կամ մայրաքաղաքում, որովհետեւ հիվանդանոցում սահմանվել են կամայական գներ, անտեսվում է պետպատվերն ու գռեհիկ են վերաբերվում հիվանդների հետ: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ Մուշեղ Խոստեղյանը փնտրում է «Մենուա» ապահովագրական ընկերության իր ապահովագրին՝ Ա. Աթոյանին. վերջինս 1993-ին իրենից վերցրել է 1000 ռուբլի եւ անհետացել մինչ օրս, իսկ նա չի կարողանում նույնիսկ ընկերության մասին մի տեղեկություն հայթայթել: «Մինչեւ ե՞րբ պետք է չարաշահեն ժողովրդի համբերությունը»,- հարցնում է մյուս նամակագիր, տնտեսագետ-թոշակառու Սեւակ Այվազյանը, բայց՝ կապված գույքահարկի թանկացման հետ, ինչի պատճառով «շատերը չեն կարողանալու պահել իրենց բնակարանը եւ պետությունը դրանք կբռնագրավի՝ հարկային պարտքերի դիմաց»: Համաժողովրդական թալանի մեկ այլ օրինակ էլ ներկայացնում է բժիշկ Ջեյմս Ստեփանյանը. «ԱրմենՏելը» տարեսկզբին գանձել է 6000 դրամ հաստատագրված վճարը, մարդիկ ոգեւորված ու երկար միմյանց Ամանոր են շնորհավորել, իսկ երբ եկել է վճարման ժամանակը, պարզվել է, որ ամսական 37 ժամ խոսակցությունն է այդ վճարի մեջ, դրանից ավելիի համար պետք է վճարել՝ րոպեն 8 դրամով: «ԱրմենՏելը» «մեծահոգաբար» ժամանակ է տվել՝ վճարել մինչեւ մարտի 10-ը: Դժգոհություններ ենք ստանում ոչ միայն պետական ու մասնավոր համակարգերի, այլեւ սովորական բնակիչների անօրինականությունների մասին: Մասնավորապես, Հովհաննես Պապյանը բողոքում է իր այն համաքաղաքացիների փնթիությունից, ովքեր աղբը լցնում են Վաղարշապատ ու Արտաշատ գնացող ջրանցքները, խցանելով դրանք, հատկապես՝ ձմռանը, երբ ջուրը չի հոսում: Քաղաքացին մտահոգված է ջրանցքը մաքրող կազմակերպությունների համար. «Ամենաբարձր պարգեւի են արժանի այն մեքենավարները, որոնք ռիսկ են անում մտնել դիտահորերը, ինչ ասես, որ չեն հանում՝ մեքենայի թափք ու անիվ, տնային կենդանիների լեշեր, մետաղի ջարդոն ու երկաթբետոնի զանգվածներ: Ընդ որում, Դալմայի բաղերի ու Խարբերդի ամառանոցների սկզբնամասում տեղադրված են աղբ թափելն արգելող ցուցատախտակներ: Ոչինչ չի օգնում, պետք է միայն մեծ տուգանք սահմանել ու վերջ»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել