Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ»՝ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Մարտ 25,2005 00:00

Հայաստանի
պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի ազգային պատկերասրահը, առաջին անգամ
Հայաստանում, ապրիլի 6-ից մայիսի 18-ը կանցկացնեն «Ազգային պատկերասրահ» երաժշտական
փառատոնը: Հանդիպեցինք Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեսական ղեկավար եւ գլխավոր
դիրիժոր Էդուարդ Թոփչյանին եւ խնդրեցինք պատասխանել երկու հարցի: – Յուրաքանչյուր
ծրագիր, միջոցառում ունի իր հիմնավորումը: Ո՞րն է Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք
այս միջոցառման առիթը: – Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների
առջեւ. մի կողմից սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամի հետեւանքով առաջացած պետության
եւ հասարակության անտարբերությունը մշակութային արժեքների պահպանման, դասական արվեստի
զարգացման խնդիրների նկատմամբ, մյուս կողմից՝ ինֆորմացիայի անվերահսկելի ներթափանցման
պայմաններում մշակութային ցածրարժեք «պրոդուկցիայի» ներհոսքը, դրա հետեւանքով առաջացած
բարոյահոգեբանական խոր ճգնաժամը: Անհրաժեշտ է քարոզչական գործունեությամբ, փառատոների,
մասսայական այլ միջոցառումների անցկացման միջոցով բարձրացնել դասական արվեստի դերն
ու նշանակությունը, նոր ու հետաքրքիր գաղափարներ, լուծումներ առաջադրել հասարակությանը:
Կան տարբեր եղանակներ՝ մարդկանց ծանոթացնելու ճարտարապետության, երաժշտության, կերպարվեստի
գլուխգործոցներին: Մենք եւ Ազգային պատկերասրահի տնօրինությունը ընտրել ենք այն տարբերակը,
երբ մարդու հուզական աշխարհին ազդելու է գալիս արվեստի մի քանի տեսակների համադրումը:
Այս ծրագիրը միտված է նաեւ հասարակության ուշադրությունը սեւեռելու Հայաստանում դասական
արվեստի պահպանման ու զարգացման, մշակութային օջախների հիմնախնդիրների լուծմանը՝
պետության, գործարար մարդկանց մասնակցությամբ: Ցավով բերեմ 2003թ. կատարված մի հետազոտության
արդյունք, որի հավաստմամբ, 3 մլն 200 հազար բնակչություն ունեցող Հայաստանը (ըստ
մարդահամարի արդյունքների) ունի դասական երաժշտության ընդամենը 5000 երկրպագու: –
Տեղեկացրեք, խնդրեմ, միջոցառման նպատակներին ու խնդիրներին: – Հիմնական նպատակը
հայտնի երաժիշտ-կատարողների, անսամբլների կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական
երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է հայ հանդիսատեսին: Փառատոնը նշանակալից է
նրանով, որ համերգները տեղի են ունենալու Պատկերասրահի դահլիճներում՝ հայ, ռուսական,
արեւմտաեվրոպական կերպարվեստի գլուխգործոցների խորհրդանշական ազդեցության յուրահատուկ
մթնոլորտում: Հանդես կգան Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա
Նավասարդյանը, Բարսեղ Թումանյանը, «Հովեր» կամերային երգչախումբը, «Սերենադ» կամերային
նվագախումբը եւ այլք: Վստահ ենք, որ դա իր հերթին կնպաստի կատարվող երաժշտության
նորովի հնչողությանն ու մեկնաբանությանը: Աշխարհում անցկացվող նմանատիպ փառատոները
մեծ ընդունելություն եւ սեր են վայելում արվեստասերների շրջանում՝ ճանաչում բերելով
ոչ միայն մասնակից արվեստագետներին, այլեւ մշակութային կենտրոններին, քաղաքներին:
Պետք է նշել Մոսկվայի Պուշկինի անվան պատկերասրահում անցկացվող ավանդական «Դեկտեմբերյան
երեկոներ», Լուվրի, Դրեզդենի պատկերասրահներում անցկացվող երաժշտության եւ արվեստի
մյուս փառատոները: Այո, այդ փառատոների հաջողությունները ոգեւորեցին մեզ: Կարծում
ենք, մեզ մոտ էլ դրանք կդառնան ավանդական: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել