Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ԳՈՂԸ ԳՈՂ Չ՞Է

Մարտ 26,2005 00:00

Կրկին հեղինակային իրավունքի մասին

Պատկերացրեք մի ապրանք, որից օգտվում է երկրի քաղաքացիների զգալի մասը։ Ի՞նչ կարելի է ասել այդ ապրանքի արտադրողի կամ մատակարարողի ֆինանսական հնարավորությունների մասին։ Օրինակ, եթե խոսքը հացի մասին է կամ բենզինի, կամ հեռախոսագծերի, կամ ծխախոտի։ Նույնիսկ, եթե տվյալ ոլորտր մենաշնորհային չէ, դժվար չէ պատկերացնել, թե ինչ գումարների մասին կարող է խոսք լինել։ Իսկ ի՞նչ կասեք, եթե պնդեմ, որ կա համազգային սպառման մի այնպիսի արտադրանք, որի մենաշնորհային արտադրողն ու վաճառողը մշտապես մտահոգված են առօրյա նյութական հոգսերով։ Շատերը կդժվարանան ասել, թե այդ ո՞ր արտադրանքի մասին է խոսքը։

Պատասխանեմ, խոսքը տառատեսակներին է վերաբերում։ Այո, հենց այն առարկային, առանց որի անհնար է գրքերի, լրագրերի, պետական գրագրության, գովազդների, ցուցանակների եւ այլ տեսակի գրավոր նյութերի պատրաստումը։ Երկրում կան բազմաթիվ հրատարակչություններ, հարյուրավոր լրատվական միջոցներ, ամսագրեր, հեռուստաալիքներ, տասնյակ գովազդային ընկերություններ։ Եվ սրանք բոլորը իրենց գրությունները իրագործելու համար գործածում են հայերեն տառատեսակներ։ Յուրաքանչյուրը առնվազն մեկը, հաճախ էլ՝ երկուսը, երեքը եւ ավելին։ Փորձենք շատ մոտավոր մի հաշվարկ կատարել։ Տառատեսակի շուկայական միջին գինը մոտ տասը հազար դրամ է։ Բազմապատկելով առնվազն 10.000 կազմակերպությունը (անհատներին դեռ չենք հաշվում) 10.000 դրամով՝ կստանանք 100.000.000 դրամ (հարյուր միլիոն դրամ կամ մոտ 200.000 (երկու հարյուր հազար) ամերիկյան դոլար։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում կան հայերեն տառատեսակների ստեղծմամբ զբաղվող հազիվ մի քսան հեղինակ, իսկ մշտապես այդ գործով զբաղվողների թիվն էլ ավելի քիչ է, ապա տառատեսակներ ստեղծողների թվում պիտի լինեին տարեկան շուրջ 50 հազար դոլարի եկամուտներ ունեցող անձինք։ Կա՞ն արդյոք նման անհատներ։ Պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ։ Եվ չկան շատ պարզ պատճառով. քանի որ, բացառությամբ մի քանիսի, տառատեսակներ սպառող բազմաբյուր կազմակերպություններից գրեթե ոչ մեկը օրինական ճանապարհով տառատեսակներ ձեռք չի բերում։ Այսինքն՝ ձեռք է բերում ԳՈՂՈԻԹՅԱՆ ճանապարհով։

Ցանկացած գրագետ իրավաբան կասի. «Իսկ ո՞վ է մեղավոր, պաշտպանեք ձեր իրավունքները, դիմեք դատարաններ»։ Հարց չկա, կարող ենք եւ դիմել. փառք Աստծո, նման փորձ էլ է արվել։ Արդյունքր զրոյական է։ Եվ առհասարակ, երբ տառաստեղծը փորձում է պաշտպանել իր հեղինակային իրավունքները, ապա ամենատարածված արձագանքը դիմացինի զարմանքն է լինում՝ ի՞նչ հեղինակային իրավունք, հայոց տառերը Մեսրոպ Մաշտո՞ցը չի ստեղծել։ Այն, որ այդ տառերը կարելի է բյուրավոր ձեւերով պատկերել՝ գեղեցիկ կամ տգեղ, ընթեռնելի կամ ոչ, նյութին համահունչ եւ անկապ, գրագետ կամ անգրագետ եւ այլն, շատերի մտքով էլ չի անցնում։

Երկրորդ բարդությունը անօրինական գործածողի միամիտ կեցվածքն է. ես ի՞նչ իմանայի, որ տառատեսակի համար պետք էր ինչ-որ մեկին վճարել, իմ համակարգչի մեջ այն միշտ էլ կար (կամ՝ ես այն վերցրել եմ ցանցից, այնտեղ ազատ դրված էր, ես էլ քաշեցի)։ Ինչ վերաբերում է «ազատ դրածին», ապա քաղաքի փողոցներում կան բազմաթիվ «ազատ դրված» ավտոմեքենաներ, սակայն դրանց «ազատ» լինելը ոչ մեկին չի մոլորեցնում։ Բայց մեր՝ համակարգչից օգտվողների ճնշող մեծամասնության համար աննկատ է անցնում այն հանգամանքը, որ այն ծրագրերը, որոնք կյանք են հաղորդում սարքերին, նույնպես փող արժեն, քանի որ դրանք ինչ՟որ մարդիկ ստեղծել են՝ ծախսելով դրա վրա ժամանակ եւ ջանք։ Դեռ ավելին։ Եթե մեր շուկայում վաճառվող միջին համակարգիչը արժե մոտ 6-7 հարյուր դոլար, ապա դրանցում տեղադրված ծրագրային նվազագույն կազմը (MS Windovs գործավար համակարգը եւ MS Ofice փաթեթը), առանց որոնց համակարգիչը սոսկ անիմաստ մետաղակույտ է, արժե մոտավորապես նույնքան։

Կարող են առարկել, թե մեր գնորդները աղքատ են եւ ծրագրերի օրինական ձեռքբերումը մեր «գրպանով» չէ, եւ դրանից բացի, դա կնշանակի հարստացնել արեւմտյան՝ առանց այն էլ հարուստ ընկերություններին։ Սակայն սա անընդունելի փաստարկ է։ Նախ, գողությունը մնում է գողություն՝ անկախ նրանից, թե գողը աղքատ է, թե հարուստ։ Երկրորդ՝ գեղեցիկ բան չէ ուրիշների գրպանների պարունակությունը հաշվելն ու որոշելը, թե ո՞վ է հարուստ եւ ո՞վ՝ ոչ։ Եվ մեզ միայն թվում է, թե գողանալով այդ ծրագրերը մենք ինչ-որ բա՞ն ենք շահում։ Օրինակ, մենք մինչեւ այսօր չունենք այդ բոլոր ծրագրերի կատարյալ հայերեն օժանդակում։ Հայտնի ծրագրային փաթեթներում հայերեն աշխատելու համար մենք ստիպված ենք հնարքներ բանեցնել, «խաբել» համակարգերը՝ ստիպելով դրանց (սովորաբար ոչ այնքան հաջող կերպով) հայերեն աշխատել։ Սա էլ մեր գողության գինն է. ի՞նչ է, մենք սպասում էինք, որ պիտի կողոպտենք ծրագրային ընկերություններին, իսկ նրանք, որպես երախտիք, պիտի թարգմանեն իրենց արտադրանքը հայերե՞ն։

Կամ, ասում եք՝ դիմիր դատարան։ Լավ։ Օրինակ, հայկական դրամանիշների վրա (տե՛ս նկարը) կիրառված են հենց իմ տառատեսակները։ Պատասխանե՛ք, հարգելի իրավաբաններ, ես ո՞ւմ դեմ պիտի դատական հայց ներկայացնեմ՝ Ֆինանսների նախարարությա՞ն, Կենտրոնական բանկի՞։ Իսկ գուցե ձեւավորողի՞: Առհասարակ, մեկ թղթադրամի ինքնարժեքը մոտ 10 եվրոցենտ է։ Եթե ընդունենք, որ տպագրվել է, օրինակ, 100 միլիոն թղթադրամ, նշանակում է դրա համար տպագրող ընկերությանը (որն, իհարկե, Արեւմուտքում է) վճարվել է մոտ 10 միլիոն եվրո։ Արդյո՞ք այդ գումարից չպետք է վճարվեր կիրառված տառատեսակների դիմաց գոնե մի խորհրդանշական գումար, ինչո՞վ եմ ես եվրոպական այդ տպարանից վատ։

Իսկ եթե իմ տառատեսակները Սոցիալական քարտերի ձեւավորման մե՞ջ են կիրառված կամ կադաստրային վկայականների վրա՞։ Արդյո՞ք դա տրամաբանական է, երբ ես, որպես քաղաքացի, վճարում եմ իմ գույքի վկայականի համար, իսկ Կադաստրը ինձ չի վճարում ի՛մ ծառայության դիմաց, որը ես մատուցել եմ իրե՛ն։ Ո՞ւմ ես պիտի պատասխանատվության կանչեմ ա՛յս դեպքում։

Այստեղ ես հատուկ առանձնացրել եմ միայն պետական կարեւոր փաստաթղթերի օրինակները։ Բնական եւ հանքային ջրերի պիտակները, գրքերը, դասագրքերը եւ այլ ապրանքները, ձեւավորվում են իմ տառատեսակների կիրառմամբ, որոնք ունենալով գովազդային բնույթ՝ բյուրավոր դոլարներ են բերում իրենց տերերին, սակայն նույնիսկ մեկ պրոմիլլեի չափով չեն հատուցում դրանց վրա ծախսած ի՛մ ջանքերը եւ ժամանակը, որն ինչպես գիտենք՝ փող է։

Երբեմն ընկերական միջավայրում ես ինձ անվանում եմ կողոպտված միլիոնատեր։ Ընդ որում, այնքան վարպետորեն կողոպտված, որ ինձ հասանելիքը գոնե մի պահ չի հայտնվել իմ ձեռքում։

Այս մասին կարող եմ խոսել անվերջ, բայց, կարծում եմ, անհրաժեշտ է ավարտել հոգուս այս ճիչը։ Ինչո՞ւ եմ ես սա գրել։ Դժվար է ասել։ Մասամբ նրա համար, որ տարիներ անց չկշտամբեմ ինքս ինձ, թե այս ճարահատ միջոցին չեմ դիմել։ Ո՞րն է ակնկալիքս։ Գուցե այն, որ հույս ունեմ, թե մի բարձրագույն պաշտոնյա կամ պարզապես ազդեցիկ մարդ կհասկանա խնդրի կարեւորությունը եւ կզբաղվի տառատեսակների (եւ առհասարակ, համակարգչային ծրագրերի) հեղինակային իրավունքի խնդիրներով։ Գուցե կգտնվի մի որեւէ գործարար, որը կցանկանա համագործակցել ինձ հետ՝ զբաղվելով իմ արտադրանքի վաճառքով եւ պաշտպանությամբ։ Իսկ մասամբ էլ գրում եմ պարզապես արտահայտվելու համար. ի վերջո, այս մասին ազգը պիտի մտածի, այս մասին պիտի խոսվի։ Գողությունը պիտի հայտարարվի բարոյականությունից դուրս՝ անկախ գողության տեսակից։ Թե՞ պիտի շարունակենք մխիթարվել այն մտքով, որ գրքի գողր գող չէ։

ՌՈՒԲԵՆ ԹԱՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել