Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ զատիկ. Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարություն

Մարտ 26,2005 00:00

– Քրիստոս յարեաւ ի մեռելոց: – Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երեւացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» /Ղուկ. ԻԴ 4-9/: Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երեւում է նրանց:

Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը այն հուսադրիչ եւ կենսատու լուրն է, որ տարածվում է մինչեւ այսօր աշխարհի չորս կողմերում:

Սուրբ Հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաեւ Զատիկ: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթեւացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատիկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակն է աշխարհի, եւ ինչպես իմաստուններն են ասում, «կեղեւը երկինքն է, թաղանթը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը, դեղինն էլ երկիրն է»: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:

Զատկի խորհուրդը նույնն է համայն քրիստոնյաների համար: Սակայն այն նշում եւ նրան նախապատրաստվում են յուրովի: Կաթոլիկներն, օրինակ, կոպտություն են համարում ներկած ձուն կռվացնել-կոտրելը: ԱՄՆ-ում Զատկի տոնը հատկապես սիրում են երեխաները: Զատիկն իր մեջ վերածննդի խորհուրդ ունի, եւ այստեղ ընդունված է երեխաների համար այդ օրը նոր շորեր գնել, որպեսզի հենց այդ շորերով երեխաները գնան եկեղեցի՝ պատարագի: Ընդ որում՝ տղա երեխաները անպայման կոստյում են հագնում:

Զատիկից մեկ օր առաջ ձու ներկելու արարողությունն է լինում, ընդ որում դրանք պետք է ներկեն անպայման երեխաները՝ հատուկ ներկերով: Այնուհետեւ, Զատիկի օրն այդ ձվերն անսպասելի անհետանում են: Ծնողները դրանք թաքցնում են իրենց բակի տարբեր մասերում, իսկ երեխաները պետք է փնտրեն ու գտնեն: Սա կոչվում է «egg hunt»՝ ձվերի որս: Ձվերի հետ լինում են նաեւ շոկոլադե կոնֆետներ՝ ձվի, ճագարի, ճուտիկի տեսքով: Հետո հաշվում են՝ թե ով է ավելի շատ ձու ու կոնֆետ գտել: Ի դեպ, ճագարը Զատկին նույն նշանակությունն ունի, ինչ Ձմեռ պապը՝ Նոր տարվա տոնին: Իսկ ավանդույթը հետեւյալն է: Սովորույթի համաձայն, երբ մի կին իրենց բակում թաքցրել է ձվերը մի բնի մեջ եւ երեխաները սկսել են փնտրել, հանկարծ մի ճագար է փախել այդ բնից՝ կարծես երեխաներին հուշելով թաքստոցի տեղը: Այդ օրն ընդունված է շոկոլադե ճագարներ նվիրել միմյանց:

Մեզ մոտ այս տարի մանկապարտեզներում նույնիսկ կազմակերպվում են հանդեսներ՝ Զատկի օրվա կապակցությամբ: Արաբկիր համայնքի մի քանի մանկապարտեզներում արված մեր հարցումների արդյունքում պարզեցինք, որ տոնը նշվել է երեկ՝ ուրբաթ օրը: Երեխաներն իրենց հետ բերել են տոնի հետ կապված զանազան պարագաներ՝ ճուտիկներ, աճեցրած ցորեն, մոմեր, կոտրել են ներկած ձվերը: Իսկ դաստիարակներն էլ նախապես երեխաներին ծանոթացրել են Զատկի խորհրդին ու Աստվածաշնչյան համապատասխան տողերն անգիր սովորեցրել իրենց սաներին:

Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել