Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փնթի վարչարարության օրինակ

Մարտ 25,2005 00:00

Նամակ խմբագրությանը, որ վերահասցեագրում
ենք Հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին: Տարիներ առաջ, երբ կինս
եւ ես աշխատում էինք դպրոցում, շատերի նման մենք էլ մի առեւտրի փոքրիկ կետ բացեցինք
Թալինի շրջանի Մաստարա գյուղում, ուր վաճառում էինք գրենական պիտույքներ, առաջին
անհրաժեշտության ապրանքներ: Այդպես աշխատեցինք 4 տարի: Եկավ մի ժամանակ, երբ թոշակի
անվան տակ ինձ ազատեցին պաշտոնից, կինս մահացավ, ապառքները հասան զգալի չափերի, այլեւս
չդիմացա մրցակցությանը, սնանկացա եւ 1998թ. որոշեցի փակել մեր օբյեկտը: Այդ ժամանակ
ես վճարել էի հարկային բոլոր վճարները, «0 պարտքով» տվել եմ հայտարարություն՝ օբյեկտը
փակելու համար: Հարկային տեսչությունում ինձ ասացին՝ եթե դուք փորձեք առանց մեր գիտության
օբյեկտը բացել, կտուգանվեք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ես դրա
համար հայտարարություն տվեցի եւ ստորագրեցի: Որպես միայնակ թոշակառու, մանկավարժ,
ուզեցի օգտվել «Փարոսի» ծառայությունից: Իմ միավորները 40-ից բարձր էին, բայց քանի
որ համակարգչում գրանցված էի որպես անհատ ձեռներեց, իմ միավորները դարձել էին զրո
եւ չէի կարող ընդգրկվել համակարգում: Ինձ խորհուրդ տվեցին լուծարել այդ օբյեկտը:
Դիմեցի Թալինի պետռեգիստրին, որտեղ ասացին՝ պետք է հարկայինից ներկայացնեմ տեղեկանք
այն մասին, որ հարկային պարտքեր չունեմ: Թալինի հարկային տեսչությունում ասացին,
որ պետք է գնալ Գյումրիի մաքսատուն, այնտեղից տեղեկանք բերել, որ պարտք ու պահանջ
չունեք, նոր դրա հիման վրա քեզ տեղեկանք կտանք, կտանեք Աշտարակի մարզի հարկայինին,
նրանք կկնքեն (մենք կնիք չունենք), նոր կտաք պետռեգիստրին: Սակայն կորել էր իմ լիցենզիայի
վկայականը, որի համար պետք է հայտարարություն տայի Երեւանի թերթերում եւ ֆինանսական
ծախսերի հետ կապված այլ խոչընդոտներ: Իսկ ես տնտեսապես, ֆիզիկապես ի վիճակի չէի:
Այդպես էլ լուծարման հարցը մնաց: Այս ամենից անցել է 7-8 տարի, ոչ ոք ինձ
չի անհանգստացրել: Այս տարվա փետրվարի 20-ին մի ծանուցագիր եմ ստացել, որ 2003թ.
հունվարին, նոր օրենքի հիման վրա, ես՝ որպես անհատ ձեռներեց, պետք է մուծեմ 120 000
դրամ հարկ՝ որպես 2004թ. հարկավճար, 70 000 դրամ՝ որպես տույժ: Միաժամանակ զգուշացրել
են՝ եթե չմուծեք, ապա այն դատարանի միջոցով, բռնի կգանձենք, այդ ժամանակ ինձ համար
ավելի վատ կլինի, կգումարվի նաեւ դատարանի ծախսը: Ես հավատում եմ նրանց, քանի որ
օրենքը նրանց կողմն է, ոչ թե անապահով տնտեսվարողների: Ես ակամա հիշեցի հայտնի անեկդոտի
գյումրեցի հարբած մարդուն, որը պառկած է հրապարակում, միլիցիան գալիս է եւ կարգադրում
գնալ քաղմաս: Նա պատասխանում է՝ «այ օղուլ, եթե կրնամ քաղմաս էրթալ, էն ա կերթամ
մեր տուն, էլ քաղմասն ի՞նչ մեղքս է»: Եթե կարողանայի հարկավճարները ժամանակին մուծել,
առեւտուրս կշարունակեի, հարկավճարները կմուծեի, այլ ոչ թե կփակեի օբյեկտս: Թոշակառու,
միայնակ մանկավարժ եմ, իմ հասանելիք թոշակը վերցնում են փոստում՝ էլեկտրական էներգիայի,
գազի, հեռախոսի, ջրի, հողի եւ այլ ծառայությունների վարձավճարների դիմաց եւ ես տուն
եմ վերադառնում առանց որեւէ լումայի: Որպես մտավորական, ինձ ուղղակի զարմացնում
է. եթե օբյեկտը չի աշխատում, շահույթ չի բերում, որտեղի՞ց պետք է մուծեմ արհեստականորեն
ստեղծված հարկավճարները: ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԱրագածոտնի մարզ,
Մաստարայի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել