ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՅՐԵՆԻՔԸ Երեկ Օպերային թատրոնում կայացավ Հայաստանում Ռուսաստանի տարվա հանդիսավոր բացումը Իր ողջույնի խոսքում Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահի ներկայությունը Հայաստանում Ռուսաստանի տարվա բացման արարողությանը դիտեց իբրեւ հարգանք մեր ազգի, մեր մշակույթի հանդեպ: Իր հերթին Վլադիմիր Պուտինը երախտիքով հիշեց այն հարյուրավոր անձանց, ովքեր կիսել են ռուս ժողովրդի վիշտը եւ կռվել հանուն իրենց երկրորդ հայրենիքի՝ Ռուսաստանի: ՌԴ նախագահը նշեց, որ ՌԴ-ն այսօր 3000 հայ ուսանող ունի իր բուհերում, որոնցից 2000-ը սովորում է պետպատվերով, հատկապես նշեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դերը կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության գործում: Եվ հայտնեց, որ խրախուսում է Ռուսաստանում հայկական դպրոցների, մշակութային օջախների բացումը, «որովհետեւ շատ հայերի համար Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիք»: Ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցան ՌԴ-ից ժամանած ռուս էստրադայի հանրահայտ աստղեր, ժողովրդական արտիստներ: Հատկապես զգայացունց էր Լեւ Լեշչենկոյի եւ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» համույթի համատեղ կատարումը՝ «Հաղթանակի օրը»: Այս մթնոլորտը, սակայն, ամենեւին էլ չցրեց Կիրկորովի հանդեպ մեր բարձրաստիճան այրերի վերաբերմունքը: Սերժ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով Կիրկորովի այստեղ գալը ճիշտ չէ: Փոխքաղաքապետ Արման Սահակյանի անձնական կարծիքն էլ նույնն էր, սակայն «հնարավոր չէ, որ համերգը չկայանա: Երկուշաբթի կասեմ: Բայց նրա այցը քաղաքապետարանի եւ Արման Սահակյանի հետ կապ չունի. քաղաքապետարանը միայն աջակցում է, որպեսզի կարգուկանոն լինի, անվտանգությունը նորմալ ապահովվի: Իմ անձնական կարծիքով՝ ճիշտ չէ նրա գալը, բայց իմ անձնական կարծիքը շատ քիչ է»: «Կիրկորովն ինձ համար գոյություն չունի՝ որպես դերասան, որպես անձնավորություն եւ որպես շոու բիզնեսի աստղ,- ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:- Նա այնքան չկա, որ ՀՀԿ-ն, թեկուզ իր երիտասարդական թեւով, իր դեմ ինչ-որ մի բան ձեռնարկի: Չմոռանանք նաեւ մեդալի հակառակ կողմը: Դահլիճում կարելի է լսել, թե քանի մարդու հեռախոսազանգն է թուրքական երաժշտություն հնչում: Հասարակությունը բեւեռացել է, Կիրկորովի գալու հարցում մեղավորների մեջ փնտրենք նաեւ մեզ: Քաղաքապետարանն այստեղ երկրորդական՝ ածանցվող դեր ունի մեղավորների շարքում»: Իսկ ընդհանրապես, ի՞նչ դեր ունի ռուսական մշակույթը մեր պաշտոնյաների առօրյա կյանքում: Սերժ Սարգսյան. «Ռուսական երգեր լսում եմ, ո՞նց կարելի է ռուսական երգեր չլսել»: Իսկ երգո՞ւմ եք. «Ես ընդհանրապես շատ բաղաձայն եմ, ճիշտն ասած: Շատ շատերին եմ սիրում՝ Ալլա Պուգաչովայից սկսած՝ շատ շատերին»: Անդրանիկ Մարգարյան. «Ռուսական երգեր լսում եմ: Սիրում եմ երիտասարդության տարիների երգեր, երբ որ, ասենք, երգում են, բնականաբար՝ վերջին շրջանն էլ: Այնպես է ստացվել, որ հաճախակի ռուսական ես լսում, քան թե օտարերկրյա. միայն հայկական եւ ռուսական»: ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, ի դեպ, նաեւ բանաստեղծ եւ կոմպոզիտոր է, ստեղծագործում է հիմնականում ռուսերենով, բայց իր կյանքում առավել մեծ դեր ունի հայկական մշակույթը: Պարզապես ժամանակին սովորել է ռուսական դպրոցում եւ կարծում է, որ մեր հայկական դպրոցը մինչեւ հիմա դեռ չի կայացել: «Կենտրոնի բարեհաճ վերաբերմունքը վայելելու համար ժամանակին ռուսական դպրոցներին մեծ ուշադրություն էին սեւեռում, եւ ռուսական դպրոցների կրթական մակարդակը, որպես կանոն, ավելի բարձր էր: Միայն մշակութային երկխոսությունների շրջանակներում հնարավոր է էլ ավելի հարստացնել ազգայինը: Այս տարին, որ անցնելու է ռուսական մշակույթի դրոշի ներքո, լրացուցիչ հոգեւոր սնունդ եւ մտորումների տեղիք կտա ոչ միայն ավագ սերնդին, որ կարծես թե լավ իմաստով նոստալգիայով է լցված, այլեւ՝ երիտասարդներին»: Դավիթ Լոքյան. «Ես հիշում եմ՝ երիտասարդ ժամանակ շատ մեծ սիրով Ալլա Պուգաչովային էինք լսում, պարում, հիմա արդեն քիչ ենք ժամանակ ունենում դրա համար»: Կարեն Ճշմարիտյան. «Ռուսական երաժշտություն լսում եմ, երգում եմ ինքս ինձ համար՝ ոչ մտքի մեջ: Վիսոցկուն եմ սիրում, Ռոզենբաումին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆՀ. Գ. Միջոցառման ավարտին ելքի մոտ պաշտպանության նախարարի կողքին հայտնվելով՝ Ռաֆայել Քոթանջյանը չթաքցրեց, որ ապահով է զգում իրեն նրա կողքին: Ս. Սարգսյանը բոլորիս հետ ստիպված էր մոտ 5 րոպե սպասել, մինչեւ ելքի դռները կբացվեին։ «Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ ես ավելի ապահով ինձ չէի զգացել երբեք»,- արտահայտվեց Ռ. Քոթանջյանը, ում Վլադիմիր Պուտինը, բեմից իջնելով, հայացքով բարեւեց: