Հետաքննող լրագրողներ «Ռեգիոն» կենտրոն ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՐԵՔ ՓՈՐՁ Հարավային Կովկասի երեք երկրները վարում են եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականություն, ինչը միայն Եվրոպայի Խորհրդին նրանց անդամակցությամբ չի արտահայտվում: Ընդհանուր առմամբ տարածաշրջանում այսօր նշմարվում է նաեւ եվրոպական ռազմաքաղաքական (ՆԱՏՕ) եւ տնտեսական (ԵՄ) կազմակերպությունների իսկական անդամը դառնալու ձգտումը: Թվում է, թե հարավկովկասյան երկրների եվրոինտեգրման եւ Եվրոպայի ընդլայնման գործընթացները պետք է ունենան միմյանց ընդառաջ ուղղվածություն, սակայն առանձին բնագավառներում այդ գործընթացների հետ կապված խնդիրները դիտարկելիս այլ տպավորություն է ստեղծվում: Ավելին, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքական դաշտում այսօր կան ոչ միանշանակ, նույնիսկ հակադիր կարծիքներ իրենց երկրների եւ եվրոպական տարբեր կառույցների հնարավոր մերձեցման վերաբերյալ: Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը փորձել է ի մի բերել տարածաշրջանի երեք երկրներում շրջանառվող կարծիքները մեկ ընդհանուր պատկերի մեջ: Պատկեր, որտեղ կան երեք երկրների քաղաքական առաջնորդների կարծիքները (հարցազրույցների շարք), վերլուծաբանների եւ փորձագետների մեկնաբանությունները (առանձին հոդվածներ) եւ բանավեճերը (վերջերս կազմակերպված ինտերնետ-կոնֆերանսի նյութեր): Հոդվածներն ու կոնֆերանսի նյութերը կտպագրվեն առաջիկա երկու ներդիրներում: Այժմ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ տարածաշրջանի երեք երկրների քաղաքական առաջնորդների պատասխաններից: Ստացված նյութերին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ՝ www.regioncenter.org: 1. Արդյո՞ք ՆԱՏՕ-ին, ԵՄ-ը եւ եվրոպական այլ կառույցներին ձեր երկրի անդամության հարցը գտնվում է արտաքին քաղաքականության օրակարգում, եւ ինչպե՞ս է վերաբերվում դրան ձեր կուսակցությունը։ Հաջի Հաջիաղա Նուրի- Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգը ներառում է անդամությունը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ այլ եվրոպական կառույցների մեջ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի «Գոծընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, ԵՄ-ի «Նոր հարեւաններ» ծրագրի անդամ է։ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի լիիրավ անդամ է։ Դրա հետ միասին, Ադրբեջանի Սահմանադրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղադրում։ Այս առումով՝ մեր կուսակցությունը կտրականապես դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական բլոկին։ Մենք համարում ենք, որ տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանային անվտանգության վրա։ Ինչ վերաբերում է երկրի անդամությանը ԵՄ-ին եւ մյուս եվրոկառույցներին, ապա մեր կարծիքն այն է, որ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում եվրոպական ստանդարտներին մոտենալը բարենպաստ պայմաններ է ստեղծում ճշմարիտ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական պետության եւ փոխվստահելի միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Ակակի Ասաթիանի- Վրացական տրադիցիոնալիստների միության նախագահ Կյանքի վերջում Չերչիլին հարցրել են, թե պատրա՞ստ է հանդիպելու Աստծո հետ։ Նա պատասխանել է, թե վաղուց պատրաստ է, բայց վստահ չէ, թե Աստծուն դա բավականություն կպատճառի։ Այնպես որ, ես վստահ չեմ, թե մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնում են։ Ես կարծում եմ, որ մենք ինքներս պետք է հասնենք այնպիսի վիճակի, որպեսզի իսկապես դառնանք եվրոպական երկիր, բավարարենք պահանջներին թե՛ տնտեսական, թե՛ պետական կառույցների, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առումներով։ Եվ ռազմական կարողությունները նույնպես պետք է բավարարեն՝ եթե ոչ բոլոր ստանդարտներին, ապա գոնե ինչ-որ մակարդակի վրա։ Վերցնենք, ասենք, մերձբալթյան երկրների օրինակը։ Այս գործում նրանք առաջինն էին, բայց պետք է խոստովանել, որ կովկասյան հանրապետությունների համեմատությամբ նրանք ավելի լավ դիրքում էին գտնվում։ Ես կարծում եմ, որ Արեւմուտքի համար դա ռազմավարական խնդիր է։ Մեզ մոտ, չգիտես ինչու, դրան նայում են որպես ինչ-որ մեկի հաշվին ապրելու հնարավորության։ Նրանք մտածում են, որ մեր խնդիրները կլուծեն ուրիշները, բայց այդպես չի կարող լինել։ Դավիթ Շահնազարյան- «Հայոց Համազգային Շարժում» ?կուսակցության վարչության անդամ Հայաստանի ներկայիս իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկրի արտաքին քաղաքական օրակագը չի ներառում ՆԱՏՕ-ին անդամակցության հարց: Միաժամանակ նրանք հռչակել են Եվրամիությանը եւ եվրոպական այլ կառույցներին անդամակցելու կուրս: Սակայն, իրականում, Հայաստանի ներկայիս իշխանությունները իրականացնում են, ի հաշիվ Հայաստանի անկախության, Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականություն: Դրան զուգահեռ, անվտանգության խնդիրները կապելով բացառապես Հայաստանում գտնվող ռուսական ռազմական ներկայության հետ, արտաքին քաղաքականությունը ծառայեցվում է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի՝ դեպի Հարավային Կովկաս ընդարձակումը հնարավորինս արգելակելու նպատակին: Հայոց Համազգային Շարժման տեսակետը եղել եւ մնում է այն, որ Հայաստանն իր անվտանգությունը կարող է ապահովել բացառապես Եվրոատլանտյան համակարգում: Այդ իմաստով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է էապես փոխվի: Մասնավորապես՝ վերականգնելով Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները, Հայաստանը պետք է զուգահեռաբար իրականացնի ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու քաղաքական կուրս: 2. Եվրոպական կառույցների մեջ ինտեգրումը համարվո՞ւմ է. ա) այլընտրանք չունեցող քայլ, որը հարուցված է միջազգային հարաբերությունների ներկա իրողություններով, բ) ձեր երկրի աշխարհաքաղաքական խնդիրների լուծման միջոց, գ) ձեր երկրի հասարակական հարաբերությունների, տնտեսության զարգացման խթան: Իսա Գամբար- «Մուսավաթ» կուսակցության նախագահ Եվրոինտեգրման այլընտրանքը Ադրբեջանի համար մեկուսացումն է` Թուրքմենստանի, այսպես կոչված, «չեզոքության» նման, Իրանի հետ մերձեցումը կամ եվրասիականությունը Ռուսաստանի գլխավորությամբ։ Եվրոինտեգրման համեմատությամբ բոլոր այս այլընտրանքները թերի են եւ թույլ չեն տալիս հաղթահարել սոցիալ-տնտեսական հետամնացությունը, ապահովել երկարաժամկետ անվտանգություն։ Յոսեբ Շատբերաշվիլի- Վրաստանի լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Առաջարկված կետերից յուրաքանչյուրն էլ ընդունելի է մեզ համար, բայց գլխավորն այն է, որ դա խթան է Վրաստանի հասարակական հարաբերությունների եւ տնտեսության զարգացման համար։ Վրաստանը որոշել է իր արեւմտամետ զարգացման ուղին այն ժամանակ, երբ ընդունել է քրիստոնեություն։ Դարերի ընթացքում մեկ անգամ չէ, որ հաստատվել է Վրաստանի կապվածությունը արեւմտյան մոդելին։ Իսկ այժմ մենք ձգտում ենք անմիջական եւ առանց այլընտրանքի ինտեգրման եվրոպական կառույցների մեջ։ Բայց դա չի նշանակում, թե մենք անտեսում ենք Արեւելքը, Ասիան։ Մենք նրանց համարում ենք մեր գործընկերները, բայց քաղաքական եւ տնտեսական ինտեգրումը կապում ենք Արեւմտյան Եվրոպայի հետ։ Արամ Զավենի Սարգսյան- «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրումը բխում է համաշխարհային զարգացման այսօրվա համատեքստից եւ էական խթան կհանդիսանա մեր երկրում հասարակական, քաղաքական հարաբերությունների, տնտեսության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորված մեխանիզմների ձեւավորման համար: Մեր կարծիքով՝ եվրոպական ուղղությունը այլընտրանք չունի եւ երաշխավորում է Հայաստանի կայուն զարգացումը: 3. Ձեր կարծիքով, առաջին հերթին ինչի՞ն կարող են նպաստել ձեր երկրի սերտ հարաբերությունները եվրոպական կառույցների հետ. ա) ՆԱՏՕ-ի իսկական անդամ դառնալուն, բ) սոցիալ- հասարակական եւ քաղաքական հարաբերությունների եվրոպական նորմերի ներդրմանը, գ) նյութական օգնություն ստանալուն: Արազ Ալիզադե- Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Մեր կուսակցության կարծիքով՝ եվրոկառույցների հետ Ադրբեջանի ավելի սերտ փոխհարաբերությունները կարող են նպաստել, առաջին հերթին, սոցիալ-հասարակական եւ քաղաքական հարաբերությունների եվրոպական նորմերի ներդրմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։ Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը, որ Ադրբեջանին է պարտադրվել հարեւան Հայաստանի ագրեսիվ քաղաքականությամբ, եվրոկառույցների հետ մեր երկրի ավելի սերտ հարաբերությունները առաջին հերթին պետք է նպաստեն արդարության, միջազգային նորմերի հաղթանակին եւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Նոդար Նաթաձե- Վրաստանի ժողովրդական ճակատ կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ի՞նչ չափով է ժողովրդավարությունը ավանդական Վրաստանի համար։ Առաջին՝ պատմականորեն Վրաստանը այն սակավաթիվ երկրներից է, որոնք միջնադարի ողջ շրջանը անցկացրել են այն ժամանակի միակ ժողովրդավարական ձեւի՝ ֆեոդալիզմի պայմաններում։ Այն եղել է Արեւմտյան Եվրոպայում, եղել է Վրաստանում, Ռուսաստանում չի եղել, չի եղել Չինաստանում, եղել է Ճապոնիայում։ Հայտնի է, որ ֆեոդալիզմը միջնադարի ժողովրդավարությունն է։ Վրաստանը պատմականորեն եղել է ֆեոդալական երկիր։ Հարկ է ընդգծել մեկ այլ կարեւոր բան. Վրաստանի խիստ նշանակալի մի մասը համարյա 1500 տարի գոյություն է ունեցել զինվորական ժողովրդավարության պայմաններում։ Դա նույնպես ժողովրդավարություն է, թեեւ ոչ այնպիսի բարձր մակարդակի, ինչպիսին ֆեոդալիզմն է։ Հենց այդ երկու պատմական աղբյուրից էլ սնվել է ժողովրդավարական գիտակցությունը, մտածելակերպը։ Երբ սկսվեց Ռուսական կայսրության, բռնատիրության դեմ Վրաստանի ազգային-ազատագրական պայքարը, ապա այդ շարժման այլընտրանք չունեցող հիմքը հենց ժողովրդավարությունն էր։ Այդ փուլն այժմ էլ շարունակվում է, եւ անքակտելիորեն կապված է ժողովրդավարական մտածելակերպի հետ։ Իլիա Ճավճավաձեի՝ վրացական ազգային-ազատագրական շարժման առաջնորդի համար, որը սպանվեց, միանգամայն ակնհայտ էր, որ Վրաստանին սպասում է անխուսափելի ազատագրում Ռուսական կայսրությունից։ Դա որոշվում էր երկու հանգամանքի բերումով. աշխարհը զարգանում էր դեպի ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունն անհամատեղելի էր ռուսական իմպերիալիզմի հետ։ Երկրորդ՝ Ռուսաստանը հետամնաց երկիր է՝ համեմատաբար, իհարկե։ Այն կզարգանա, բայց արեւմուտքից հետ մնալու չափը կմնա հաստատուն, ուստի գլոբալ ուժերը թույլ չեն տա մարսել այն պատառները, որ նա կուլ է տվել։ Ահա այս երկու սյուների վրա էր հիմնված Ճավճավաձեի քաղաքական լավատեսությունը։ Այդ երկու գաղափարները ուժի մեջ են մնում նաեւ այսօր։ Արամ Գասպարի Սարգսյան- Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից։ Մի կողմից՝ լավ է, որ մենք փորձում ենք միանման դարձնել բոլոր երկրների օրենսդրությունները։ Դա շատ ավելի կարեւոր է հատկապես այն իրադարձությունների ֆոնին, որ կատարվում են աշխարհում, առանձնապես՝ կապված էկոլոգիայի հետ։ Դրական է նաեւ մարդու իրավունքների ունիֆիկացումը, մարդու իրավունքների, հասարակական հաստատությունների եւ ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ պետության հարաբերության ունիֆիկացումը։ Կցանկանայի մատնանշել միակ մինուսը. հարկ է հաշվի առնել տեղական առանձնահատկությունները, հատկապես տվյալ ազգի եւ պետության առանձնահատկությունները։ Հենց որ մենք սկսում ենք հապճեպորեն ունիֆիկացնել օրենսդրությունը, առաջանում են լուրջ խնդիրներ։ Անկարելի է միանգամից տեղափոխել ուրիշ տեղ այն, ինչ Եվրոպայի հասարակական հարաբերություններում կայունացել է 300-500 տարում։ Պետք է լինի առանձնահատկությունների որոշակի հավաքածու, որպեսզի անցումը տեղի ունենա հնարավորինս առանց ցավագին հետեւանքների։ Մասնավորապես, սեռական փոքրամասնությունները եւ նույն սեռի անհատների ամուսնություններն անընդունելի են ՀՀ-ի համար։ Դա չի մտնում մարդու այն իրավունքների տիրույթի մեջ, որոնց հետ անպայմանորեն պետք է հաշվի նստել։ Բացի այդ, զանգվածային մշակույթի այն մակարդակը, որ առկա է ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում, չի կարող անպայմանորեն տեղափոխվել մեր հողի վրա։ 4. Որո՞նք են ձեր երկրի՝ ՆԱՏՕ-ին, ԵՄ-ին ինտեգրվելու ամենաբարդ խոչընդոտները։ Ֆուադ Գոջաեւ- «Ումիդ» («Հույս») կուսակցության Գերագույն մեջլիսի նախագահ ՆԱՏՕ-ի մեջ մեր երկրի ինտեգրման ամենաբարդ խոչընդոտները հոգեբանական ասպեկտների հետեւանք են։ Ոչ միայն ադրբեջանական պետությունը, այլեւ հասարակությունը 70 տարիների ընթացքում ղեկավարվել են Մոսկվայից։ Այդ է պատճառը, որ շատերին թվում է, թե ղեկավարման լծակներն այժմ գտնվում են Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Ստրասբուրգում։ Ի միջի այլոց, իրենք՝ եվրոպական քաղաքական գործիչները, բազմաթիվ առիթներ են տալիս նման տրամադրությունների համար։ Օրինակ՝ նախագահական ընտրությունները 2003 թ.-ին։ Դրանք դեռ չէին հասցրել ավարտվել, երբ Ռիչարդ Արմիթեջը զանգահարեց եւ շնորհավորեց Իլհամ Ալիեւին հաղթանակի առթիվ, իսկ տեղական հեռուստատեսությունը տարածեց այդ հիմարությունը։ Կարելի՞ է ընտրություններում տարած հաղթանակի առթիվ շնորհավորել՝ նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների հրապարակումը։ Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանի բնակչությունը, այդպիսի բանից հետո, չպիտի մտածի այն մասին, որ երկիրը առաջվա պես ղեկավարվում է դրսից, իսկ ժողովրդի կամքը ֆիկցիա է։ Քաղաքական ընդդիմության մի մասը, կանխատեսելով համընդհանուր «հավանությունը», որոշեց դուրս գալ փողոց եւ արտահայտել իր բողոքը։ Ինչպես տեսնում ենք, նույն Արեւմուտքը, փոխանակ զարմանալու ետխորհրդային երկրի տարածքում միապետության վերականգնման հնարավորությամբ, գերադասեց զգուշացնել ընդդիմադիրներին՝ ընտրությունների արդյունքների վիճարկման «անմարդկային մեթոդների» համար։ Ելենա Թեւդորաձե- «Միասնական ազգային շարժում-ժողովրդավարներ» կուսակցության անդամ Ցանկանում եմ ընդգծել շատ կարեւոր մի պահ։ Եթե խոսենք, ասենք, բալթյան երկրների մասին, ապա նրանք բոլորը ԵՄ ընդունվեցին միասին, որպես տարածաշրջան։ Այսինքն՝ կարո՞ղ էին նրանք այդ կազմակերպության մեջ ընդունվել առանձին-առանձին։ Ոչ մի դեպքում։ Եթե մենք՝ Հարավային Կովկասի երեք երկրներս, չընթանանք Եվրամիության ներկայացրած պահանջներին համընթաց, ապա հնարավոր են նշանակալի դժվարություններ։ Ի միջի այլոց, հայտնի է Ադրբեջանի դիրքորոշումը. երկիրը հույս ունի դառնալ ԵՄ-ի անդամ, բայց Հայաստանն առայժմ նման հայտ չի ներկայացրել։ Այսինքն՝ տարածաշրջանային սկզբունքը եւ մոտեցումը կարող է եւ խոչընդոտ դառնալ։ Երկրորդ՝ մենք պետք է շատ աշխատենք՝ մեր օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու համար։ Այս գործընթացը բավական բարդ է եւ կարող է ձգվել որոշ ժամանակ։ Սա երկրորդ խոչընդոտն է։ Երրորդ՝ Վրաստանին անհրաժեշտ է լուրջ տնտեսական աճ եւ սոցիալական իրադրության բարելավում։ Մհեր Շահգելդյան- «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Ես կասեի, որ ինտեգրման համար կան լուրջ խոչընդոտներ։ Իհարկե, տարածաշրջանում կան որոշակի կոնֆլիկտային իրադրություններ, բայց դրանք մեզ համար արգելք չեն։ Մենք նպատակասլացորեն գնում ենք դեպի ինտեգրում ԵՄ-ի մեջ, եւ այդ տեսանկյունից մեզ համար կարեւոր ասպեկտներ են համարվում օրենսդրական բազան եւ քաղաքական կյանքի ժողովրդավարացումը։ Ի միջի այլոց, Հայաստանում ժողովրդավարական իրադրության վերաբերյալ վերջին եզրակացությունը մեզ համար դրական էր։ ՆԱՏՕ-ի մեջ ինտեգրումը կազմված է երկու՝ քաղաքական եւ զինված ուժերի համատեղելիության, օպերատիվ բաղադրիչներից։ Քաղաքական բաղադրիչի կապակցությամբ, մենք չենք ազդարարում մեր ցանկությունը՝ մտնելու ՆԱՏՕ-ի ռազմական կառույցի մեջ։ Ռազմական ուժերի օպերատիվ համատեղելիության տեսանկյունից՝ Հայաստանի որոշակի ստորաբաժանումներ, ի տարբերություն մեր հարեւանների զինված ստորաբաժանումների, ունեն բարձր մարտունակություն եւ համապատասխանում են ներկայացված չափանիշներին։ Բայց հարցն այստեղ առավելապես քաղաքական է, եւ ՆԱՏՕ-ն, որ ընդլայնում է իր ներկայությունը տարածաշրջանում, հայտարարում է հավասար իրավունքների վրա հիմնված մոտեցում եւ այն, որ մտադիր չէ զբաղվել հակամարտություններով, ինչը դրական է։ Այս տեսանկյունից՝ ՆԱՏՕ-ի հետ իրավահավասար համագործակցությունը շատ կարեւոր է մեզ համար։ Իհարկե, կա Թուրքիայի խնդիրը, որը ՆԱՏՕ-ի խոշոր անդամներից մեկն է եւ փակում է մեր ճամփան։ Բայց մենք հասկանում ենք, որ նույնիսկ մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն միայն Թուրքիա չէ։ Տիգրան Թորոսյան- Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի փոխնախագահ Ինտեգրման ճանապարհին ընկած ամենաբարդ խոչընդոտը մեր մտածողության մեջ արմատացած խորհրդային ժառանգությունն է եւ համակարգային ժողովրդավարական անցման անհրաժեշտությունը, որը շատ բարդ գործընթաց է։ Այս ամենը ավելի շուտ վերաբերում է Եվրամիության, քան ՆԱՏՕ-ի հետ ինտեգրմանը։ Անկեղծ ասած՝ ես ՆԱՏՕ-ն չեմ համարում եվրոպական կառույց, թեեւ այն հաճախ կապվում է Եվրոպայի հետ։ 5. Ինչպիսի՞ն է «եվրոպական ստանդարտներ» արտահայտության ըմբռնողությունը ձեր կուսակցության մեջ, հասարակության մեջ եւ որքանո՞վ են դրանք տարբերվում պաշտոնական տեսակետից։ Ալի Քերիմլի- «Ադրբեջանի Ազգային Ճակատ» կուսակցության նախագահ «Եվրոպական ստանդարտներ» արտահայտությունը մեր կուսակցության եւ հասարակության համար թանկ բան է նշանակում։ Հեռավոր 1989 թ.-ին, այն ժամանակ դեռեւս Ազգային Ճակատ համազգային շարժումը ամենակարեւորն էր համարում բաց հասարակություն կառուցելու, կառավարության՝ թափանցիկ եւ այդքանով՝ ինքնաբավ ֆինանսական քաղաքականության, տնտեսական ազատության, մարդու իրավունքների պահպանումը եւ դրա ձեւակերպումը սահմանադրական մակարդակով: Կարեւոր է նաեւ երկարատեւ եւ համաեվրոպական միասնական տան կառուցմանը վնասող ազգամիջյան հակամարտությունները ՄԱԿ-ի գործող որոշումների հիման վրա լուծելու ձգտումը։ Սակայն 1993 թ.-ին իշխանության եկած (ոչ առանց հանցագործ տարրերի օգնության, որոնց ղեկավարը Սուրեթ Հուսեյնովն էր) Հեյդար Ալիեւը խանգարեց Էլչիբեյի երիտասարդ նախագահական ապարատին՝ իրագործելու այդ մտահղացումը։ Ներկա իշխանություններին, որոնք «ղեկի մոտ» են արդեն գրեթե 12 տարի, ձեռնտու չէ նման բաներ հայտարարելը, քանի որ նրանք զբաղված են հարստություն կուտակելով եւ չեն առաջնորդվում ժողովրդի ցանկությամբ։ Բաչուկի Կարդավա, Վրաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցության նախագահ Այն, ինչ հայտարարված է պաշտոնական մակարդակով, բոլոր առումներով համընկնում է մեր տեսակետի հետ։ Տարբերությունն այն է միայն, որ ոմանք իրականացնում են այդ սկզբունքները, իսկ ուրիշները գերադասում են միայն խոսել այդ մասին։ Գուրգեն Արսենյան- Միացյալ աշխատանքային կուսակցության նախագահ «Եվրոպական ստանդարտներ» արտահայտության ըմբռնումը մեր կուսակցության մեջ ձեւականորեն չի տարբերվում պաշտոնական տեսակետից։ Իրականության մեջ, սակայն, մեր դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում պաշտոնականի հետ։ Ահա թե ինչու մենք Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրինք երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մեր նախագիծը, որը բազմաթիվ սկզբունքային կետերում տարբերվում է Ազգային ժողովի կոալիցիոն մեծամասնության նախագծից։ Նույնը վերաբերում է Ազգային ժողովի կանոնակարգին։ Մենք քննադատաբար ենք վերաբերվում նաեւ իրականացվող բյուջետային քաղաքականությանը, սկզբունքորեն դեմ ենք բազմակարծության դաշտի նեղացման եւ սահմանափակման բոլոր փորձերին՝ լինի դա հասարակական-քաղաքական, տնտեսական, թե սոցիալական ոլորտում։ Եվրոպական ստանդարտների մեր պատկերացումները ավելի մանրամասն շարադրված են մեր կուսակցության ծրագրում, համաձայն որի՝ Հայաստանը պետք է լինի եվրոպական տիպի պետություն։ 6. Առհասարակ կարո՞ղ է երկրի արտաքին քաղաքական կուրսը արտահայտել այնպիսի երկրների հասարակության կամքը, ինչպիսին ձերն է։ Ակիֆ Շահբազով- Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Մեր երկրի ավտորիտար ռեժիմի արտաքին քաղաքական կուրսը չի արտացոլում հասարակության կամքը։ Զվիադ Ձիձիգուրի- Ազգային ուժերի միավորում-Պահպանողականներ կուսակցության նախագահ Այն իշխանության ընտրությունը, որն այժմ պետության ղեկավարությունն է ստանձնել, ժողովրդի կամքն էր։ Իսկ այդ իշխանության ներկայացուցիչները սկզբից եւեթ հայտարարել են, որ կողմնորոշված են դեպի Արեւմուտք։ Այնպես որ վրացական հասարակության ցանկությունը հենց եվրոկառույցների մեջ ինտեգրումն է։ Դավիդ Սագանելիձե- «Նոր աջեր» կուսակցական միավորման գլխավոր քարտուղար Իհարկե, կարող է, բայց, ցավոք, դա ոչ միշտ է պատահում։ Պետությունը ղեկավարություն ունի հենց նրա համար, որպեսզի այն արտացոլի իր ժողովրդի կամքը, ցանկություններն ու կարծիքները։ Չնայած այն բանին, որ ներկա կառավարությունը պառլամենտ մտավ մեծամասնությամբ, ես կարծում եմ, որ դա պատահեց միայն այն պատճառով, որ ժողովուրդը բոլորովին չէր սիրում նախկին իշխանությանը։ Ցանկացած մեկը, որ այդ պահին կգար հեղափոխական լոզունգներով, կդառնար հաղթող։ Ժողովուրդն այնպես երջանիկ էր, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, որ լիովին վստահեց ներկա իշխանությանը։ Այդ օրվանից անցել է ավելի քան մեկ տարի, բաց ոչինչ չի փոխվել։ Իհարկե, կտրուկ փոփոխություններ պետք էլ չէր սպասել. մեր կարծիքով, իշխանության եկան նույն մարդիկ, որոնք ղեկավարում էին նախկինում։ Կես տարի ընդդիմության մեջ գտնվելը ոչինչ չփոխեց, դրանից նրանք չսկսեցին այլ կերպ մտածել։ Փաստորեն, նրանք հիմա անտեսում են ժողովրդին։ Այդ մարդիկ իշխանության եկան մեծ խոստումներով, բայց ոչինչ չկատարեցին։ 2005թ. հունվարին նախագահ Սահակաշվիլին ելույթ ունեցավ Ստրասբուրգում՝ զեկուցելով Հարավային Օսեթիայի հարցի կարգավորման մասին եւ, ցավոք, իր ելույթից առաջ նա այդ մասին չխոսեց ոչ մեկի հետ, նույնիսկ՝ իր թիմի մարդկանց։ Այդ կապակցությամբ այժմ խիստ տարատեսակ կարծիքներ կան թե՛ պառլամենտում, թե՛ կառավարության մեջ։ Իմ կարծիքով, սա նշանակում է, որ նախագահն իրեն իրավունք է վերապահում ժողովրդի անունից խոսելու ամենաբարձր ամբիոններից եւ ասելու այն, ինչ ուզում է։ Դա երկրի դիրքորոշումը չէ, նա իր ժողովրդի կարծիքից շատ է հեռացել։ Ստեփան Դեմիրճյան- Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ոչ միայն արտաքին քաղաքական կուրսը, այլեւ ընդհանուր առմամբ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը կարտացոլի հասարակության կամքը, եթե իշխանությունը ձեւավորված է ազատ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Գործող իշխանությունը չի արտացոլում հասարակության կամքը, քանի որ բռնազավթել է իշխանությունը՝ կեղծելով ընտրությունները։ Այս կապակցությամբ Հայաստանի թիվ մեկ խնդիրը օրինական իշխանության հաստատումն է։ Դա հետագա ժողովրդավարական փոխակերպումների նախադրյալն է։7. Արդյո՞ք տարածաշրջանի երկրների մասնակցությունը ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ ԱՊՀ-ի ծրագրերին փոխադարձաբար բացառող է, եւ ինչպիսի՞ վերաբերմունք ունի ձեր պետությունը, կուսակցությունը Ռուսաստանի, Իրանի եւ ուրիշ այնպիսի երկրների հետ ավելի սերտ գործընկերության հարցին, որոնք ավելի քիչ կամ բոլորովին ներգրավված չեն եվրոինտեգրման գործընթացի մեջ։ Թախիր Քերիմլի- «Վահդատ» («Միասնություն») կուսակցության նախագահ Մեր կուսակցությունը համարում է, որ տարածաշրջանի երկրները կարող են մասնակցել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՊՀ-ի ծրագրերում, բայց ոչ՝ ՆԱՏՕ-ի, ինչ ձեւով էլ որ դա լինի։ Մենք եղել եւ մնում ենք բոլոր հարեւան պետությունների հետ սերտ համագործակցության կողմնակից՝ բոլոր ոլորտներում հավասար գործընկերության, փոխադարձ հարգանքի եւ տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով, այդ թվում՝ Հայաստանի հետ, բայց միայն գրավված տարածքների ազատագրումից հետո։ Իլյաս Իսմայիլով- «Ադալյաթ» կուսակցության նախագահ Ներկա փուլում մեզ համար գլխավորը այն չէ, թե որտեղ կամ ում հետ է ավելի լավ։ Մենք ունենք մի խնդիր՝ Ղարաբաղը, եւ գլխավորը նշված երկրների վերաբերմունքն է այդ խնդրի նկատմամբ։ Մերաբ Չուխուա- «Ազատություն» («Թավիսուփլեբա») քաղաքական շարժման քարտուղար Ես չէի ասի, թե Ռուսաստանը չի ձգտում եվրոկառույցների մեջ ինտեգրման։ Նա պարզորոշ հայտարարել է, որ դեմ չէ այդ գործընթացին։ Ինչ վերաբերում է Վրաստանի հարաբերություններին Ռուսաստանի եւ առավել եւս՝ մերձավոր հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ապա մենք ամեն կերպ կօժանդակենք, որպեսզի մեր հարաբերությունները եւ մեր դիրքորոշումները համաձայնեցվեն, որպեսզի լինի ընդհանուր տեսակետ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների նկատմամբ, որպեսզի ինտեգրման ձգտումը լինի ընդհանուր։ Կարող եմ միարժեքորեն ասել, որ Վրաստանը պետք է դուրս գա ԱՊՀ-ի կազմից։ Կարծում եմ, որ մեր երկրի բնակչությունը եւս այս տեսակետի կողմնակիցն է։ Չէ որ այս կառույցը չկարողացավ նպաստել ետխորհրդային տարածքում առկա եւ ոչ մի հակամարտության լուծմանը։ ԱՊՀ-ն մեռած օրգանիզմ է։ Դա արդեն ԽՍՀՄ-ը չէ, բայց ոչ էլ անկախ երկրների միավորման նոր տեսակ է։ Վահան Հովհաննիսյան- Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Աշխարհագրական իմաստով մենք առհասարակ գտնվում ենք Եվրոպայի սահմաններից դուրս։ Քաղաքական իմաստով մենք եվրոպական մայրցամաքի մի մասն ենք, բայց գտնվում ենք նրա ծայրամասում, սահմանամերձ գոտում։ Ի միջի այլոց, Հայաստանը միշտ է գտնվել սահմանամերձ գոտում, ուստի՝ Հայաստանը չի կարող ունենալ միակողմանի կողմնորոշում։ Այդ առումով՝ ՆԱՏՕ-ի, ԱՊՀ-ի եւ ԵՄ-ի ծրագրերը մեզ համար իրար հակասող չեն, առավել եւս, որ այժմ այդ կառույցներն իրենք են իրար հետ համագործակցում այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք են ահաբեկչության, կոռուպցիայի, ստվերային տնտեսության, հանցագործության, թմրադեղերի եւ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարը։ Այստեղ ավելի շատ միավորող տարրեր կան, եւ Հայաստանը այդպիսի համագործակցության հանգուցային կետերից մեկն է։ Ավելին՝ վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ առաջ է քաշվել Արեւելքի եւ Արեւմուտքի, իսլամական եւ քրիստոնեական աշխարհների միջեւ քաղաքակիրթ փոխազդեցության գաղափարը, եւ այստեղ նույնպես Հայաստանը գտնվում է սահմանի վրա։ Հայ ժողովրդի պատմության մեջ չկան մարդուն կրոնական կամ ռասայական դրդապատճառներով հետապնդելու դեպքեր։ Այդ տեսանկյունից, հայ հասարակության հանդուրժողականությունը նման համագործակցության լավ օրինակ է։ Ուստի՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ մեր գործընկերությունը ոչ միայն չի հակասում մեր երկրի եվրոինտեգրման միտումներին, այլ, ընդհակառակը, հնարավորություն է ստեղծում նոր կամուրջներ հիմնելու եվրոպական կառույցների եւ այն երկրների ու տարածաշրջանների միջեւ, որոնք ներգրավված չեն այս գործընթացի մեջ։ 8. Կարո՞ղ է ձեր երկրի ինտեգրումը եվրոպական կառույցներին լիովին ապահովել նրա անվտանգությունը։ Ալի Ալիեւ- Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության նախագահ Միայն հիմարը, որն իրեն քաղաքական գործիչ է երեւակայում, կարող է ենթադրել, որ «ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ թեւանցուկ զբոսնելը» բավական է լիակատար անվտանգություն ունենալու համար։ Հարկ է հաշվի նստել բոլոր հարեւանների հետ, քանի որ հարվածը սովորաբար գալիս է ամենաանսպասելի կողմից։ Թող ինձնից չնեղանան վերլուծաբանները, բայց հենց Հայաստանի կապակցությամբ մենք հանգիստ ենք։ Լեւան Բերձենիշվիլի- Վրաստանի հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը Ոչ, չի կարող։ Յուրաքանչյուր երկիր կարող է լիովին ապահովել իր անվտանգությունը միայն որոշակի ուժեղ միությունների մեջ մտնելով եւ անպայման զարգացնելով իր պատասխանատվությունը, մեծացնելով սեփական անկախությունը նույնիսկ այդ կառույցներից։ Միշտ պետք է մտածել այն մասին, որ մի օր նույնիսկ եվրոպական կառույցները կարող են դադարել գոյություն ունենալուց, եւ ամեն ոք կմնա իր խնդիրների հետ մենակ։ Եվ հավանաբար նման իրադրություն կարող է առաջ գալ առանց նախնական զգուշացումների եւ խորհրդակցությունների։ Երբեք չի կարելի լիովին վստահել գործընկերներին, ինչպես մի անգամ Վրաստանը վստահեց Ռուսաստանին, թեեւ այդ ժամանակ նույնպես կային համաձայնություններ եւ ստորագրված փաստաթղթեր։ Թեեւ գործընկերների նկատմամբ պատասխանատվության վրա այդ բանը չպետք է անդրադառնա։ Վազգեն Մանուկյան- Ազգային ժողովրդավարական միության նախագահ Կարծում եմ, անվտանգության լիակատար ապահովումն անհնար է։ Արեւելյան Կիպրոսի դեպքում Հունաստանը եւ Թուրքիան գտնվում էին ՆԱՏՕ-ի մեջ, բայց դա չխանգարեց Կիպրոսի տարածքում ռազմական գործողություններին։ Ուստի՝ ես կարծում եմ, որ եվրոպական կառույցների հետ ինտեգրումը անվտանգության հարցը լուծում է մասամբ, բայց անհրաժեշտ են նաեւ այլ երաշխիքներ, մասնավորապես, տարածքային առումով պետք է ունենալ նաեւ այլ բլոկներ՝ սկսած Կովկասից մինչեւ Պարսկական ծոց։ Կան շատ հարցեր՝ տարածքային, տնտեսական, ազգային, որոնց լուծումները պետք է փնտրել այդ երկրներից յուրաքանչյուրի ինտեգրվածության մեջ։ Երկրները նաեւ պետք է միմյանց միջեւ կնքեն չհարձակման եւ փոխօգնության համաձայնագիր։ Այսինքն՝ անվտանգության ապահովումը միայն ԵՄ-ի օգնությամբ՝ դժվար հարց է։ 9. Հարավային Կովկասի ինտեգրման համար եվրոպական կառույցների ստանդարտ պահանջներում պարունակվող պայմաններից հատկապես որո՞նք են հարուցում ձեր կուսակցության գոհունակությունը կամ համարվում անընդունելի։ Ալի Ահմեդով- «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Մեր կուսակցությունը ներկայացված է պետական կառավարման բոլոր վերին ոլորտներում։ Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր էական միջազգային փաստաթղթերը ստորագրել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւը եւ վավերացրել է Միլլի Մեջլիսը, որտեղ գլխավոր դերակատարը մեր կուսակցությունն է, մենք ստորագրում ենք եվրոպական միջպետական կառույցների առջեւ ստանձնված պարտավորությունների յուրաքանչյուր տողի տակ։ Մեզ ձեռք է տալիս ժողովրդավարացման կուրսը, մարդու իրավունքների պահպանումը, կոռուպցիայի դեմ պայքարը (վերջերս նախագահը ստորագրեց համապատասխան Հրաման եւ արդեն առկա են առաջին արդյունքները)։ Մեզ ձեռք չեն տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտները։ Ըստ էության, կարգավորման ճանապարհը հասկանալի է։ Պետք է անվերապահորեն ազատել գրավված տարածքները եւ սկսել Հարավային Կովկասի զարգացման նոր դարաշրջան։ Տիգրան Թորոսյան- Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի փոխնախագահ Հարավային Կովկասի երկրների ինտեգրման նկատմամբ եվրոպական կառույցների պահանջը չի կարելի դիտել առանձին պայմանների տեսքով, քանի որ այդ դեպքում կորչում է ինտեգրման իմաստը։ Ուստի՝ մեր կուսակցությունը բոլոր այդ պահանջները դիտում է որպես մեկ ամբողջություն եւ համարում է արդարացի։ Մեզանում կան մարդիկ, որոնք եվրոպական հասարակության մեջ առկա արատավոր երեւույթները դիտում են որպես եվրոպական արժեքներ եւ, հակադրվելով դրանց, դրանք համարում են եվրոինտեգրման մաս։ Իրականում, ցանկացած հասարակություն ունի թերություններ, որոնց դեմ Եվրոպայում հանդուրժողաբար պայքարում են։ Դրանք հայկական հողի վրա տեղափոխելու եւ եվրոպական արժեքներ համարելու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Ալի Քերիմլի- «Ադրբեջանի Ազգային Ճակատ» կուսակցության նախագահ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, մեծ ասիմիլատորներից յուրաքանչյուրը (խոսքը այն ազգերի մասին է, որոնք ազդում են բնիկ ժողովուրդների կեցության եղանակի վրա) ազդեցության սկզբում անպայմանորեն դրական ներգործություն է ունենում բնիկ ժողովուրդների զարգացման վրա։ Հիշենք թեկուզ 19-րդ դարում Ադրբեջանի վրա Ռուսաստանի դրական ազդեցության մասին։ Եվրոխորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ այլ միջպետական կառույցներ շահագրգռված են Հարավային Կովկասի կայունությամբ։ Նրանց մտադրությունները պարզ են. խորհրդային համակարգի (ըստ էության՝ տոտալիտար) փլուզումից հետո նրանք գերադասում են հենց իրենց՝ հասարակություններին վստահել սեփական ժողովրդավարության ընտրության հարցը։ Լավ է, որ նրանք հավատում են Հարավային Կովկասում ժողովրդավարության հաղթանակին եւ ցանկություն են ցուցաբերում, որ այդ հաղթանակը լինի համաժամանակյա։ Լավ է եւ այն, որ նրանք մատնանշում են նախապատվությունները եւ առաջին տեղում դնում են մարդու իրավունքները, խոսքի եւ մամուլի ազատությունը, քաղաքական բանտարկյալների խնդիրը եւ այն բոլոր գլխավոր բաները, որոնք կապված են հումանիտար բլոկի հետ։ Օրը կգա (եւ դա կլինի շատ շուտ), երբ անկախ մեր տարածաշրջանի երկրների քաղաքական իշխանությունից նույնիսկ ամենաքարացած չինովնիկները (որոնց համար մարդը միայն խնդրող է եւ հաճախորդ) ավելի երկար կմտածեն նրան վիրավորելուց եւ քաղաքացու տեղ չդնելուց առաջ։ Քաղաքացիներն իրենք կսկսեն հարգել իրենց։ Այնպես որ, անձամբ ես եվրոատլանտյան քաղաքակրթությանն առնչվելու մեջ ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Դավիդ Սագանելիձե- «Նոր աջեր» կուսակցական միավորման գլխավոր քարտուղար Կարեւորագույն պահանջներից մեկը մարդու իրավունքների պահպանումն է։ Ցավոք, մենք «խորհրդային» հին սովորությամբ վարժվել ենք, որ մարդը երկրորդական, չնչին մի բան է, ուստի նրա իրավունքները անտեսվել են։ Այնուհետեւ գալիս է ժողովրդավարությունը։ Այդ բանն ասելիս ես հասկանում եմ ազնվորեն ընտրված պառլամենտ, նախագահ, իշխանության այլ ներկայացուցիչներ։ Ցավոք, թեեւ Վրաստանն արդեն տասնհինգ տարվա անկախություն ունի, ես դեռ չեմ տեսել իսկապես ժողովրդավարական ընտրություններ։ Բոլորն էլ Վրաստանում կեղծվել են թե՛ Շեւարդնաձեի, թե՛ ներկա իշխանությունների ժամանակ։ Եվ այն, որ փոփոխություններ են մտցվում ընտրությունների մասին օրենքի մեջ, իսկ այդ փոփոխությունները կընդունվեն պառլամենտական մեծամասնության կողմից, նշանակում է, որ նրանք, ովքեր այսօր իշխանություն են, կմնան իրենց դիրքերում մինչեւ կյանքի վերջը եւ կընտրեն իրենք իրենց։ Իրականում, համաձայն եվրոպական հաստատությունների պահանջների, երկրում ընտրությունները պետք է անցնեն օբյեկտիվ եւ ժողովրդավարական ձեւով։ Այնուհետեւ գալիս է միջէթնիկական հակամարտությունների լուծման պահանջը։ Այդպիսի խնդիրներ Կովկասում ունի ոչ միայն Վրաստանը, եւ քանի դեռ դրանք չեն լուծվել, անօգուտ է խոսել տնտեսական զարգացման եւ ինչ-որ երաշխիքների մասին։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը եւ առաջին հերթին՝ Ռուսաստանը, ընդհանուր լեզու գտնեն, մոռանան վիրավորանքները եւ մեկընդմիշտ լուծեն այդ հարցերը։ Ինձ մտահոգում են որոշ տնտեսական սանկցիաներ։ Մենք խոսում ենք, ասենք, մթերքների միասնական ստանդարտի մասին, բայց գործնականում մեր պետության համար այդ պահանջի կատարումը իրատեսական չէ։ Մենք դեռեւս չենք կարող արտադրել այնպիսի մթերքներ, որոնք տեղ կզբաղեցնեին եվրոպական շուկայում, քանի որ այնտեղ բարձր պահանջներ եւ վերահսկողություն կա։ Մեր արտադրությունը դեռ չի հասել նման մակարդակի։ Մենք հայտնվել ենք այնպիսի իրադրության մեջ, երբ մեր արտադրանքը չի արտահանվում, դրա փոխարեն, համարյա ամեն ինչ ներմուծվում է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի ճկուն տարբերակ գտնենք գոնե անցման շրջանի համար։ Եթե դրանից չսկսենք, ապա մեր տնտեսությանը սպասում է լիակատար քայքայում։ Արամ Կարապետյան- «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ ՆԺԿ-ն գտնում է, որ Հարավային Կովկասի պետությունների ինտեգրման եվրոպական պահանջներից Հայաստանի համար անընդունելի է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն առաջ քաշելը: Մենք գտնում ենք, որ պատմականորեն եւ ստեղծված իրողությունների համապատկերում առաջնային պետք է դիտել ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Իրակլի Մինդելի- Վրաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Կան որոշ պայմաններ, որոնք պահանջում են ավելի մեծ ուշադրություն։ Խոսքը այն պահանջների մասին է, որոնք վերաբերում են Վրաստանի տարածքում գտնվող ինքնավարություններին եւ թուրք-մեսխեթցիներին։ Եվրոկառույցները մեզանից պահանջում են լուծել այդ խնդիրները, եւ բնակչության մեծ մասի մոտ դա առաջ է բերում բացասական զգացումներ։ Ինչ վերաբերում է վերջին խնդրին, ապա Վրաստանում ոչ ոք չի համաձայնի, որպեսզի թուրք-մեսխեթցիներին կոմպակտ ձեւով բնակեցնեն այն վայրերում, որտեղ նրանք ապրել են նախկինում՝ Սամցխե Ջավախեթիում։ Դա հարուցում է նաեւ մեր բողոքը։ Ինչ վերաբերում է այն պահանջներին, որոնց մենք սատարում ենք, ապա դրանք մարդու իրավունքների, մամուլի ազատության, դատական իշխանության անկախության հարցերն են։ Իսա Գամբար- «Մուսավաթ» կուսակցության նախագահ Քաղաքական եւ տնտեսական համակարգի լիակատար արդիականացման պահանջը, ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պահպանումը, կոռուպցիայի հաղթահարումը, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդումը լիովին համապատասխանում են մեր կուսակցության հայացքներին եւ ստանում են մեր օժանդակությունը։ Որոշակի զգուշավորություն են հարուցում ԵՄ-ի՝ որպես քրիստոնյա երկրների ինչ-որ ակումբի մասին որոշ եվրոպական քաղաքական գործիչների շուրթերից հնչող արտահայտությունները, ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանին մղում են Լեռնային Ղարաբաղի հարցում մեր երկրի ինքնիշխանության հետ անհամատեղելի զիջումների Հայաստանի օգտին։