Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ՞Ն

Մարտ 25,2005 00:00

ԲԺՇԿԱԿԱՆ
ՍՏՈՒԳՈՒՄ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ՞Ն Անցյալ տարի Հայաստանում տուբերկուլյոզից
մահացել է 148 հիվանդ, որից 1-ը՝ երեխա, թեեւ մահացության ցուցանիշը 2003-ի համեմատ
նվազել է 6.2 տոկոսով: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց առողջապահության
նախարարության տուբերկուլյոզի գլխավոր մասնագետ Նելլի Մարգարյանը: Մարտի 24-ը
նաեւ տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Ըստ վիճակագրական տվյալների,
աշխարհում տարեկան մոտ 8.8 մլն տուբերկուլյոզի նոր դեպք է հայտնաբերվում, հիվանդության
պատճառով շուրջ 2 մլն մարդ մահանում է: Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը
նշեց, որ մեր հանրապետությունում հիվանդների բուժումն անվճար է, պետբյուջեից 1 հիվանդի
համար տարեկան հատկացվում է 360 հազար դրամ: Հայկ Դարբինյանի խոսքերով՝ «մենք 12-15
հիվանդ էլ ունենք կալանավայրերում, նրանք նույնպես բժշկական լուրջ վերահսկողության
տակ են, եւ երբեւէ ոչ նրանց, ոչ էլ մյուս հիվանդների կողմից որեւէ բողոք չի եղել,
թե հիվանդանոցում իրենցից բուժման կամ ախտորոշման համար գումար են պահանջել»: Հիվանդությունը
փոխանցվում է շփման միջոցով: Հարցին, թե ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ խանութներում
վաճառվող թխվածքը տուբերկուլյոզով հիվանդ չի պատրաստել, պրն Դարբինյանը պատասխանեց.
«Բոլոր խանութներում իրականացվում է լուրջ վերահսկողություն, եւ բոլոր վաճառողները
կամ սննդի հետ առնչվողները պարտադիր ստուգվում են, հետո էլ այդ հիվանդները հեռվից-հեռու
երեւում են»: Հիվանդության ախտանշաններն են ախորժակի կորուստը, շուտ հոգնածությունը,
երկարատեւ ջերմությունը, 2-3 շաբաթվա ընթացքում չբուժվող հազը եւ գիշերային առատ
քրտնարտադրությունը, եւ դժվար է պատկերացնել, որ գնորդը կնկատի այդ նշանները: Առավել
եւս՝ երբ թխողին հաճախորդները չեն էլ տեսնում: Ի դեպ, Ագաթանգեղոսի եւ Տիգրան Մեծի
փողոցներում գտնվող մեր այցելած բոլոր խանութներում վաճառողները ոչ միայն այս հիվանդության
համար ստուգման չէին ենթարկվել, այլեւ առաջին անգամ էին լսում այդ մասին: Հ.
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել