Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ համանախագահը պարզաբանում է

Մարտ 25,2005 00:00

ԵԱՀԿ համանախագահը պարզաբանում է «Day.az»-ը Յու. Մերզլյակովի մեկնաբանություններից առանձնացնում է Ադրբեջանին ձեռնտու հատվածները «Ադրբեջանի գրավյալ տարածքներում վերաբնակեցման փաստերն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված փաստահավաք առաքելության աշխատանքների հենց սկզբում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ իրենք, իրոք, խրախուսում են Լաչինում վերաբնակեցումները»,- երեկ «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ադրբեջանական «Day.az»-ի մատուցմամբ, վերջինս իր վերաբերմունքն է հայտնել փաստահավաք առաքելության զեկույցի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ օրերս արված հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ մասնավորապես գոհունակություն էր հայտնվել փաստահավաք առաքելության զեկույցի առնչությամբ, բայց միաժամանակ նշվել էր, թե զեկույցում նշված չէ գրավված տարածքները հայերով բնակեցնելու Հայաստանի ուղղակի մասնակցության փաստը: Յուրի Մերզլյակովն այդ առնչությամբ ասել է. «Առաքելությունը չի հայտնաբերել փաստեր, որոնք կվկայեին, որ վերաբնակեցման՝ տեղ գտած փաստերը Հայաստանի կառավարության հետեւողական քաղաքականության արդյունք են: Միաժամանակ տվյալներ են ստացվել, ըստ որոնց՝ ԼՂ իշխանություններն այս կամ այն չափով օգնում են որոշ շրջաններում վերաբնակներին, բայց համանախագահները չեն որոշել՝ ինչ չափով են Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները համագործակցում այս հարցում»: ԵԱՀԿ համանախագահը մեկ անգամ եւս հիշեցրել է համանախագահների հայտարարությունն այն մասին, որ այսուհետ գրավյալ տարածքներում վերաբնակեցումներին ցուցաբերվող աջակցության քաղաքականությունը պետք է դադարեցվի: Անդրադառնալով «ապօրինի» վերաբնակիչներին իրենց նախկին բնակավայրերը վերադարձնելուն վերաբերող հարցին, որի համատեքստում ադրբեջանական կողմը նկատի է ունեցել Լաչինի վերաբնակներին, որոնց թիվը հենց առաքելության տվյալներով ավելի քան 8 հազար է, Մերզլյակովը նկատել է, թե խնդիրը կարող է լուծվել միայն հակամարտության կարգավորման շրջանակներում: «Քանի դեռ գոյություն ունի օկուպացիան եւ այդ տարածքները գտնվում են հայկական, այլ ոչ թե ադրբեջանական զինված ստորաբաժանումների հսկողության տակ, անհնար է ամբողջությամբ լուծել վերաբնակեցման խնդիրը: Քանի դեռ զորքերը դուրս չեն բերվել այդ տարածքներից, «ովքեր այնտեղ չեն եղել՝ թող դուրս գան» սկզբունքով» լուծել պարզապես հնարավոր չէ»,- վկայակոչելով ռուս համանախագահին՝ գրում է ադրբեջանական «Day.az»-ը: Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին՝ Յուրի Մերզլյակովն ասել է, որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացին: Նույն «Day.az»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն անիմաստ է համարում Հայաստանի հետ հետագա բանակցությունները: Նախկին արտգործնախարարի ասելով՝ գրավյալ տարածքների ազատագրումը ոչ թե միջազգային կազմակերպությունների, այլ Ադրբեջանի գործն է: Միաժամանակ Թոֆիկ Զուլֆուգարովը կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ առաքելության զեկույցում կան Բաքվի համար բացասական պահեր: Նրա ասելով՝ «հետագայում հայերը կփորձեն օրինականացնել բնակեցումը, բարձրացնել այդ հարցը եւ փոխհատուցում պահանջել՝ հակամարտության կարգավորման դեպքում»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել