«ԵՍ ՈՉ ՄԵԿԻՑ «ՊՐԱԽՈԴԻ» ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ» Հարցազրույց Սամվել Բաբայանի հետ – Երբ դուք ասում եք, որ մտնում եք քաղաքականություն, նկատի ունեք Հայաստա՞նը, թե՞ ԼՂՀ-ն: – Ես այդ երկուսն իրարից չեմ բաժանում: – Այսինքն՝ դուք ակտիվորեն մասնակցելու եք այս տարի Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: – Եթե չասեմ՝ ակտիվորեն, ապա ինչ-որ մասնակցություն, հավանաբար, կունենանք: Քանի նախընտրական պայքարը դեռ չի սկսվել, առայժմ հարկ չեմ համարում դրան մանրամասն անդրադառնալ: – Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում հնարավոր են արդար ընտրություններ: – Համարում եմ, որ դա հնարավոր է, եթե քաղաքական ուժերը նման ցանկություն եւ կամք ունենան: – Ենթադրենք, քաղաքական ուժերը դա ուզում են, իսկ նրանք, ում ձեռքին են բանակը, ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, հարկայինը, մաքսայինը եւ այլն՝ չեն ուզում: Ի՞նչ կարող է հակադրվել նրանց: – Այդ լծակները կարող են օգտագործվել թույլ, ոչ մաքուր խղճով մարդկանց դեպքում: Օրինակ, հարկայինը կարող է ճնշել այն գործարարին, որը խախտում է օրենքը: – Իսկ, ասենք, մարզպետին, քաղաքապետին, գյուղապետին չե՞ն կարող կանչել եւ հրամայել՝ «լցրո՛ւ» կամ «նկարի՛ր»: – Հարցը հենց այն է, որ այդ գյուղապետն էլ ընտրված չէ, վատ է կատարում իր պարտականությունները, դրանով էլ ամբողջությամբ կախված է գործադիր իշխանությունից, եւ վերջինս էլ կարող է նրան ինչ ուզի՝ հրամայի: Օրենսդրական դաշտը պիտի այնքան կարգավորված լինի, իշխանությունները պետք է այնքան տարանջատված լինեն, որ այդ ճնշումը բացառվի: Եթե նույն գյուղապետն անկախ չի, նա կամավոր է գնում կեղծիքների՝ նույնիսկ առանց որեւէ պարտադրանքի: Սկզբից պետք է լինի այդ տարանջատումը, հետո միայն խոսենք ընտրական օրենսգրքից: Հակառակ դեպքում՝ նույնիսկ ամենալավ ընտրական օրենսգիրքը ձեւական փաստաթուղթ կմնա: – Հետեւաբար, դուք ելքը տեսնում եք օրենքների փոփոխությունների մե՞ջ: – Այո, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հստակ տարանջատվեն գործադիր իշխանությունից իրենց ֆունկցիաներով՝ այնպես, որ առաջինը կախվածության մեջ չլինի երկրորդից: Դրա մեխանիզմները նախ եւ առաջ ֆինանսական են: – Հայաստանի պայմաններում, քանի որ ընտրական տեղամասերի մեծ մասը դպրոցներում է, կեղծիքներին ակտիվորեն մասնակցում են նաեւ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները: – Այստեղ նույն խնդիրն է. 1999-ին Ղարաբաղում օրենք ընդունվեց, որ դպրոցի տնօրենը պետք է ընտրվի իր կոլեկտիվի եւ ծնողների կողմից: Դպրոցը ֆինանսավորվել է ուղիղ ֆինանսների նախարարությունից՝ իր կազմած բյուջեով: Դա ապահովում էր տնօրենների անկախությունը: 2001-ին այդ օրենքը, ցավոք, փոխվեց, եւ կրթական համակարգը վերադարձավ հին սկզբունքներին: – Դուք պատրաստվում եք կուսակցություն ստեղծել: Գաղափարական ո՞ր դաշտում է այն գործելու: – Ազատական, ժողովրդավարական դաշտում՝ իշխանությունների տարանջատում, ապակենտրոնացում, անկախ դատական համակարգ: – Սակայն դուք գիտեք, որ Սամվել Բաբայանը Ղարաբաղի նախկին բռնապետի իմիջ ունի: Ինչպե՞ս է այն համատեղվելու ձեր դավանած ազատական արժեքների հետ: – Ամեն մարդ իր կարծիքն ունի, եւ ես չեմ փորձում որեւէ մեկին համոզել, որ փոխի իր կարծիքը: Բայց կան փաստեր: Ես եղել եմ Ղարաբաղի կառավարության անդամ, եւ 98-99-ին իմ նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ ընդունվել են բազմաթիվ օրենքներ: Վերցրեք այդ օրենքները եւ վերլուծեք՝ դրանք բռնապետակա՞ն են, թե՞ ազատական: Այդ օրենքներն ուղղված են եղել տարբեր ոլորտներում ընտրական համակարգի ներմուծմանը, իշխանության ապակենտրոնացմանը, մասնավոր սեփականության զարգացմանը: Եթե որեւէ փաստեր կան իմ բռնապետ լինելու մասին, թող ներկայացնեն դրանք, որ հասկանանք, թե ինչ նկատի ունեն բռնապետ ասելով: – Օրինակ, ուժային ճնշում գործարարների վրա, «տանիք» կանգնել եւ այլն: – Բայց այդ գործարարները կան, չէ՞, այսօր: Շատերն էլ Երեւան են տեղափոխվել: Խնդրում եմ ճշտեք նրանցից՝ իրո՞ք իմ կողմից նման բաներ են եղել: – Ինչպե՞ս է կոչվելու ձեր կողմից ստեղծվելիք կուսակցությունը: – Առայժմ դա լինելու է հասարակական կազմակերպություն՝ «Միացյալ Հայաստան»: – Բացի ձեզնից, ինչ-որ մարդկանց այդ կազմակերպությունից կարո՞ղ եք նշել: – Կազմակերպությունը կհաստատվի արդարադատության նախարարության կողմից, տեղի կունենա համագումար, եւ դուք բոլորի հետ հնարավորություն կունենաք ծանոթանալու: Ասեմ միայն, որ նրանք չվարկաբեկված մարդիկ են, մի կուսակցությունից մյուսը թռչող անձնավորություններ չեն: – Այդպիսիք դեռ կա՞ն Հայաստանում: – Այո, գուցե որպես քաղաքական գործիչներ դուք այդ մարդկանց չճանաչեք: Նրանք գրագետ, կիրթ մարդիկ են, որոնք ցավում են այս պետության համար: – Հասարակական կազմակերպություն կամ կուսակցություն պահելը թա՞նկ հաճույք է: Ես մի տեղ կարդացել եմ, որ հատուկ ձեր գործունեությունը ծավալելու համար բիզնեսներից մեկում ձեզ, այսպես ասած, «պրախոդ են տվել»: – Ես ոչ մեկից «պրախոդի» կարիք չեմ զգում: Ես ունեմ շրջապատ, որը զբաղվում է բիզնեսով՝ Հայաստանում եւ Ղարաբաղում: Նրանք ինձ հետ նորմալ հարաբերություններ ունեն եւ օգնում են ստեղծել այդ քաղաքական ուժը: – Այդ բիզնեսմենների անունները դուք, իհարկե, չեք ցանկանա տալ, որովհետեւ չէիք ուզենա նրանց հարվածի տակ դնել: Այդպես չէ՞: – Ճիշտ չեմ գտնում նրանց անունները տալ: – Դուք շփումներ ունե՞ք քաղաքական ուժերի, գործիչների հետ, քննարկո՞ւմ եք նրանց հետ Հայաստանի ապագան: – Այն գործիչները, որոնք ցանկություն են հայտնում ինձ հետ հանդիպելու եւ իմ տեսակետները լսելու կամ իրենց մտքերը ինձ ներկայացնելու՝ նրանց հետ հանդիպում եմ: – Խոսակցություններ կան, որ դուք աջակցելու եք նախկին իշխանություններին կամ, հակառակը՝ ներկա իշխանություններին: – Ես աջակցելու եմ իմ գաղափարներին: Դրանցից մի քանիսը ես շատ հակիրճ ձեզ ներկայացրի: Այդ գաղափարների շրջանակներում ես համագործակցելու եմ ցանկացած ուժի հետ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՍամվել Բաբայանի տեսակետները Ղարաբաղի խնդրի շուրջ՝ հաջորդ համարում: