Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փնթի

Մարտ 25,2005 00:00

Փնթի վարչարարության օրինակ Նամակ խմբագրությանը, որ վերահասցեագրում ենք Հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին: Տարիներ առաջ, երբ կինս եւ ես աշխատում էինք դպրոցում, շատերի նման մենք էլ մի առեւտրի փոքրիկ կետ բացեցինք Թալինի շրջանի Մաստարա գյուղում, ուր վաճառում էինք գրենական պիտույքներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ: Այդպես աշխատեցինք 4 տարի: Եկավ մի ժամանակ, երբ թոշակի անվան տակ ինձ ազատեցին պաշտոնից, կինս մահացավ, ապառքները հասան զգալի չափերի, այլեւս չդիմացա մրցակցությանը, սնանկացա եւ 1998թ. որոշեցի փակել մեր օբյեկտը: Այդ ժամանակ ես վճարել էի հարկային բոլոր վճարները, «0 պարտքով» տվել եմ հայտարարություն՝ օբյեկտը փակելու համար: Հարկային տեսչությունում ինձ ասացին՝ եթե դուք փորձեք առանց մեր գիտության օբյեկտը բացել, կտուգանվեք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ես դրա համար հայտարարություն տվեցի եւ ստորագրեցի: Որպես միայնակ թոշակառու, մանկավարժ, ուզեցի օգտվել «Փարոսի» ծառայությունից: Իմ միավորները 40-ից բարձր էին, բայց քանի որ համակարգչում գրանցված էի որպես անհատ ձեռներեց, իմ միավորները դարձել էին զրո եւ չէի կարող ընդգրկվել համակարգում: Ինձ խորհուրդ տվեցին լուծարել այդ օբյեկտը: Դիմեցի Թալինի պետռեգիստրին, որտեղ ասացին՝ պետք է հարկայինից ներկայացնեմ տեղեկանք այն մասին, որ հարկային պարտքեր չունեմ: Թալինի հարկային տեսչությունում ասացին, որ պետք է գնալ Գյումրիի մաքսատուն, այնտեղից տեղեկանք բերել, որ պարտք ու պահանջ չունեք, նոր դրա հիման վրա քեզ տեղեկանք կտանք, կտանեք Աշտարակի մարզի հարկայինին, նրանք կկնքեն (մենք կնիք չունենք), նոր կտաք պետռեգիստրին: Սակայն կորել էր իմ լիցենզիայի վկայականը, որի համար պետք է հայտարարություն տայի Երեւանի թերթերում եւ ֆինանսական ծախսերի հետ կապված այլ խոչընդոտներ: Իսկ ես տնտեսապես, ֆիզիկապես ի վիճակի չէի: Այդպես էլ լուծարման հարցը մնաց: Այս ամենից անցել է 7-8 տարի, ոչ ոք ինձ չի անհանգստացրել: Այս տարվա փետրվարի 20-ին մի ծանուցագիր եմ ստացել, որ 2003թ. հունվարին, նոր օրենքի հիման վրա, ես՝ որպես անհատ ձեռներեց, պետք է մուծեմ 120 000 դրամ հարկ՝ որպես 2004թ. հարկավճար, 70 000 դրամ՝ որպես տույժ: Միաժամանակ զգուշացրել են՝ եթե չմուծեք, ապա այն դատարանի միջոցով, բռնի կգանձենք, այդ ժամանակ ինձ համար ավելի վատ կլինի, կգումարվի նաեւ դատարանի ծախսը: Ես հավատում եմ նրանց, քանի որ օրենքը նրանց կողմն է, ոչ թե անապահով տնտեսվարողների: Ես ակամա հիշեցի հայտնի անեկդոտի գյումրեցի հարբած մարդուն, որը պառկած է հրապարակում, միլիցիան գալիս է եւ կարգադրում գնալ քաղմաս: Նա պատասխանում է՝ «այ օղուլ, եթե կրնամ քաղմաս էրթալ, էն ա կերթամ մեր տուն, էլ քաղմասն ի՞նչ մեղքս է»: Եթե կարողանայի հարկավճարները ժամանակին մուծել, առեւտուրս կշարունակեի, հարկավճարները կմուծեի, այլ ոչ թե կփակեի օբյեկտս: Թոշակառու, միայնակ մանկավարժ եմ, իմ հասանելիք թոշակը վերցնում են փոստում՝ էլեկտրական էներգիայի, գազի, հեռախոսի, ջրի, հողի եւ այլ ծառայությունների վարձավճարների դիմաց եւ ես տուն եմ վերադառնում առանց որեւէ լումայի: Որպես մտավորական, ինձ ուղղակի զարմացնում է. եթե օբյեկտը չի աշխատում, շահույթ չի բերում, որտեղի՞ց պետք է մուծեմ արհեստականորեն ստեղծված հարկավճարները: ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԱրագածոտնի մարզ, Մաստարայի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել