Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ՏԱԳՆԱՊ

Մարտ 25,2005 00:00

Աղերսում
են հազվագյուտ ցուցանմուշները Այս տողերը պետք է գրվեին մի քանի տարի առաջ
կամ գոնե անցյալ տարվա սեպտեմբերին, երբ դժբախտությունն ունեցա հրավիրելու արտասահմանցի
բարեկամիս Սարդարապատի ազգագրության թանգարան՝ ծանոթանալու ոչ միայն մեծն Ռաֆայել
Իսրայելյանի ձեռամբ ստեղծված հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկին,
այլեւ քարե դարից մինչեւ մեր օրերը հասնող մշակութային արժեքներին, որոնք ի պահ են
տրվել այնտեղ նրա ստեղծման առաջին իսկ օրվանից։ Իրազեկ լինելով թանգարանի
անմխիթար վիճակին՝ կարծում էի, թե վերականգնումից հետո այն փոքր-ինչ բարեկարգ տեսք
կունենա, սակայն տպավորությունն առավել քան բացասական էր։ Խոսքս հատկապես ամենաարժեքավոր
ցուցանմուշների չափազանց վատ պահպանման, ընդհանուր ցուցադրության խառնաշփոթի, այցելուին
մատուցման անփույթ, անհրապույր եղանակի մասին է։ Էլ չեմ խոսում ցուցասրահներում տիրող
անտերության, հատ ու կենտ երեւացող, ավելի ճիշտ՝ չերեւացող հսկիչների տնավարության,
երկրորդ հարկի սրահում նավթալինի անտանելի հոտի մասին։ Գուցե անտեղյակ եմ
թանգարանի գիտաշխատողների արժեքավոր ուսումնասիրություններին, սակայն մեկ բան պարզ
է, որ թանգարանները նախ եւ առաջ կոչված են թանգարանային արժեքները պահպանելու եւ
պատշաճ ցուցադրելու։ Երեք ու կես հազարամյա վաղեմության բրոնզե արձանադրոշներն ու
պաշտամունքային եզակի առարկաները, որոնք համաշխարհային նշանակություն ունեն
եւ կարող էին զարդարել աշխարհի լավագույն թանգարանները, այստեղ նույնիսկ չեն նկատվում՝
իրենց խունացած, խեղճացած տեսքով եւ անշուք ցուցադրությամբ։ Սա դեռ չարյաց փոքրագույնն
է։ Ի՞նչ անուն տալ այն մարդկանց, ովքեր դարերով խոնավ հողի մեջ մնացած պղնձե նրբագույն,
փխրուն իրը ցուցադրում են առանց կայուն հենարանի՝ կիսով չափ օդում կախված, կամ շենքի
վերանորոգման ժամանակ պահարանը քարշ են տալիս այս ու այն կողմ՝ առանց այնտեղից հանելու
եզակի ցուցանմուշը, որը, ի վերջո, ընկնում եւ կոտրվում է։ Մինչ այդ, այն մեկ անգամ
եւս կոտրվել էր, երբ ուղարկվել էր Գերմանիա՝ ցուցադրության։ Իսկ ի՞նչ կարիք կա տեղաշարժել
այնպիսի նյութեր, որոնք փոխադրելի չեն, թեկուզ դա լինի արտասահմանյան ցուցադրության
համար։ Այսպես, մենք մեր արժեքների արժեքը չգիտենք: Հարկ եմ համարում տեղյակ պահել
ոմանց, որ հնագիտական համարժեք նյութեր հայտնաբերվել են նաեւ Թուրքիայի տարածքից։
Դրանք ողջ աշխարհին հայտնի խեթական պաշտամունքային արձանիկներն են՝ վաղ հնդեվրոպական
մշակույթի հրաշալի նմուշներ, որոնք էթնիկ-ազգաբանական տեսակետից բոլորովին առնչություն
չունեն թուրքերի հետ։ Ավելորդ է ասել, թե դրանք ինչպես են ցուցադրվում Անկարայի թանգարանում
(այն շահել է առաջնություն 20 երկրների 60 թանգարանների մեջ), իսկ արձանախմբերից
մեկի խիստ մեծացրած պատճենը զետեղված է քաղաքի հրապարակներից մեկում։ Եվ,
ո՜վ զարմանք, այս բոլորից հետո, հանրապետության մի շարք թերթերում աղմուկ է բարձրացվում
Սարդարապատի թանգարանի նորանշանակ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, հնագետ
Լավրենտի Բարսեղյանի դեմ, որը պատահական մարդ չէ, եղել է թանգարանի հիմնադիրն ու
առաջին տնօրենը։ Օր ու գիշեր հավաքել է Հայաստանի հնագիտական եւ ազգագրական նյութերի
լավագույն նմուշներ, կազմակերպել է ցուցադրություններ եվրոպական մի շարք երկրներում
եւ հակառակը։ Լ. Բարսեղյանի կազմակերպչական անսահման կարողությունների եւ խստապահանջության
շնորհիվ, այդ տարիներին թանգարանը դարձել էր եվրոպական մակարդակի մշակույթի օջախ։
Ի դեպ, նրա ջանքերի շնորհիվ էր, որ Ցեղասպանության թանգարան՟ինստիտուտը հասավ միջազգային
ճանաչման։ ՍԵԴԱ ԴԵՎԵՋՅԱՆՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության
ինստիտուտի ավագ գիտաշխատակից, պ.գ.թ. Հ. Գ. Համակարծիք լինելով
Ս. Դեւեջյանի մտորումներին, մի խումբ հնագետներ, ազգագրագետներ եւս մտահոգ են թանգարանի
շուրջ ստեղծված իրավիճակով։ «Մենք խիստ անհանգստացած ենք թանգարանի հիմնադիր- տնօրենի
դեմ արվող քայլերից։ Լ. Բարսեղյանը մի շարք մշակութային օջախների, թանգարանագիտական
հատուկ դպրոցի հիմնադիր է։ Մեծ է նրա ավանդը երիտասարդ կադրերի պատրաստման գործում։
Շատ երիտասարդ հնագետներ, ազգագրագետներ իրենց աշխատանքային մկրտությունը ստացել
են Սարդարապատի հուշահամալիրի Հայաստանի ազգագրության թանգարանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել