Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂՋԻԻ «ԶԻՄԶԻՄՈՎԻ» ՎԵՐՋՆ ԵԿԵԼ Է

Մարտ 26,2005 00:00

Շիրակի մարզպետարանը եւս համոզվեց, որ այստեղի գյուղապետը իր պաշտոնավարման ընթացքում միայն «քեֆ է քաշել»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ամասիայի շրջանի Ողջի գյուղի բնակիչներն ու ավագանին հրապարակայնորեն մեղադրում են իրենց գյուղապետ Սարգիս Ավագյանին՝ գյուղի ունեցվածքը «աջ ու ձախ յուրացնելու», բազմաթիվ կեղծիքներ կատարելու եւ իրենց բացահայտորեն արհամարհելու մեջ: Հիշեցնենք, որ ավագանի-գյուղապետ հարաբերություններն այնքան էին լարվել, որ ավագանին հանձնաժողով ստեղծելու եւ գյուղապետի «սանձարձակություններին» վերջ դնելու հատուկ խնդրանքով դիմել էր Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանին: Օրերս մարզպետարանի ստուգող հանձնաժողովը ավարտեց իր աշխատանքներն այդ գյուղում: Արդյունքում, հանձնաժողովի անդամների ասելով, իրենք հայտնաբերեցին «համաշխարհային պատմության մեջ չտեսնված ու չլսված խախտումներ»: Նույնիսկ այն աստիճան, որ Շիրակի մարզպետը գյուղապետին պաշտոնանկ անելու առաջարկով ստիպված եղավ անհապաղ դիմել կառավարությանը: Ինչպես «Առավոտին» պարզաբանեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայությունների համակարգող վարչության պետ Կարլեն Աբրահամյանը, իրենք ստուգումների ընթացքում միշտ արհեստական բարդությունների առջեւ են կանգնել՝ առնվազն 2-3 ժամ ստիպված են եղել փակ գյուղապետարանի դիմաց գյուղապետին սպասել, ընդ որում՝ հանձնաժողովի անդամների պնդմամբ, իրենք Սարգիս Ավագյանի հետ միշտ էլ նախնական պայմանավորվածություն ունեցել են: «Գնում ես մի անգամ, գյուղապետը չկա, մյուս անգամ հին կամ նոր հաշվապահը չկա, բացարձակապես ոչ մի փաստաթուղթ չկա, իսկ գյուղապետարան հասկացություն չկա ու չկա, ուզում ես հաշվապահի կամ աշխատակազմի ղեկավարի կաբինետում ստուգումներ անցկացնել, նրանք զարմանում են, թե ինչ կաբինետի մասին է խոսքը»,- պատմում էր Կ. Աբրահամյանը: Նրա հավաստմամբ, գյուղապետը պետության կողմից իրեն պատվիրակված լիազորություններից ոչ մեկը չի կատարել, մասնավորապես ըստ մեզ ներկայացված փաստաթղթի, «համայնքապետը իր լիազորությունների ժամանակահատվածում ոչ մի որոշում չի ընդունել, անցած 2 տարվա ընթացքում ավագանու ոչ մի նիստ չի հրավիրել, փոխարենը ավագանու 3 անդամների կեղծված ստորագրություններով ավագանու՝ թվով 19 արձանագրություններ է ձեւակերպել, ընդ որում՝ ավագանի որպես այդպիսին, մեկ տարի շարունակ գոյություն չի ունեցել, քանի որ նվազագույն անդամներով՝ 4 հոգով կազմված անդամներից մեկը մահացել է: Համայնքի 2002-2003, 2003-2004թթ. բյուջեների նախագծերը չեն քննարկվել, բյուջեի կատարում չի ապահովել, հողհատկացումներ կատարել է ապօրինաբար, հողի վարձավճարների չափը սահմանել է ինքնագլուխ, առանց հաշվի առնելու կադաստրային արժեքը», եւ այսպես շարունակ:

Մարզպետարանի հիշյալ վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Հարությունյանն էլ խոսեց գյուղապետի կատարած «աղաղակող» ֆինանսական խախտումների մասին: Նա փաստեց, որ գյուղապետը գյուղացիներից հարկերի դիմաց կանխիկ գումարներ է գանձել կամ էլ բնամթերքով է «բարիշել»՝ ցորեն, գարի վերցնելով ու թեեւ նրանց խաբելով մուծման համապատասխան անդորրագրեր տվել է, սակայն իրականում փողերը ծախսել է իր ուզածի պես՝ համայնքի բյուջե ոչ մի կոպեկ մուտք չանելով: Սակայն ո՞ւմ պատասխանատվությամբ է գանձել, ի՞նչ հարաբերակցությամբ, մեկ կիլոգրամ ցորենի արժեքը ինչքանո՞վ է հաշվել, ինչքա՞ն պարտքի դիմաց, ումի՞ց, որեւէ փաստ ֆիքսված չէ: Նմանապես համայնքի ղեկավարը սրտից բխած աշխատավարձեր է սահմանել ու ոչ մեկին ոչ մի կոպեկ չի վճարել: Աշխատակիցները այս մասին գրավոր վկայություն են տվել: Որպես արդարացում՝ գյուղապետը հանձնաժողովին հայտնել է, որ ինքը մի բան էլ լավություն է արել. աշխատավարձ վճարելու փոխարեն նրանց հողի պարտքերն է գանձել: Գյուղապետը առիթը բաց չի թողել համայնքի հաշվին ծախսեր գրելու ու լավ-լավ ծախսելու: Ռուբեն Հարությունյանի ասելով, համայնքը չունի տրանսպորտային միջոց, ծառայողական մեքենա, սակայն համայնքի ղեկավարը բենզինի ծախս է կատարել, ի՞նչ ծախս, ո՞ւմ մեքենայի համար, դարձյալ անհայտ է: Նմանապես վերջինս սպառած էլեկտրաէներգիայի ծախսեր է ներկայացրել եւ սա այն դեպքում, երբ հանձնաժողովի պնդմամբ, գյուղապետարանում ընդհանրապես հոսանք չի օգտագործվել: Գյուղապետը նաեւ գյուղապետարանի հաշվին սեփական հողերն է ջրել, 2 հատ բջջային հեռախոս գնել: Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ գյուղապետը նույնիսկ ավագանու հետ դեմ առ դեմ հանդիպելիս մինչեւ վերջ պնդել է, որ ինքը ավագանու նիստ պարտաճանաչորեն անցկացրել է: Երբ ավագանու անդամները նախատել են, թե ինչ նիստի մասին է խոսքը, Սաքո Ավագյանը նրանցից մեկին հիշեցրել է, թե «չես հիշու՞մ, որ փողոցում հանդիպեցինք ու էդ հարցը քննարկեցինք»:

Իսկ թե ինչու մարզպետարանը՝ վերահսկող կառույցը նախապես պաշտոնանկ անելու մասին չէր մտածում, տարածքային վարչության պետը փորձեց արդարանալ. «Մենք միշտ էլ նրան ֆոկուսի բերելու փորձեր արել ենք»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել