Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեթոդները նպատակներից պակաս կարեւոր չեն

Մարտ 26,2005 00:00

Ղրղըզստանի իրադարձությունները մեր պատգամավորների աչքերով

Ղրղըզստանում ծավալվող իրադարձությունները խորհրդարանական խումբ-խմբակցությունները տարբեր կերպ են մեկնաբանում, իսկ լրագրողները անեկդոտներ են պատմում ղրղզյան թեմաներով. օրինակ, այսպիսի՝ Ղրղըզստանում էլ ուղտից իջան եւ հեղափոխություն արեցին, իսկ Հայաստանում ընդդիմությունը դեռ քնած է ուղտի ականջում: Այս անեկդոտից ընդդիմությունը առանձնապես չվիրավորվեց, եւ ճեպազրույցի ժամանակ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հայաստանյան ընդդիմությունը իր անելիքը գիտե. «Այն ճանապարհը, որն ընտրել է ընդդիմությունը՝ ավանտյուրաները բացառելու ճանապարհն է: Մեր խմբակցության ղեկավարը բազմիցս նշել է, որ իրականացման մեթոդները մեզ համար պակաս կարեւոր չեն, քան՝ բուն նպատակի իրականացումը: Եթե կան մարդիկ, որ պատրաստ են ուղտերից իջնել եւ ժողովրդին տանել արյունահեղության, դա նրանց խնդիրն է. մենք համոզված ենք, որ, ի վերջո, համաժողովրդական ընդվզման արդյունքում այս ռեժիմը հեռանալու է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի համար միանշանակ պարզ է, թե ինչո՞ւ այն, ինչ տեղի ունեցավ Ղրղըզստանում, Ուկրաինայում կամ Վրաստանում, այդպես էլ տեղի չի ունենում Հայաստանում. «Չի կարելի անընդհատ միմյանց հետ համեմատել տարբեր իրավիճակներում գտնվող տարածաշրջաններ եւ երկրներ: Այն իրավիճակը, ինչ կար Ղրղըզստանում, ամենեւին մոտ չէ այն իրավիճակին, որ կար Ուկրաինայում, առավել եւս՝ մեր տարածաշրջանում: Յուրաքանչյուր երկիր ունի իր զարգացման տրամաբանությունը: Ղրղըզստանի դեպքերը բոլորովին այլ տրամաբանության զարգացում են ենթադրում. եթե ուշադրություն դարձրել եք, աշխարհի համարյա բոլոր կարեւոր դերակատար երկրները շատ մեծ մտահոգություն ունեն Ղրղըզստանում անվերահսկելի գործընթացների զարգացման ուղղությամբ, որովհետեւ այն, ինչ կատարվում է այնտեղ, հեռու է հեղափոխություն որակվելուց, երեկվանից սկսվել է թալանը՝ բացարձակ անարխիայի պայմաններում»:

«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը այն կարծիքին է, որ ցանկացած երկիր իր առանձնահատկություններն ունի, եւ եթե մեր երկրում տեղի չեն ունենում որոշ բաներ, ուրեմն դրա անհրաժեշտությունը չկա:

ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանի եւ, հավանաբար, նաեւ ՕԵԿ-ի կողմից ղրղըզստանյան իրադարձությունները նույն ոգեւորությամբ չողջունվեցին, ինչպես դա եղավ ուկրաինական դեպքերի ժամանակ: Այս դեպքում Մհեր Շահգելդյանն ասաց, որ երկրներում տեղի ունեցող դեպքերը պետք է դիտարկել տվյալ երկրի առանձնահատկություններից ելնելով. «Հայաստանն ունի զարգացման իր ճանապարհն ու իր մոտեցումները»:

Ինչպես միշտ, հարցին պատասխանելու իր ինքնատիպությամբ առանձնացավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որի կարծիքով՝ այսօր Հայաստանի կարիքը առանձնապես չի զգացվում: Մեր հարցին՝ ինչո՞ւ մեզ մոտ այդպես էլ տեղի չի ունենում այն, ինչ տեղի ունեցավ նաեւ Ղրղըզստանում, Գալուստ Գրիգորեւիչը պատասխանեց. «Բարդ հարց է, նման խնդիրներ աշխարհը կամ Արեւմուտքը Հայաստանի նկատմամբ չունեն, Ղրղըզստանի նկատմամբ՝ ունեն»: Մեր համառությանը՝ իսկ հնարավո՞ր է, որ «նման խնդիրներ» աշխարհն ինչ-որ պահի ունենա նաեւ Հայաստանի նկատմամբ, պարոն Սահակյանը պատասխանեց. «Չկա այդ քաղաքական պահանջը, եւ ոչ ոք շահագրգռված չէ, այսինքն՝ աշխարհում գործառույթներ են տեղի ունենում, եւ դեմոկրատիայի քողի տակ հզորները կարողանում են հաղթել նաեւ այդ ճանապարհով՝ առանց պատերազմների»: (Նկատենք, որ պարոն Սահակյանը «գործառույթներ» (ֆունկցիաներ) բառը մշտապես օգտագործում է «գործընթացներ» (պրոցեսներ) իմաստով։

Իսկ Հմայակ Հովհաննիսյանի համար պարզ է, որ Հայաստանում տեղի չունեցավ այն, ինչ ցեցի նման տարածվել է տարածաշրջանում եւ աշխարհում, որովհետեւ միջազգային հանրությունը սպասում էր Հայաստանի իշխանություններից Ղարաբաղի հարցի լուծում, սակայն դա տեղի չունեցավ, եւ այսօր աշխարհը կողմ է հարցի լուծման ադրբեջանական տարբերակին, իսկ Հայաստանի իշխանությունները դարձել են «Ղարաբաղի հարցի գերեզմանափորները»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել