ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ ութերորդ
ՓՈՔՐ, ԲԱՅՑ ՄԵԾ ԹԵՆԻՍ
Ես ու Հրաչը, նախապես գինը ճշտելով, մի-մի սուրճ պատվիրեցինք ու մենք մեր էդ զոհաբերությունը թեթեւորեն ու հաճույքով կատարեցինք, որովհետեւ մենք արդեն ֆրանկոիտալական կինոներ տեսած համարյա մտավորական տղերք էինք եւ արդեն լիովին տիրապետում էինք ինքներս մեզ կողքից նայելու արվեստին, եւ էդ ամենավերեւում, որտեղից ողջ Թիֆլիսն էր երեւում, իմ ու արդեն միանգամայն կայացած պոետի մի-մի բաժակ սուրճ խմելն ինքնին կինո էր, եւ ես ու Հրաչը մի ժամից ավել թիֆլիսյան էդ շագանակագույն ջուրն ըմբոշխնելով՝ ինքներս մեզ ներշնչում էինք, թե սուրճ ենք խմում, ու մենք հիացած էինք ինքներս մեզանով՝ մեր աղքատ հպարտությամբ ու մեր դժվարին ու խորդուբորդ ճակատագրով, ու մենք բանասիրական ու բանաստեղծական մեր կաշվի վրա հստակ զգում էինք, որ հավերժության համեմատ առօրյա բարդություններն ու ճակատագրի մանրմունր հարվածները ոչ միայն անցողիկ ու հույժ ժամանակավոր են, այլեւ՝ միանգամայն քստմնելի ու ամենայն արհամարհանքի արժանի: Բայց դա սկզբում էր, այսինքն՝ օրվա դեռեւս առաջին կեսին, երբ ես ու Հրաչն էդ, ուրեմն, շագանակագույն ջուրն էինք ըմբոշխնում, իսկ օրվա երկրորդ կեսի դեպքերը մեզ հանգամանորեն ու ամենայն մանրամասնությամբ հասկացնել տվին, որ մենք ընդամենը սովորական ճամփորդներ ու մահկանացուներ ենք, ընդ որում՝ մշտապես անդունդի եզրով ճամփորդող ու երերացող մահկանացուներ:
Ես ու Հրաչը մեր երեւակայական սուրճն արտիստաբար վայելելուց ու ըմբոշխնելուց հետո այցելեցինք վրաց բոլոր մեծերի շիրիմներին, այսինքն՝ վրաց պանթեոն, որը նույնպես էդ զբոսայգում էր գտնվում, եւ մենք գլխիկոր ու բավական երկար նստոտեցինք վրաց մեծերի տապանաքարերի մոտ, եւ երբ Հրաչն ասաց, որ էդ վրացի ննջեցյալներն ամենեւին էլ մեծ չեն, ես հակաճառեցի Հրաչին, ասելով, որ երեւի պետք է բնագրով նրանց կարդալ, եւ հակաճառելուս նպատակը ոչ թե վրացիների մեծությունը հաստատելն էր, այլ միայն՝ մեր էդ բանավեճը ձգձգելը, որովհետեւ մենք էդ քաղաքում արդեն որեւէ անելիք չունեինք, եւ եթե ինձ հաջողվեր եւս կես ժամ ձգել մեր էդ բանավեճը, միգուցե մեզ հետ տեղի չունենար այն, ինչ տեղի ունեցավ մոտավորապես կես ժամ հետո:
Ես չկարողացա սպառիչ կերպով Հրաչին ապացուցել վրաց մեծերի իրական մեծություններ լինելը, ու քիչ անց մենք արդեն թենիսի սեղանների մոտ էինք, բայց ոչ թե խաղում էինք, այլ ընդամենը խաղացողներին էինք նայում, իսկ խաղացողները մեր տարիքի վրացի տղերք էին, մեր տարիքի, բայց մեզանից անհամեմատ թիկնեղ տղերք էին, եւ նրանցից ամենաթիկնեղը, որին ընկերները Թամազ էին անվանում, մեջներից ամենաուժեղն էր խաղում ու առանց մեծ ճիգեր գործադրելու հաղթում էր մյուս երեքին, եւ մյուս երեքը Թամազից անընդմեջ պարտվելով՝ հերթով իրար փոխում էին, իսկ Թամազն էդ ողջ ընթացքում իր տեղում անդրդվելի կանգնած էր ու, չնայած իմիջիայլոց ու արհամարհական էր խաղում, հեշտությամբ հաղթում էր եւ, իմ ու Հրաչի կողմ աչքի պոչով նայելով, ինքն իր մեջ ուռում ու ավելի թիկնեղ էր դառնում, եւ, նրա խաղին նայելով, մեջս խաղալու ցանկություն էր հետզհետե առաջանում, բայց իմ ու Հրաչի հնարավորությունները թույլ չէին տալիս գոնե մի ժամով սեղան վերցնել, եւ, չնայած Հրաչն արդեն սկսել էր ինձ համոզել, որ վճարենք ու սեղան վերցնենք, բայց ես ընդդիմանում էի, որովհետեւ ֆունիկուլյորի զբոսայգում թենիսի մեկ ժամն ամբողջ հիսուն կոպեկ արժեր, ու էդ գումարը, հասկանում եք, մեր ընդհանուր բյուջեի մեջ չափազանց շոշափելի ճեղքվածք կառաջացներ, բայց, այդուհանդերձ, Հրաչն ինձ շարունակում էր համոզել, ու վրացի էդ չորս տղերքն արդեն նկատել էին, որ ես ու Հրաչն իրար հետ հայերեն ինչ-որ փսփսում ենք, ու երբ մի քիչ էլ փսփսացինք, Թամազը շրջվեց դեպի մեզ ու առաջարկեց իր հետ խաղալ, եւ, մինչ ես մտմտում էի Թամազի առաջարկության վրա, Հրաչն ինձ վճռականորեն հրեց դեպի թենիսի սեղանը, ու Թամազի առաջարկից անմիջապես հետո պարտված շիկահերն իր ռակետը սուսուփուս դրեց թենիսի սեղանին, իսկ մյուս երկուսը սեղանին չէին մոտենում:
Հրաչն ինձ վճռականորեն հրեց դեպի թենիսի սեղանը, եւ իմ խուսափելն արդեն անհարմար ու անիմաստ էր, ու ես ճարահատյալ վերցրի սեղանին դրված ռակետը, ու «ճարահատյալ» եմ ասում, որովհետեւ ութ տարուց ավելի կլիներ՝ ձեռս ռակետ չէի վերցրել, ու հենց էս տողը գրելիս հիշեցի, որ իմ կենսագրության թենիսին առնչվող հատվածին դուք միանգամայն անտեղյակ եք, որովհետեւ ես էս վեպս սկսեցի ֆուտբոլից ու Մայոյի խմբից, եւ առ էս պահն իմ ու սեղանի թենիսի կապը ձեզ համար միանգամայն անհայտ է, քանի որ ես հինգերորդ դասարանում արդեն հրաժեշտ էի տվել սեղանի թենիսին, «Տռուդ ռեզերվին» ու իմ մարզիչ Գալֆայան Գալուստին, չնայած հենց էդ տարի կրտսեր տարիքի դպրոցականների առաջնությունում արդեն փայլել էի՝ բրոնզե մեդալն ինձնից մեծերից խլելով ու տուն բերելով, ավելի ճիշտ՝ էդ բրոնզե մեդալս ոչ թե ե՛ս տուն բերեցի, այլ իմ մարզիչ Գալֆայանն անձամբ մեր տուն բերեց, քանի որ՝ երրորդ տեղի համար խաղի հենց առաջին սեթում ընկել ու կոտրել էի ձախ թեւս, ու, չնայած հաղթանակը բնականաբար Զաքարյան Էդիկին շնորհվեց, այդուհանդերձ, իբրեւ տուժած, ինձ էլ էդ բրոնզե մեդալից տվին, բայց էդ բրոնզն իմ կոտրած թեւին մխիթարանք չէր, եւ, չնայած աջլիկ էի, ու մի քանի շաբաթում կպած ձախս բացարձակապես չէր խանգարում շարունակել թենիսի պարապմունքներս, բայց մայրս կտրականապես արգելեց, ու ես առանձնապես չընդդիմացա, որովհետեւ հենց էդ նշածս առաջնությունում ֆինալ էին դուրս եկել ինձնից երկու տարով փոքր տղերքը՝ Սարգսյան Ֆելոն ու Բուռնազյան Բագրատը, այսինքն՝ թենիսն ինձ համար այլեւս ապագա չէր, ու դա էին հաստատում նաեւ Գալֆայանի՝ ինձ ուղղված խոսքերը. «Հերիք ա ֆիքստուլանաս, տղա՛ ջան. քու մակարդակի թենիսիստ Չինաստանում հարուր միլիոն հատ կճարվի»:
Ինչ վերաբերում էր Թիֆլիսին ու ընդհանրապես Վրաստանին, ես գիտեի, որ Վրաստանում ինձնից ուժեղ միակ թենիսիստը բաթումցի Սարխոյան Սաքոն էր ու մեկ էլ, երեւի, Ռամազաշվիլին, որն ինձ Երեւանում հազիվ 3:2 հաշվով էր հաղթել, այսինքն՝ էդ թվերին Վրաստանում էդ երկուսն էին, ուրիշ չկար, ու ես, չնայած համարյա ութ տարի ձեռս ռակետ չէի վերցրել, այդուհանդերձ, համոզված էի, որ հեշտությամբ կհաղթեմ Թամազին, որովհետեւ սեղանի թենիսը գրականություն կամ արվեստ չի, որ ինքնուսը պրոֆեսիոնալին հաղթելու շանս ունենա:
Ես քիչ առաջ ասացի, որ ձախս կոտրելուց հետո շուրջ ութ տարի ձեռս ռակետ չէի վերցրել, բայց հիմա հիշեցի, որ Թիֆլիսի էդ Վարդատոնից ընդամենը մի քանի օր առաջ միջբուհական թիմային մրցումներում մանկավարժականի թիմի երրորդ ռակետն էի, որովհետեւ Բուռնազյան Բագրատն ու Անտոնյան Էլմիրան արդեն մանկավարժականի պատմական էին ընդունվել, ու մանկավարժականի մեր թիմը, բնականաբար, մրցակցությունից դուրս էր, ու մենք երեքս էլ մեր հակառակորդների հետ արհամարհական ու իմիջիայլոց էինք խաղում, որովհետեւ, հասկանում եք, ընդհանրապես դիմադրություն չկար: Գալֆայանի ասածի պես ֆիքստուլ-ֆիքստուլ խաղում ու բոլորին հեշտությամբ հաղթում էինք, ու երեքիցս հատկապես ե՛ս էի ինձանից շատ գոհ, որովհետեւ մանկավարժականի մեր մարզադահլիճում մանկավարժականցիներն ու մանավանդ բանասիրականցիները հատկապես ի՛նձ էին շատ ուժեղ «բալետ» անում, ու նրանց մեջ էր նաեւ Աստղիկը, ու ես իրեն առաջին անգամ հենց էդ օրը նկատեցի, ու ինձ համար էդպես էլ գաղտնիք մնաց՝ Աստղիկի սիրահարվելուն խաղացածս թենի՞սն էր ավելի նպաստել, թե՞ գրածս, ուրեմն, էդ առաջին բանաստեղծությունը:
Մի խոսքով, ես համոզված էի, որ Թամազին շատ հեշտ կհաղթեմ, բայց, ի զարմանս ինձ ու մանավանդ Հրաչի, ես առաջին իսկ սեթը տանուլ տվի, իսկ երկրորդն ընդամենը երկու գնդակի տարբերությամբ շահեցի, ու երբ երրորդ սեթն էլ մի կերպ շահեցի, կարմրատակած աժդահա Թամազն ինձ առաջարկեց «ինտերես» խաղալ, այսինքն՝ փողով խաղալ, եւ ինքն էլ գումարը նշանակեց՝ սեթը մի ռուբլի, ու մինչ ես պատասխանս կմտմտայի, նկատեցի Հրաչի շողշողուն աչքերն ու համաձայնվեցի:
Երբ առաջին երեք սեթերն առանց առանձնակի դժվարության շահեցի, Թամազն ու իր ընկերները երեւի մտածեցին, որ սկզբում դիտմամբ թույլ խաղալով՝ Թամազին կուտ եմ տվել, ու դուք էլ երեւի հիմա հենց իրենց պես եք մտածում, իսկ իրականում տեղի էր ունեցել շատ պարզ մի բան. սկզբում ես Թամազի հետ առանց չարության ու անտարբեր էի խաղում, բայց երբ ինքն առաջարկեց «ինտերես» խաղալ, ես կենտրոնացա ու ուժերս ի մի բերեցի այն պարզ պատճառով, որ ես ոչ միայն Թամազին տանուլ տալու իրավունք չունեի, այլեւ տանուլ տալու դեպքում Թամազին տալու փող չունեի, ու հիմա նաեւ մտածում եմ, որ առաջին երեք սեթերի ընթացքում նաեւ ձեռս բացվեց, ու դրանից հետո Թամազն ինձ համար պրոբլեմ չէր: Թենիսի իմաստով, իհարկե:
Ինչեւ. Թամազը ոչ մի անգամ փոքր հաշվից դուրս չեկավ, ու մեր ղումարի երրորդ սեթը տանուլ տալուց հետո առաջարկեց եւս հինգ սեթ խաղալ, ու ես բնականաբար համաձայնվեցի, որովհետեւ ինձ համար արդեն պարզից էլ պարզ էր, որ Թամազը ոչ միայն ինձ հաղթելու, այլեւ մեծ հաշիվ հասնելու որեւէ շանս չունի, եթե, իհարկե, ե՛ս չուզենայի, բայց, այնուամենայնիվ, մեր վերջին սեթի ընթացքում ես ուզեցա, որ Թամազը մինչեւ տասնհինգ հասնի, ու երբ հաշիվը տասնհինգ-տասնհինգ էր, ես վերստին անցա պտտովի պադաչներիս եւ վայրկենապես հաշիվը դարձրի քսան-տասնհինգ, ու հենց էդ պահին Թամազն իր ռակետը շպրտեց ուղիղ վրաս, ու եթե թենիսիստի ռեակցիաս որոշ չափով պահպանված չլիներ, Թամազի ռակետն ուղղակի գլուխս կիսելու էր, ու մինչ ես կգնահատեի իրավիճակը, Հրաչը կատվային ցատկով թռավ ու բռնցքահարեց իրենից երիցս խոշոր Թամազին, ու մենք բնազդաբար ընտրեցինք աստիճաններով դեպի ցած փախուստի միակ հնարավոր ճանապարհը, ու հենց առաջին իսկ աստիճանների վրա ես գայթեցի, ու հենց էդ պահին Թամազն իր ահռելի թաթով ուղղակի ճանկեց ինձ, ավելի ճիշտ՝ Թամազը ո՛չ թե ինձ բռնեց, այլ ընդամենը հասցրեց բռնել վերնաշապիկիս թեւքից, ու իմ բախտից էդ թվերին լեն-լփոշ վերնաշապիկներն էին մոդա, այլապես Թամազը վերնաշապիկիս թեւի փոխարեն ի՛մ թեւն էր պոկելու, եւ, դարձյալ իմ բախտից, ես, գայթելով ու բերանքսիվայր աստիճաններին տապալվելով, թեւուոտս չջարդեցի ու ճարպկորեն ճողոպրեցի Թամազի ճանկերից՝ վերնաշապիկիս թեւքն ամբողջովին թողնելով Թամազի բռի մեջ, ու, մինչ վերջնականապես կճողոպրեի, Թամազի ճանկերում անսպասելիորեն հայտնվեց իր սլացքը դադարեցրած ու իմ պատճառով հետ վերադարձած Հրաչը, ու, մինչ Թամազը Հրաչով կզբաղվեր, մյուս երեքն անխոնջ ու սրտանց սկսեցին ինձանով զբաղվել, ու հենց էդ պահին բնազդաբար ու հիմարաբար գոռացի՝ տՏՎՏչՌՑպ, ու էդ գոռոցիցս մի քանի ակնթարթ անց արդեն բոլորս վրացական միլիցիայի շուրջկալի մեջ էինք, ավելի ճիշտ՝ շուրջկալի մեջ հայտնվեցինք չորսս՝ ես, Հրաչը, Թամազն ու շիկահերը, իսկ մյուս երկուսը հաջողացրին ճողոպրել: Էնպես որ, մենք չորսով մնացինք հինգ միլիցիոներների շուրջկալի մեջ, եւ միլիցիոներներից մեկը Թամազին վրացերեն ինչ-որ բան ասաց, ու էդ վրացերեն բառերի շարանի մեջ ես միայն «Թամազ» բառը հասկացա ու հասկացա նաեւ, որ Թամազը միլիցիոներների կողմից լավ էլ ճանաչված է, ու շատ չանցած՝ մենք արդեն ֆունիկուլյորի զբոսայգու միլիցիայի բաժանմունքում էինք, եւ երբ Հրաչն ինձ ասաց՝ «ոտով-գլխով քաշվանք», մեզ շուրջկալած միլիցիոներներից չաղը մեզ շուրջկալած միլիցիոներներից ամենանիհարին ասաց. «Տվայի զեմլյակի, Սերգո՛»:
Մեր հայրենակից Սերգոն ինձ ու Հրաչին տարավ կողքի սենյակ, Թիֆլիսի ակցենտով հետներս ահագին հայերեն խոսեց, ու մենք, մեր ուսանողական տոմսերը ցույց տալով, իրեն հայերեն մանրամասն ու ծայրեծայր պատմեցինք մեր գլխին եկածը՝ ընդհուպ պուրիներն ու կիլկիները, եւ միայն մի մանրամասն թաքցրինք մեր զեմլյակ Սերգոյից. իրեն չասացինք, որ Թամազի առաջարկությամբ փողի վրա ենք թենիս խաղացել, եւ դա լուրջ հիմք էր, որ իմ ու Հրաչի թախանձագին աղաչանքներից հետո Սերգոն նաեւ Թամազին ու շիկահերին ազատ արձակեր, ու երբ մենք միլիցիոներներից ներողություն խնդրելով ու նրանց շնորհակալություն հայտնելով՝ չորսով միասին բաժանմունքից դուրս եկանք, արդեն մութ-մութ էր, բայց էնքան մութ չէր, որ ես չնկատեի Թամազի երախտապարտ հայացքն ու ինձ մեկնած տասանոցը՝ փաստորեն իր տանուլ տվածից մի բան էլ ավել, եւ երբ ես դեպի իրեն հրեցի իր մեկնած տասանոցը, Թամազը նույն այդ տասանոցն արդեն մեկնեց ֆունիկուլյորի տոմսավաճառին, եւ երբ տոմսավաճառը մանր փող պահանջեց, Հրաչը գրպանից մեր վերջին կամ նախավերջին մանրերը հանեց, բայց Թամազը չթողեց, որ Հրաչը վճարի, եւ, մինչ Հրաչը կհամառեր, շիկահերը գրպանից ռուբլիանոց հանեց եւ, տոմսավաճառից ստանալով մեր տոմսերը, մեզ առաջնորդեց ֆունիկուլյոր, եւ ողջ մեր վայրէջքի ընթացքում մենք լուռ էինք, որովհետեւ չգիտեինք՝ ինչ խոսենք, եւ երբ ֆունիկուլյորի մեր վագոնից դուրս եկանք ու արդեն ի նշան հրաժեշտի՝ միմյանց ձեռք էինք սեղմում, Թամազը՝ նկատելով անթեւ, ավելի ճիշտ՝ միթեւանի վերնաշապիկս, նախ ի՛ր վերնաշապիկն ուզեց հագից հանել, հետո երեւի հասկանալով, որ իրենն ինձ վրա շատ մեծ կլինի, շիկահերի ականջին վրացերեն ինչ-որ բան շշնջաց, ու շիկահերն անմիջապես իր վերնաշապիկը հանեց ու մեկնեց ինձ, ու էդ ամենն էնքան արագ ու էնքան բնական ստացվեց, որ նույնիսկ մտքովս չանցավ հրաժարվել, եւ երբ արդեն իմը հանել ու շիկահերի վերնաշապիկն էի հագել, Թամազն իր ահռելի թաթն ուսիս դնելով՝ «Շատ ա սազում, ինչքան չըլնի՝ էրկուսդ էլ կյաժ եք»,- ասաց ու նորից գրպանից հանեց տասանոցը. «Վերցրո՛ւ. կրածդ փողն ա»:
Ես ու Հրաչն, իհարկե, չվերցրինք Թամազի տասանոցը, ու երբ Թամազը մեզ հիշեցրեց, որ մեր փողերը հյուրանոցում գողացել են, Հրաչն ասաց, որ էդ փողերի ողջ պատմությունը մենք հորինեցինք, որպեսզի մեր զեմլյակ Սերգոյի մեջ խղճահարություն առաջացնեինք, ու երբ էդ ձեւով Թամազին նորից տասանոցը գրպանը դնել տվինք, ինքը մեզ հրավիրեց խինկալի ուտելու, բայց մենք հրաժարվեցինք, ասելով, որ հյուրանոցում մեր ընկերները մեզ են սպասում, ու մենք շատ ջերմ հրաժեշտ տվինք իրար, եւ, իհարկե, շիկահերի կարմիր վանդակավոր վերնաշապիկը մնաց իմ հագին, ու էդ վանդակավոր վերնաշապիկը հատկապես եմ հիշում, որովհետեւ էդ նույն տարվա հոկտեմբերի վեցին հենց էդ վանդակավոր վերնաշապիկով ժամադրության գնացի, ու Աստղիկն էլ էր էն կարծիքին, որ էդ վերնաշապիկն ինձ շատ է սազում:
Այսուհանդերձ, ես իմ ու Հրաչի Թիֆլիսի էս ու մյուս պատմությունները երեւի չհիշեի ու ձեզ էլ չպարտադրեի, եթե ութսունհինգի ապրիլին Մոսկվայում, ուր ես սովորում էի Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներում, հենց մեր Դոբրոլյուբովի հանրակացարանի հանգստի սենյակում հեռուստացույցի մեջ չտեսնեի հաղթանդամ Թամազին: Յոթ-ութ միլիցիոներներ կախվել էին Թամազի թեւերից, եւ ուրիշ չորսն էլ հետեւից ու առջեւից կալաշնիկովները պահել էին ուղիղ Թամազի վրա, եւ եթե հաղորդավարը մի քանի անգամ չշեշտեր, որ Մոսկվայում ձերբակալվել է օրենքով գող Թամազ Կորիձեն, ես երեւի ուշադիր չնայեի ու տեղը չբերեի Թամազին, որովհետեւ էդ պահին ես ռուսների ջրերն ընկած՝ դոմինո էի խաղում, եւ երբ Թամազին տեսա ու ճանաչեցի, մի պահ նստածս տեղում քարացա ու երեւի նաեւ սփրթնեցի, եւ երբ իմ համակուրսեցի Սանյա Ռոդիոնովը դեմքիս նայելով ասաց՝ «Արմեն, քե՞զ ինչ էղավ»,- իմ մյուս համակուրսեցի Սաշա Սոկոլովն ասաց. «Ի՞նչ պիտի լինի. երեւի իր զեմլյակների համար է ամաչում. ինչքան չլինի՝ ի՛նքն էլ է, չէ՞, լիցո կավկազսկոյ նացոինալնոստի»:
Էդ պահին ես իրենց հետ դոմինո էի խաղում, որովհետեւ ես իրենց դոմինոն ավելի թեթեւ էի տանում, քան՝ հետները խմելը, բայց մենք դոմինո հիմնականում Սոկոլովի հետ էինք խաղում, որովհետեւ, նախ, ինքն այլ խաղ չգիտեր, եւ երկրորդ՝ Սոկոլովին խաղասենյակում մի քանի ժամով զբաղեցնելը, փաստորեն, սուրբ գործ էր, քանի որ էդ ընթացքում մեր կուրսի տղերքը պահակին մանեթանոց տալով՝ հանգիստ կարող էին աղջիկ-մաղջիկ բարձրացնել սենյակ, ու էդ մասին ոչ ռեկտորատում որեւէ մեկը կիմանար, եւ ոչ էլ՝ կուսկոմիտեում, այսինքն՝ մեր կուրսի ոչ բարով ավագ Սոկոլով Սաշան մեր թաղային լիազոր Խունկիանոսի պես ամբողջ օրվա իր աչքի տեսածն ու մի բան էլ ավելի գրի առնում ու ներկայացնում էր համապատասխան ինստանցիաներ, ու մենք բոլորս, ճիշտ է, կատաղում էինք, բայց անկարող էինք որեւէ բան անել, բացի, ուրեմն, իրեն դոմինոյով զբաղեցնելուց, մինչդեռ Ռոդիոնով Սանյան էն կարծիքին էր, որ ավելի լավ է Սոկոլովը մատերիալ գրի, քան՝ բանաստեղծություն, եւ պերեստրոյկայի ու գլասնոստի էդ առաջին օրերին Սոկոլովն էդպես էլ անում էր ու հիմնականում նացմեններիս վրա էր գրում ու էդ օրերին իրեն ոչ թե հավատավոր կոմունիստ, այլ արդեն ազգայնական ու սեւհարյուրակային էր երեւակայում, որովհետեւ էդ օրերին ռուսներն ու մանավանդ Սոկոլովը դեռեւս ոգեւորված էին Գորբաչովով, ու Սոկոլովն էլ ժամանակավորապես դադարեցրել էր ռուսների վրա գրելն ու հիմնականում այլազգիներով էր զբաղվում ու մեզ համար արդեն շատ վտանգավոր էր դառնում, եւ հիմնականում դա էր պատճառը, որ երբ Թամազի հետ կապված իմ մասին ասաց՝ «ինքն էլ է լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի», ես ինձ զսպեցի ու դոմինոյի քարերը չշպրտեցի Սոկոլովի ճակատին եւ խաղասենյակից ու ընդհանրապես հանրակացարանից դուրս գալով՝ մտա մոտակա եկեղեցի ու Թամազի համար մի հատ մեծ մոմ վառեցի եւ Թամազի համար մինչեւ կեսգիշեր ու դրանից էլ հետո զանազան բառեր ու խոսքեր էի մրմնջում՝ մեր ընդհանուր Աստծուց Թամազի համար որեւէ փրկություն աղերսելով:
Ես էդպես էլ չիմացա, թե իմ խոսքերն ու իմ վառած մոմն ինչքանով օգտակար եղան Թամազի համար, բայց էդ գիշեր ես մինչեւ լույս արթուն մնացի, որովհետեւ եկեղեցում ծանոթացա հավատացյալ Անուշկայի հետ, ու մենք երկուսով մինչեւ լույս թրեւ եկանք եկեղեցու եւ մեր հանրակացարանի շրջակայքում, բայց Դոբրոլյուբովի ու Ռուսթավելու հատման կետում գտնվող մեր հանրակացարանի դուռն էդ գիշեր մեր առջեւ չբացվեց, որովհետեւ արդեն գիշերվա չորսի կողմերն էր, ու մեր պահակ Աֆանասին շատ խորն էր քնել, եւ դա, միգուցե, Աստծո կամքով էր:
Այստեղ արդեն զգում եմ, որ պարտավոր եմ վերադառնալ բուն նյութիս: Չէի ասի, թե բուն նյութից իմ էս շեղումները պարտադիր էին, բայց միգուցե ցանկալի էին, որովհետեւ ինքներդ վկա եք, որ խոսքս խոսք բերեց, ու իմ էս շեղումներն էլ ինքնաբերաբար ստացվեցին. ես նկատի ունեմ ոչ միայն Անուշկային ու Աֆանասիին, ոչ միայն Ռոդիոնով ու Սոկոլով Ալեքսանդրներին, այլեւ առաջին հերթին Թամազին եւ իմ ու Հրաչի բազմաբովանդակ Թիֆլիսը, որովհետեւ, եթե հիշում եք, ես, պատմելով ու առաջանալով, եկել ու արդեն հասել էի բանակ գնալուս օրվան՝ ընդհուպ «Մասիս» կայարան ու արագիլների թափուր բները, եւ երբ «Մասիսից» սկսած՝ մեզ ուղեկցող սպաներն արդեն Ադրբեջան, Բաքու եւ մեզ համար անհասկանալի Նասոսնի բառերն էին միայն հոլովում, ես ինքնաբերաբար ու երանությամբ հիշեցի իմ ու Հրաչի բազմաբովանդակ Թիֆլիսը, ընդ որում՝ խիստ չափավոր ու մասամբ հիշեցի, ընդամենը՝ մեր փողերի, Սոֆիկոյի ու նաեւ Թամազի մասերով, եւ իմ ճաշակավոր ընթերցողը, հուսով եմ, կհասկանա ու կների ինձ իմ էս ժամանակային ու ժամանակավոր թռիչքների համար էն պարզ պատճառով, որ, համոզված եմ, իմ ճաշակավոր ընթերցողը պիտի որ սրանից է՛լ ավելի անկապ վեպեր կարդացած լինի, եւ ես բնավ նկատի չունեմ Մարկեսի կամ Ֆոլկների գրվածքները, որտեղ բովանդակային ու ժամանակային ցանկացած թռիչք ու շեղում միանգամայն արդարացված ու հիմնավորված են, ու եթե իմ էս թռիչքներն ու շեղումներն էլ հաճախակիանան, միգուցե դրանք արդարացնող ու հիմնավորողներ էլ ձեր շարքերում գտնվեն, մանավանդ որ՝ ձեր շարքերում գիտեմ ու ճանաչում եմ նրանց, ում կարծիքով ես բավական հետաքրքիր պատմող եմ, եւ անձամբ իրենք են անձամբ ինձ էդ մասին ասել, բայց պատմելու առիթն, ահա, ներկայացել է, ու, ինչպես տեսնում եք, չեմ զորում համբերությամբ ու հերթականությամբ պատմել ու շարադրել:
Երբ «Մասիս» կայարանն ու արագիլների թափուր բներն անցանք, եւ երբ մեզ ուղեկցող սպաները վերջնականապես կանգ առան Ադրբեջանի, Բաքվի ու հատկապես Նասոսնիի վրա, զինակոչիկներիցս ամենաակտիվն ու ամենաճարպիկը գրպանից հանեց խաղաթղթերն ու առաջարկեց «Բլոտ» խաղալ:
Ես իսկույն տեղավորվեցի ամենաճարպիկի դեմդիմաց, իսկ մեր դեմ որպես հակառակորդ նստեցին երկու ուրիշ զինակոչիկներ, եւ, ինչպես քիչ անց պարզվեց, զինակոչիկների մեջ «բլոտ» իմացողներն ու խաղալ ցանկացողները շատ չէին, ինձնից ու ամենաճարպիկից բացի՝ եւս երկու զույգ, եւ երկու զույգերն իրար շարունակ փոխում էին, որովհետեւ ամենաճարպիկն անսխալ էր խաղում, ու ես էլ պակաս չէի խաղում, քանի որ, եթե հիշում եք, արդեն անցել էի Ժամհարյան Խչոյի ու Լենուղու «Բլոտի» դպրոցը:
Երբ երկու զույգերը մի քանի անգամ պարտվեցին, եւ անպարտելի մնացինք միայն ամենաճարպիկն ու ես, ամենաճարպիկը «Բլոտի» խաղաթղթերից մանրերը ջոկելով ու հանելով՝ ասաց. «Հիմի «Սեկա» ենք խաղում. փողո՛վ»:
Առաջինը նստեցինք ամենահամարձակներս, եւ քիչ անց խաղը տաքացավ ու թեժացավ, եւ երբ որոշ ժամանակ անց մեր գրպանների ամենավերջին կոպեկներն էլ հայտնվեցին ամենաճարպիկի գրպաններում, ամենաճարպիկը ներկայացավ. «Ես սարիթաղցի Պարգեւն եմ: Ծանոթանա՛նք: Ավարտել եմ ֆիզկուլտի բոքսի բաժինը»: Հետո ներկայացանք ես, արեշցի Ստյոպը, կիրովաբադցի Վալոդը, ազատանցի Վալոդը եւ վերջում՝ աժդահա Վալերը, որը ոչ միայն Պարգեւի պես սարիթաղցի էր, այլեւ Պարգեւի պես ավարտել էր ֆիզկուլտի բոքսի բաժինը, բայց, ի տարբերություն Պարգեւի, գերծանր քաշային էր:
Ստյոպն ու ազատանցին մեր մանկավարժականից էին, ու, թեպետ իրար անձամբ չէինք ճանաչում, դեմքով տեղը բերի իրենց։ Կիրովաբադցին կոնսերվատորիայից էր, այսինքն՝ մենք վեցս էլ մի պրիզիվ էինք ոչ միայն էն առումով, որ միասին էինք բանակ գնում, այլեւ էն իմաստով, որ ինստիտուտից հետո մի տարի ծառայելով՝ միասին էլ հետ էինք վերադառնալու մեր տները։ Բայց, նախքան տուն վերադառնալը, մենք նախ պիտի ծառայեինք, եւ, ի տարբերություն սարիթաղցի բռնցքամարտիկներ Պարգեւի ու Վալերի, մեր չորսիս ծառայությունն արդեն իսկ չափազանց անհաջող էր սկսվում, քանի որ՝ մեր ծնողների ու ազգականների փողերն արդեն սարիթաղցի Պարգեւի գրպանում էին, եւ, չնայած Վալերն ընդհանրապես մեզ հետ «Սեկա» չէր խաղացել, բայց, ըստ ամենայնի, Պարգեւի հետ օրթախ էր։