Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 11-18-ը Ազգային գրադարանային շաբաթ է

Մարտ 26,2005 00:00

Միջոցառումներ նաեւ մարզերում

Արդեն չորրորդ տարին է՝ «Հայկական գրադարանային ասոցիացիան» ապրիլին կազմակերպում է «Ազգային գրադարանային շաբաթ» (ԱԳՇ) մեծամասշտաբ միջոցառումը, որին մասնակցում է Երեւանի եւ հանրապետության քաղաքային, մարզային, մանկական, դպրոցական եւ այլ կարգավիճակ ունեցող ավելի քան 100 գրադարան: Նպատակն է գրքի եւ ընթերցանության դերի կարեւորումը ընթերցողների շրջանում:

Այս տարի Գրադարանային շաբաթը կանցկացվի ապրիլի 11-18-ը՝ Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի խորագրի ներքո՝ ՀՀ մշակույթի, կրթության նախարարությունների, Հայկական գրադարանային ասոցիացիայի համատեղ ուժերով: Այն նվիրված է մանուկ եւ դպրոցահասակ ընթերցողներին, կրում է «Մեր ապագան կարդացող երեխան է» նշանաբանը: Բացման արարողությունը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանում: Նույն օրը Ազգային գրադարանում կբացվեն մի շարք ցուցահանդեսներ՝ նվիրված Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին: Իսկ գրադարանի «Վերնատուն» սրահում կգործի «Հայ կոմպոզիտորները մանուկներին» ցուցահանդեսը, ուր կնշվի կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի ծննդյան 70 -ամյակը: Հատկանշական են ապրիլի 12-ին Լոռու եւ Արմավիրի մարզային գրադարաններում կազմակերպվող միջոցառումները՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին: Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում այդ օրը նախատեսված է հանդիպում տարվա հոբելյար գրողների՝ Զորի Բալայանի, Արեւշատ Ավագյանի, Ռազմիկ Դավոյանի եւ այլոց հետ, ինչպես նաեւ Երեւանի արվեստի դպրոցի սաների աշխատանքների՝ «Հայաստանն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես: Սյունիքի մարզային գրադարանում տեղի կունենա բանավեճ՝ «Ինչ է գիրքը ինձ համար» թեմայով: Գրադարանային ոլորտի աշխատողների ուշադրությունից դուրս չի մնացել նաեւ Ավ. Իսահակյանի հոբելյանը, բանաստեղծի ծննդյան 130-ամյակի առթիվ ապրիլի 12-ին միջոցառում է նախատեսել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, իսկ ապրիլի 13-ին՝ Արմավիրի մարզային գրադարանը՝ «Բանաստեղծական խոսքի մեծ ճարտարագետը» խորագրով:

Ապրիլի 13-ին Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում կկայանա ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում՝ դաս-պարապմունք՝ «Էլեկտրոնային գիրքը մեր կյանքում», Հանրապետական գիտաբժշկական գրադարանում՝ «Երեխան եւ ընթերցանությունը բժշկական եւ հոգեբանական տեսանկյուններից» թեմայով քննարկում: Գյումրիի «Հույս» մանկատան երեխաների եւ մանուկ ընթերցողների համար ապրիլի 15-ին տեղի գրադարանների կենտրոնացված համակարգը կկազմակերպի մուլտի թատրոն՝ «Երեք խոզուկները», Արմավիրի մարզային գրադարանը՝ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125- ամյակին նվիրված՝ շնորհալի նկարիչ երեխաների ցուցահանդես՝ «Մեծ վրձնի վարպետը»: Ապրիլի 16-ին Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կկազմակերպի միջոցառում՝ «Ամեն մեկը մի անմար կանթեղ» խորագրով, իսկ ապրիլի 17-ին՝ Արմավիրի մարզային գրադարանը՝ հաղթանակի 60-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Հայրենական մեծ պատերազմի հայ զորավարները»: Ազգային գրադարանային շաբաթի պաշտոնական փակումը տեղի կունենա Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ ապրիլի 18-ին:

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել