Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՍ

Մարտ 25,2005 00:00

«ԵՍ ԳԻՏԵՄ՝ ԵՍ ՈՎ ԵՄ» Հավաստիացնում է Պարույր Հայրիկյանը «Վերջին երեք-չորս ամիսների ընթացքում տարբեր մեծ ու փոքր կուսակցությունների ղեկավարներ, հետաքրքրվելով իմ դիրքորոշմամբ, զարմանք արտահայտեցին, թե ես ինչու եմ այսքան հանգիստ: Հետո Հայաստանի Ամերիկյան համալսարանի մի քանի ապագա քաղաքագետներ, որոշ անհատներ՝ մի-երկուսն իսկապես կշիռ ունեցող, կշտամբանքախառն բան ասացին, որ վերջին 15 տարիներին ինչի որ հասել ենք, հիմնական նախաձեռնողը դուք եք (Հայրիկյանը- Ն. Գ.), պատասխանատվություն չե՞ք զգում, որ այս փուլում, երբ երկիրը ձեր ասած ճանապարհով չի գնում, նորից ղեկը վերցնեք ձեր ձեռքը»,- «Առավոտին» փոխանցեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Մի շարք հանգամանքներ ճշտելուց հետո հանգել են այն եզրակացության, որ «որպես մեր վերջին հարյուրամյակների բացառիկ քաղաքական գործիչներից մեկը, ում մոտ ստացվել է հաջողության հասնել եւ ով որեւէ հայ քաղաքական կալանավորից շատ է նստել, ժամանակին չունենալով որեւէ պետական լծակ՝ ունեցել է ամենաբարձր ռեյտինգը: 1996 թվականին Վանոն պառլամենտում հայտարարեց այդ մասին, որ 91 թվականին իմ ռեյտինգը շատ բարձր էր, իրենք արհեստականորեն իջեցնում էին: Դա իր կողմից մեծ ազնվություն էր… առաջարկում են, փաստորեն, որ ես հանդես գամ քաղաքական նախաձեռնությամբ՝ կոչ անելով բոլորին համախմբվել իմ շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը: Իրեն հորդորողների անունները Պարույր Հայրիկյանն առայժմ չցանկացավ բարձրաձայնել: Բայց անկեղծացավ եւ փոխանցեց, որ ի պատասխան հորդորների՝ ասել է. «Ես դրա հավեսը չունեմ: Ես ուզում եմ, որ Հայաստանը լավ երկիր լինի, բայց… մի քիչ էգոիստական կարող է լինել՝ կարեւորագույն բանը, որ ես պետք է իմ ճանապարհին անեի, ինքնորոշման գաղափարի մատուցումն էր: Ի տարբերություն այն ժամանակների, որ միայն մենք էինք, կան այլ կուսակցություններ, թող գան, միասին համաձայնության գանք: Որեւէ մեկից առաջ ընկնել չեմ ուզում: Հետո մարդկային բան կա… ես հասկանում եմ, որ ազգի համար կրիտիկական պահերին պետք է ամեն ինչ մի կողմ դնել, բայց մարդ ես, ուզում ես քո երեխաների, քեզ համար ապրել: Մանավանդ ստեղծագործական խնդիրները տուժում են, եթե դու շատ ես քեզ վրա բեռ վերցնում: Երբ դու հսկայական տուն ես կառուցում, հետո պիտի դուռ-լուսամուտ դրվի, կարող ես ասել՝ այ մարդ, տունը կառուցել եմ, էդ էլ դուք արեք: Ոչ թե ծուլանում եմ… բայց համ պիտի ձեր համար դնե՞մ, համ էլ տնազները տանե՞մ: Բայց երբ տեսնում եմ, թե ինչքան ենք տուժում…»: Ինչեւէ, ԱԻՄ նախագահն այժմ պատրաստել է հայտարարության մի տեքստ: Առաջարկն այսպիսին կլինի՝ «Համախմբվենք, քանի որ ժամանակին ես գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ես կարող եմ կազմակերպել տեսակետների համադրում՝ ներառյալ իշխանությունների առաջարկած տարբերակները: Ստեղծվում է մի խումբ, որը փոքր թվով հարցեր է նախապատրաստում հանրաքվեի դնելու համար: Հիմնական սկզբունքը լինում է ազգի մշտական ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվե նախաձեռնելու իրավունքը: Ամրագրվում է նաեւ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը: Սա առաջին քայլն է: Հետո պայմանավորվում ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի հիմնական թեկնածուն Հայրիկյանն է՝ երկու տարվա ծրագրով: Երկու տարի նախագահելուց հետո պաշտոնից հեռանում եմ հրաժարականի ճանապարհով եւ, ինքնաբերաբար, այլեւս չեմ կարող առաջադրվել: Խոստանում եմ մի բան՝ երկու տարում երկիրն այնպիսին դարձնել, որ դրա վրա հետո հնարավոր լինի շարունակել աշխատանքները՝ իրավական, ժողովրդավարական պետության հիմքերը կդրվեն, ոչ թե իմ պատկերացումներով, այլ գիտականորեն ապացուցված»: Հայտարարության տեքստը դեռ պետք է քննարկվի ԱԻՄ նախագահությունում: Ի դեպ, Պ. Հայրիկյան-Ա. Մանուչարյան-Վ. Մանուկյան եռյակի համագործակցությունում այդ մասին չի խոսվել: «Այս ամենն ինձ արժեք տալուն չի վերաբերում, ես այս հասարակության մեջ ինձ արժեք տալու ցանկություն չունեմ: Չեմ ուզում հասարակության մասին վատ բան ասել, բայց Արամ Ասատրյան սիրող հասարակությանը Արամ Խաչատրյանը չի կարող հետաքրքրել»,- ասում է Պ. Հայրիկյանը: Պարոն Հայրիկյանը վրդովված է, որ իր փորձառությունը չի օգտագործվում, մանավանդ՝ պատմական այս փուլում: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը վերանորոգող գործարար Վահե Կարապետյանը երբ իմացել է, որ Հայրիկյանը պետական որեւէ օղակում չի աշխատում՝ «հեռախոսի մյուս ծայրից մի հինգ րոպե խոսում էր այն մասին, որ ինչքան ապիկար եւ ստոր պետք է լինել, որ Հայրիկյանին որեւէ գործ չտալ՝ Հայաստանի համար, ոչ իմ: Հոգեկան հիվանդների մի խումբ հիմա նորից կսկսի բարբաջել, թե Հայրիկյանն էլի ասում է՝ ես, ես, ես… Ես մի անգամ մեկին պատասխանել եմ՝ դու էլ ասա՝ դու, դու, դու, եւ հարցը կլուծվի: Ես գիտեմ՝ ես ով եմ եղել եւ ով կամ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել