ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼ ՀԻՏԼԵՐԻՆ ԱԺ ամենաերիտասարդ կին պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ Հռիփսիմե Ավետիսյանը, իր խոսքերով, պարտադիր ամեն օր առնվազն 1 ժամ ընթերցանությանն է նվիրում. «Ընդհանուր զարգացման համար կարդացել եմ, թե ինչպես Լեոնովը դուրս եկավ բաց կոսմոս: Այդ գործընթացը ամբողջությամբ նկարագրված է. ո՞նց է լուկը բացվել, լուկը փակվել, ինչքա՞ն վայրկյան, ի՞նչ դժվարություններ են եղել, որ ժամանակին չեն լուսաբանվել»: Նրա խոսքերով, պատգամավորները պետք է գիրք կարդան. «Ասում են, որ մարդը կյանքի փորձ ունի: Գիրքը որ կարդում ես, մարդկանց կյանքի փորձը կարողանում ես շուտ ընկալել, ընդօրինակել եւ այդ փորձը ունենալ»: Հռիփսիմե Ավետիսյանն այս իմաստով կարդացել է այն մասին, թե «Հիտլերը ինչպես է եկել-հասել իր կարգավիճակին. եւ կարելի է՝ շատ մեծ դասեր եմ քաղել: Չնայած նա վերջում տապալվել ա, չնայած նրան, որ որոշակի բաներ կան, որ ընդունելի չի. էդ արդեն իրա նացիստական պահն ա խոսում: Բայց շատ-շատ բաներ կա, որ պետք ա իրանից ընդօրինակել: Ստալինին էլ շատ մարդիկ կան, որ չեն հավանում: Ճիշտ ա, ունեցել ա թերություններ, բայց ԽՍՀՄ տնտեսության համար նա այնպիսի ահռելի բան ա արել, ինչպիսին դուստրիալիզացիան ա: Կարող եմ ասեմ, որ մինչեւ 80-ական թվերը բոլոր գործարանների մեծ մասը կառուցվել է հենց Ստալինի օրոք: Ու այդ տնտեսական համակարգը, որ կարողացավ ԽՍՀՄ-ում դնի նա, անգնահատելի ա»: Հռիփսիմե Ավետիսյանին ուղղեցինք հարց Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի՝ գիրք կարդալու ժամանակների վերաբերյալ հայտնի համոզմունքի մասին. «Ճիշտն ասած, մենք համախոհ ենք ու նույն հայացքներն ենք կիսում… Նկատել եք, թե չեք նկատել, ես ասեմ, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները կարդացած են: Իսկ եթե գիրք կարդալու ժամանակներն անցել ա, իսկ ինչի՞ ժամանակներն ա եկել էդ ժամանակ: Գիրք կարդալը երբեք էլ իրա ժամանակը չի կորցնում ըստ ինձ: Երեւի հանրապետության նախագահը նկատի ա ունեցել, որ թեորիայից անցնեն պրակտիկայի, դա ուրիշ հարց է»: Հռիփսիմե Ավետիսյանը, ի դեպ, շատ է սիրում «Երեք խոզուկները» հեքիաթը: Այս խորիմաստ ստեղծագործությունը, եթե հիշում եք, սովորեցնում է տներ կառուցել ոչ թե խոտից, այլ քարից: Ինչը եւ «պրակտիկորեն» կիրառվում է Հայաստանում: www.taregir. am