Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ

Մարտ 24,2005 00:00

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԲՈՂՈՔԵՑԻՆ Երեկ կրթության նախարար Սերգո Երիցյանն ու մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն այցելեցին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ: Մինչ նախարարները կխոսեին իրենց այցի նպատակներից, բուհի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը ներկայացրեց մանկավարժականի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հաջողությունները: Իսկ այդ պահին առաջին շարքերում նստած ուսանողներից շատերը, որ չգիտեին, թե ով է իրենց համերգներն ու ցուցահանդեսները գովում, միմյանց հարցնում էին. «Ով ա՞ էս մարդը»: «Այսօրվա հանդիպման նպատակն է ներկայացնել կրթական ասպարեզում կատարվող բարեփոխումները»,- ասաց ԿԳ նախարար Ս. Երիցյանը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 17-18-ին Նորվեգիայում ստորագրվելու է փաստաթուղթ՝ միանալու ենք Բոլոնիայի համաձայնագրին եւ 50 երկրների հետ լինելու ենք նույն կրթական տարածքում: Նրա հավաստմամբ՝ այդ փաստաթղթի ստորագրումից Հայաստանը միայն շահելու է: Օրինակ, հայաստանյան ցանկացած բուհի ուսանող, կարող է իր մի քննաշրջանը անցկացնել, ասենք, ֆրանսիական, բելգիական կամ մեկ այլ երկրի համանուն ուսումնական հաստատությունում: Խոսվեց նաեւ ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի եւ այլ նորամուծությունների ներդրման մասին: «Մենք այդպիսով փորձելու ենք ուսանողության գործը հեշտացնել եւ դասախոս-ուսանող հարաբերությունները պարզ, տեսանելի դարձնել: Ուզում ենք, որ Հայաստանում դերասանական վարպետություն անցածը գոնե 70%-ով համապատասխանի այն դերասանական վարպետությանը, ինչ անցնում են փարիզյան նմանօրինակ հաստատությունում… վա՞տ բան ենք ուզում»,-պաթետիկ տոնով հարցրեց Երիցյանը: Նաեւ խոստացավ. «Կրթության ասպարեզում բարեփոխումները կլինեն ոչ հեղափոխական, բնականոն: Իսկ Եվրոպական կրթական տարածքի ամբողջացումը պետք է ավարտենք 2010-ին»: Կրթության նախարարն ասաց, որ երկու նախարարությունները վերջապես որոշել են մեծ ուշադրություն դարձնել նաեւ գեղագիտական դաստիարակության խնդիրներին: Արդեն կա կառավարության կողմից հաստատված Գեղագիտական դաստիարակության մասին հայեցակարգ եւ պատրաստվում է Գեղագիտական կրթության եւ դաստիարակության մասին օրենքի նախագիծ: Ըստ Երիցյանի, նոր կրթակարգում կարեւորված է երաժշտության, արվեստի դերը դպրոցում: «Աշնանը տեղի կունենա վաղուց մոռացված մի ավանդույթ՝ դպրոցականների ինքնագործունեության փառատոն: Ժամանակին, երբ մեր գյուղի դպրոցի պարի խումբը Օպերայում ելույթ ունեցավ եւ 3-րդ տեղ գրավեց, մի 10 տարի մեր գյուղում այդ մասին էին խոսում»,- դպրոցական տարիները հիշելիս հուզվեց Սերգո Երիցյանը: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն էլ այլ բան երազեց, որ, օրինակ,Հարվարդի, Օքսֆորդի ու Լոմոնոսովի համալսարանների պես մանկավարժականն էլ ունենար իր ինքնատիպ ոճը: Հետո անդրադարձավ Հայաստանի փոքրությանը, մշակութային հիմնարկների մեծաքանակությանը եւ հարահոսով նախարարություն ներկայացող, աշխատանք պահանջող ուսանողներին: Հովեյանը ուսանողներին խնդրեց իրեն «նեղել իմաստուն, խելացի, հարձակողական հարցադրումներով», սակայն վերջիններս, կարծես, հարցեր չունեին: Փոխարենն ակտիվ էին դասախոսները: Գառնիկ Հովակիմյանին հետաքրքրում էր՝ դեռ երկա՞ր պիտի ոչ գերատեսչական ենթակայության մշակութային օջախները տուժեն տեղական իշխանիկների կամայականություններից: Մշակույթի նախարարը համաձայնեց, որ «որոշ մարզերում թատերական աքսեսուարը անձրեւների տակ է մնացել, թատրոնները ընկճված են, ժողգործիքների խմբեր համարյա չկան… ու ճիշտ կլինի, որ մարզային հիմնարկների զգալի մասը նորից վերադարձվի մեր գերատեսչությանը»: Սամվել Միքայելյանին, որը նաեւ Կամերային երաժշտական թատրոնում ռեժիսոր է աշխատում, հետաքրքրում էր իրենց թատրոնի ճակատագիրը: Կրկին սրված են տնօրեն-գեղարվեստական ղեկավար հարաբերությունները: Հովեյանն ասաց, որ իր կարծիքով նույնպես թատրոնի տնօրենն այնքան էլ իրավունք չունի նշանակել գեղարվեստական ղեկավար. «Դա նման է նրան, որ ռազմածովային նավատորմի ղեկավար նշանակեն հետեւակային շտաբի որոշմամբ: Մյուս կողմից՝ հանրապետության ոչ առեւտրային կազմակերպությունները պետք է առաջնորդվեն իրենց մասին օրենքով»: Թատրոնի խնդրին նա խոստացավ անդրադառնալ ՌԴ նախագահի Հայաստան այցից հետո: Պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանին էլ հետաքրքրում էր, թե երբ է լուծվելու պարուսույցների լիցենզավորման հարցը, որպեսզի պար ուսուցանեն պրոֆեսիոնալները: Մի խոստում էլ նրան տրվեց՝ Ժողովրդական կիրառական արվեստի մասին օրենքով գուցե հարցը կարգավորվի: «Հիմա ի՞նչ անենք, որ պարում է ամբողջ հանրապետությունը, հո չե՞նք արգելի… երեւի մարդիկ պարով են դիմակայում սոցիալական դժվարություններին»,- եզրակացրեց Հովեյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել