Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՂՐՂԶԵՑԻՆ…

Մարտ 25,2005 00:00

ՂՐՂԶԵՑԻՆ… ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, որն ԱՊՀ դիտորդական առաքելության շրջանակներում հետեւել էր Ղրղըզստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին, կանխատեսելի է համարում հաջորդած զարգացումները: ԱՊՀ դիտորդական առաքելությունը նշելով ընտրությունների թերությունները՝ ընդհանուր առմամբ գնահատել էր, թե դրանք չեն անդրադարձել վերջնական արդյունքների վրա: Սակայն Հովհաննես Մարգարյանն ավելի վաղ էլ էր վերապահումներ արտահայտել դրանց ընթացքի վերաբերյալ եւ այժմ նույնպես պնդեց. «Իրոք մտահոգիչ երեւույթներ կային, որոնք նախադրյալներ ստեղծեցին այս ամենի համար: Նախ՝ ընդդիմության շուրջ 50 ներկայացուցիչներ փաստորեն դատական գործընթացի մեջ էին եւ չգրանցվեցին իբրեւ թեկնածու, որ մասնակցեն ընտրություններին: 50-ը փոքր թիվ չէ, եթե հաշվի առնենք, որ մեծամասնական ընտրակարգով կային 75 տեղեր: Ընտրությունները, փաստորեն, խախտումներով չանցան, քանի որ հիմնական մրցակիցներն ի սկզբանե զրկվեցին պայքարին մասնակցելու հնարավորությունից: Երկրորդ՝ ամենակարեւոր մտահոգիչ փաստն այն է, որ ընտրություններից 3 օր առաջ հոսանքազրկվել էր ընդդիմադիր ողջ մամուլը եւ ԵԱՀԿ գրասենյակը: Եվ երրորդն էլ՝ չգիտես ինչու, որոշում էր կայացվել, որ ընտրությունները պետք է անցկացվեն զուտ մեծամասնական ընտրակարգով: Ձեւավորված քաղաքական ուժերին հնարավորություն չընձեռվեց ընտրապայքարի մեջ մտնելու: Չեղավ քաղաքական պայքար՝ միայն անձերի պայքար էր: Եվ դեռ ասում էին, թե առաջիկա ընտրություններին Ղրղըզստանը դառնալու է խորհրդարանական երկիր»: Մինչդեռ ԿԸՀ փոխնախագահ Համլետ Աբրահամյանը, որը նույնպես իբրեւ դիտորդ հետեւել էր այդ գործընթացներին, հայտարարել էր. «Ղրղըզստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անցել է չափազանց բարձր մակարդակով», եւ հավելել՝ «Ի՞նչ խախտումների մասին կարող է խոսք լինել, եթե առաջին փուլից հետո ընտրված 29 թեկնածուների եւ 2-րդ փուլին մասնակցող թեկնածուների զգալի մասն ընդդիմության ներկայացուցիչներ են»: Մեր հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս էիք հանգել նման տրամագծորեն հակադիր եզրակացությունների՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը միայն ասաց. «1-ին փուլով ընտրված 20 թեկնածուներից ո՛չ մեկն էլ ընդդիմության ներկայացուցիչ չէր»: Հովհաննես Մարգարյանը, որն իշխող կոալիցիային մաս կազմող ՕԵԿ-ի անդամ է՝ նաեւ նկատեց. «Ժողովրդավարության տարրերը պիտի պաշտպանվեին: Եվ ակնհայտ էր դժգոհության ալիքը երկրում, ու այս պետք է լինեին տրամաբանական զարգացումները: Ժողովուրդը չէր կարող անմիջապես բողոքի ալիք բարձրացնել, քանի որ ընտրությունների սկսվելուց առաջ հաշվված ժամերի ընթացքում էին դատարանները վճիռներ կայացրել ընդդիմության ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներին ընտրապայքարից դուրս թողնելու մասին: Եվ փաստորեն սա դարձավ առիթը, որը մեզ համար նկատելի եւ կանխատեսելի էր: Ժողովուրդն ընկալեց, զգաց, թե ինչ է կատարվում, ընտրություններից օրեր անց միայն եւ ոտքի ելավ: Մինչ այդ մոլորության մեջ էին, քանի որ միշտ ասվում էր, թե սպասեք, դատարանը կորոշի եւ այլն»: Սակայն երբ խնդրեցինք մեկնաբանել, թե կարելի՞ է արձանագրել, որ Վրաստանով եւ Ուկրաինայով սկսած հեղափոխությունների ալիքը հասավ նաեւ Միջին Ասիա՝ պրն Մարգարյանն ասաց. «Առայժմ չեմ կարող նման գնահատական տալ: Ես շփվել էի Ղրղըզստանի ընդդիմադիր գործիչներից մի քանիսի հետ, որոնք այն ժամանակ վերլուծություններ էին անում, սակայն դրանք չէին փորձել դեռեւս փոխանցել ազգաբնակչությանը: Նրանք խոսում էին Ղրղըզստանի ապագայի, վաղվա օրվա մասին, թե ինչ ճանապարհ է ընտրելու իրենց երկիրը, այսինքն՝ ամբողջատիրությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն: Իսկ ինձ համար ուղղակի զարմանալի էր, որ ժամանակակից աշխարհում կա երկիր, որտեղ թեկնածուներից միայն 17-ը նախագահի հարազատներն են, այդ թվում՝ որդին, դուստրը, փեսան… Ես նման դեպք չէի տեսել»: Եվ վերջապես՝ անդրադառնալով այն լուրերին, թե Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւն արդեն իսկ հեռացել է Բիշքեկից՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահն ասաց. «Մեկ անգամ եւս փաստվեց, որ ստիպողաբար հնարավոր չէ ոչինչ անել: Փորձ արվեց իշխանության հանձնում իրականացնել, որը ձախողվեց ժողովրդի ճնշմամբ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել