Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՈՉ ՄԵԿԻՑ «ՊՐԱԽՈԴԻ» ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ»

Մարտ 26,2005 00:00

Հարցազրույց
Սամվել Բաբայանի հետ – Երբ դուք ասում եք, որ մտնում եք քաղաքականություն,
նկատի ունեք Հայաստա՞նը, թե՞ ԼՂՀ-ն: – Ես այդ երկուսն իրարից չեմ բաժանում:
– Այսինքն՝ դուք ակտիվորեն մասնակցելու եք այս տարի Ղարաբաղում կայանալիք
խորհրդարանական ընտրություններին: – Եթե չասեմ՝ ակտիվորեն, ապա ինչ-որ մասնակցություն,
հավանաբար, կունենանք: Քանի նախընտրական պայքարը դեռ չի սկսվել, առայժմ հարկ չեմ
համարում դրան մանրամասն անդրադառնալ: – Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում
հնարավոր են արդար ընտրություններ: – Համարում եմ, որ դա հնարավոր է, եթե
քաղաքական ուժերը նման ցանկություն եւ կամք ունենան: – Ենթադրենք, քաղաքական
ուժերը դա ուզում են, իսկ նրանք, ում ձեռքին են բանակը, ոստիկանությունը, ազգային
անվտանգությունը, հարկայինը, մաքսայինը եւ այլն՝ չեն ուզում: Ի՞նչ կարող է հակադրվել
նրանց: – Այդ լծակները կարող են օգտագործվել թույլ, ոչ մաքուր խղճով մարդկանց
դեպքում: Օրինակ, հարկայինը կարող է ճնշել այն գործարարին, որը խախտում է օրենքը:
– Իսկ, ասենք, մարզպետին, քաղաքապետին, գյուղապետին չե՞ն կարող կանչել եւ
հրամայել՝ «լցրո՛ւ» կամ «նկարի՛ր»: – Հարցը հենց այն է, որ այդ գյուղապետն
էլ ընտրված չէ, վատ է կատարում իր պարտականությունները, դրանով էլ ամբողջությամբ
կախված է գործադիր իշխանությունից, եւ վերջինս էլ կարող է նրան ինչ ուզի՝ հրամայի:
Օրենսդրական դաշտը պիտի այնքան կարգավորված լինի, իշխանությունները պետք է այնքան
տարանջատված լինեն, որ այդ ճնշումը բացառվի: Եթե նույն գյուղապետն անկախ չի, նա կամավոր
է գնում կեղծիքների՝ նույնիսկ առանց որեւէ պարտադրանքի: Սկզբից պետք է լինի այդ տարանջատումը,
հետո միայն խոսենք ընտրական օրենսգրքից: Հակառակ դեպքում՝ նույնիսկ ամենալավ ընտրական
օրենսգիրքը ձեւական փաստաթուղթ կմնա: – Հետեւաբար, դուք ելքը տեսնում եք օրենքների
փոփոխությունների մե՞ջ: – Այո, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է
հստակ տարանջատվեն գործադիր իշխանությունից իրենց ֆունկցիաներով՝ այնպես, որ առաջինը
կախվածության մեջ չլինի երկրորդից: Դրա մեխանիզմները նախ եւ առաջ ֆինանսական են:
– Հայաստանի պայմաններում, քանի որ ընտրական տեղամասերի մեծ մասը դպրոցներում
է, կեղծիքներին ակտիվորեն մասնակցում են նաեւ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները:
– Այստեղ նույն խնդիրն է. 1999-ին Ղարաբաղում օրենք ընդունվեց, որ դպրոցի
տնօրենը պետք է ընտրվի իր կոլեկտիվի եւ ծնողների կողմից: Դպրոցը ֆինանսավորվել է
ուղիղ ֆինանսների նախարարությունից՝ իր կազմած բյուջեով: Դա ապահովում էր տնօրենների
անկախությունը: 2001-ին այդ օրենքը, ցավոք, փոխվեց, եւ կրթական համակարգը վերադարձավ
հին սկզբունքներին: – Դուք պատրաստվում եք կուսակցություն ստեղծել: Գաղափարական
ո՞ր դաշտում է այն գործելու: – Ազատական, ժողովրդավարական դաշտում՝ իշխանությունների
տարանջատում, ապակենտրոնացում, անկախ դատական համակարգ: – Սակայն դուք գիտեք,
որ Սամվել Բաբայանը Ղարաբաղի նախկին բռնապետի իմիջ ունի: Ինչպե՞ս է այն համատեղվելու
ձեր դավանած ազատական արժեքների հետ: – Ամեն մարդ իր կարծիքն ունի, եւ ես
չեմ փորձում որեւէ մեկին համոզել, որ փոխի իր կարծիքը: Բայց կան փաստեր: Ես եղել
եմ Ղարաբաղի կառավարության անդամ, եւ 98-99-ին իմ նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ
ընդունվել են բազմաթիվ օրենքներ: Վերցրեք այդ օրենքները եւ վերլուծեք՝ դրանք բռնապետակա՞ն
են, թե՞ ազատական: Այդ օրենքներն ուղղված են եղել տարբեր ոլորտներում ընտրական համակարգի
ներմուծմանը, իշխանության ապակենտրոնացմանը, մասնավոր սեփականության զարգացմանը:
Եթե որեւէ փաստեր կան իմ բռնապետ լինելու մասին, թող ներկայացնեն դրանք, որ հասկանանք,
թե ինչ նկատի ունեն բռնապետ ասելով: – Օրինակ, ուժային ճնշում գործարարների
վրա, «տանիք» կանգնել եւ այլն: – Բայց այդ գործարարները կան, չէ՞, այսօր:
Շատերն էլ Երեւան են տեղափոխվել: Խնդրում եմ ճշտեք նրանցից՝ իրո՞ք իմ կողմից նման
բաներ են եղել: – Ինչպե՞ս է կոչվելու ձեր կողմից ստեղծվելիք կուսակցությունը:
– Առայժմ դա լինելու է հասարակական կազմակերպություն՝ «Միացյալ Հայաստան»:
– Բացի ձեզնից, ինչ-որ մարդկանց այդ կազմակերպությունից կարո՞ղ եք նշել: –
Կազմակերպությունը կհաստատվի արդարադատության նախարարության կողմից, տեղի կունենա
համագումար, եւ դուք բոլորի հետ հնարավորություն կունենաք ծանոթանալու: Ասեմ միայն,
որ նրանք չվարկաբեկված մարդիկ են, մի կուսակցությունից մյուսը թռչող անձնավորություններ
չեն: – Այդպիսիք դեռ կա՞ն Հայաստանում: – Այո, գուցե որպես քաղաքական
գործիչներ դուք այդ մարդկանց չճանաչեք: Նրանք գրագետ, կիրթ մարդիկ են, որոնք ցավում
են այս պետության համար: – Հասարակական կազմակերպություն կամ կուսակցություն
պահելը թա՞նկ հաճույք է: Ես մի տեղ կարդացել եմ, որ հատուկ ձեր գործունեությունը
ծավալելու համար բիզնեսներից մեկում ձեզ, այսպես ասած, «պրախոդ են տվել»: –
Ես ոչ մեկից «պրախոդի» կարիք չեմ զգում: Ես ունեմ շրջապատ, որը զբաղվում է բիզնեսով՝
Հայաստանում եւ Ղարաբաղում: Նրանք ինձ հետ նորմալ հարաբերություններ ունեն եւ օգնում
են ստեղծել այդ քաղաքական ուժը: – Այդ բիզնեսմենների անունները դուք, իհարկե,
չեք ցանկանա տալ, որովհետեւ չէիք ուզենա նրանց հարվածի տակ դնել: Այդպես չէ՞: –
Ճիշտ չեմ գտնում նրանց անունները տալ: – Դուք շփումներ ունե՞ք քաղաքական ուժերի,
գործիչների հետ, քննարկո՞ւմ եք նրանց հետ Հայաստանի ապագան: – Այն գործիչները,
որոնք ցանկություն են հայտնում ինձ հետ հանդիպելու եւ իմ տեսակետները լսելու կամ
իրենց մտքերը ինձ ներկայացնելու՝ նրանց հետ հանդիպում եմ: – Խոսակցություններ
կան, որ դուք աջակցելու եք նախկին իշխանություններին կամ, հակառակը՝ ներկա իշխանություններին:
– Ես աջակցելու եմ իմ գաղափարներին: Դրանցից մի քանիսը ես շատ հակիրճ ձեզ
ներկայացրի: Այդ գաղափարների շրջանակներում ես համագործակցելու եմ ցանկացած ուժի
հետ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՍամվել Բաբայանի տեսակետները Ղարաբաղի
խնդրի շուրջ՝ հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել