Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Մարտ 25,2005 00:00

ԱՌԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ Երեկ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեան: Առաջին՝ «ՀԱՕԿ-ի կազմում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հարցը ներկայացրեց Արմեն Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ օլիմպիական կոմիտեի որոշ կոլեկտիվ անդամներ հայտեր են ներկայացրել ՀԱՕԿ-ի կազմում իրենց ներկայացուցիչներին փոխելու համար եւ ընթերցեց թեկնածուների անունները: Պատվիրակները քվեարկությամբ հաստատեցին ցուցակը: Երկրորդ հարցը նվիրված էր ՀԱՕԿ-ի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ընտրությանը եւ Տուրինի ձմեռային օլիմպիական խաղերում շեֆ միսիա նշանակելուն: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այն անձանց, ում հետ ինքը կցանկանար աշխատել հաշվետու ժամանակահատվածում: Իր տեղակալների պաշտոնում նա առաջադրեց Դերենիկ Գաբրիելյանին, Ռազմիկ Ստեփանյանին, Վահրամ Առաքելյանին եւ Օգսեն Միրզոյանին, իսկ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկեց վերընտրել Արմեն Գրիգորյանին: Բոլորն էլ քվեարկությամբ հաստատվեցին: ՀԱՕԿ-ի գործկոմի վերջին նիստում Տուրինի ձմեռային օլիմպիական խաղերի շեֆ միսիայի պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածություն, սակայն երկուսն ինքնաբացարկ էին հայտնել, եւ որոշվել էր հարցը տեղափոխել ասամբլեա: Գ. Ծառուկյանը հայտարարեց միակ թեկնածուի՝ դահուկային սպորտի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Սարգսյանի անունը, որի թեկնածությունը պաշտպանել է տվյալ ֆեդերացիան: Օլիմպիական կոմիտեի անդամները տվեցին իրենց համաձայնությունը: Վերջում ՀԱՕԿ-ի նախագահը ինֆորմացիա տվեց 2005/2008թթ. օլիմպիական մրցաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին: «Առաջիկա երեք տարիներին մենք պետք է նախապատրաստվենք Պեկինում կայանալիք ամառային 20-րդ օլիմպիական խաղերին,- ասաց նա:- Այս եւ հաջորդ տարիներին մենք ուսումնասիրելու ենք, թե ինչ ունենք, ինչ աշխատանքներ են կատարվում եւ ինչի վրա է հարկավոր ավելի մեծ ուշադրություն դարձնել: 2006/2007-ին արդեն պետք է ռեալ իմանանք, թե հիմնականում որ մարզիկների հետ պետք է կոնկրետ աշխատել: Իսկ 2007/2008 թվականներին արդեն պետք է իմանանք մեր իրական հնարավորությունները, անելիքները, գիտենանք, թե Պեկինում ինչ արդյունքներ կարող ենք ունենալ: Այդ նպատակով մենք արդեն մեր հիմնական մարզաձեւերի ֆեդերացիաների հետ քննարկել ենք անելիքները, պայմանավորվել հիմնվել ոչ թե երեք-չորս մարզիկի վրա, այլ առաջիկա երկու-երեք տարում ի հայտ բերել այն մարզիկներին, ովքեր, հնարավոր է, ուշադրությունից դուրս են մնացել, որպեսզի ընտրության ավելի մեծ հնարավորություն ունենանք: Օլիմպիական կոմիտեն արդեն հատկացրել է գումարներ՝ օլիմպիական ձեւերում առաջատար մարզիկների ու նրանց մարզիչների համար ամսական, համապատասխանաբար, 150 եւ 100 հազար դրամ: Դրանից բացի, նրանք գումարներ են ստանալու ֆեդերացիաների նախագահներից: Օլիմպիական կոմիտեն Հայաստանում սպորտի հեղինակությունն ու վարկը բարձրացնելու եւ Պեկինում մեր եռագույնը անպայման բարձրացնելու համար աշխատանքներ է ծավալել ժամանակին հանրապետությունից հեռացած, սակայն դեռեւս գործող մեր անվանի մարզիկներին եւ մարզիչներին ետ բերելու ուղղությամբ: Առաջին վերադարձողները կժամանեն մոտ մեկ ամսից: Դա հեշտ չի եւ մեծ ծախսերի հետ է կապված: Ստանձնելով ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը՝ շատ մեծ պատասխանատվություն եմ վերցրել իմ ուսերին: Խոստացել եմ, որ Պեկինում մեր դրոշը պետք է բարձրացվի: Ու դրա համար ոչինչ չեմ խնայելու: Ես ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հասնենք դրան՝ հանրապետությունում սպորտը զարգացնելով: Առանց ձեզ, ձեր ճիշտ աշխատանքի ոչինչ չի ստացվի: Պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ հանդիպել, լսել ձեր առաջարկները եւ իրագործել իրականանալիները: Իսկ եթե տեսնեմ՝ ոչինչ չի ստացվում, կրկին հայտարարում եմ՝ դրսից մարզիկներ կգնեմ, թեկուզ իմ ընկերներն ինձնից նեղանան»: Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց ՀԱՕԿ-ի անդամների՝ իր ելույթից բխած հարցերին, որոնք վերաբերում էին տեղում սպորտը զարգացնելու, բարձրակարգ մարզիկներ պատրաստելու ուղիներին, մարզումային, մարզիչների, մարզիկների սոցիալական անբավարար պայմաններին, դրսից մարզիկներ բերելու նպատակահարմարությանը, ֆեդերացիաների եւ դրանց նախագահների գործունեությանը, օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի հետագա ճակատագրին եւ այլն: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել