Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՓՏՈՒՄ ԵՆ

Մարտ 24,2005 00:00

ԲԱՑԱՌԻԿ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՓՏՈՒՄ ԵՆ Բուսաբանական այգին տուրիստների միջոցներով հնարավոր չէ պահել ԿԳՆ գիտության գծով փոխնախարար Արտակ Սահրադյանը վերջերս, պատասխանելով ԳԱԱ բուսաբանության եւ բոլոր այն ինստիտուտների աշխատակիցների տագնապին՝ սպասվող կրճատումների մասին, մեզ հետ զրույցում մեղքը բարդեց ինստիտուտների տնօրենների վրա: Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցներն ապացուցում են, որ Արտակ Սահրադյանի մեղադրանքներն անիմաստ են: Ըստ պրն Սահրադյանի, այս տարվա ֆինանսավորումը դեռ մի բան էլ ավելի է նախորդ տարվանից, միայն թե տնօրենները չեն կարողանում ըստ թեմատիկ ծրագրերի «հաստիքներ վերարտադրել» եւ ճիշտ տնօրինել ստացված գումարը: Ինստիտուտներում բողոքի ալիքն ընդհանուր առմամբ հանդարտվել է. համենայնդեպս, գիտնականները չեն խոսում այդ մասին: Միայն Բուսաբանության ինստիտուտն է, որ համարձակորեն կասկածի տակ է առնում պրն Սահրադյանի փաստարկները: Ըստ փոխնախարարի, այս տարի Բուսաբանության ինստիտուտին հատկացվել է 4 մլն 581 հազար դրամ ավելի, քան անցյալ տարի: Մեզ հաջողվեց տեղում ծանոթանալ փաստաթղթային որոշ մանրամասների եւ պարզել, որ այդ ավելացված գումարը, ինչպես նաեւ «տնտեսական եւ այլ ծախսեր» հոդվածով տրամադրված 17 միլիոնը, չեն բավարարում աշխատավարձերին, քանի որ նախատեսվում էր, որ այս տարվանից միջին աշխատավարձը պետք է 16 հազարից դառնար 22 հազար, իսկ առավելագույն 21 հազարը՝ 27 հազար: Ի դեպ, տնտեսական ծախսերի անվան տակ տրամադրված 17 միլիոնը հենց այն բյուջեն է, որ նախկինում տրամադրվել է Բուսաբանական այգուն, իսկ այսօր թե այգու, թե ինստիտուտի ջերմոցների համար որեւէ գումար նախատեսված չէ: Ըստ այդմ էլ ինստիտուտը ստիպված է այգու աշխատողների՝ 41 հոգանոց հաստիքացուցակը կրճատել: Փոխնախարարը այգու պահպանումը հնարավոր է համարում զբոսաշրջիկների եւ տեղացի այցելուների մուտքի, ինչպես նաեւ բուհերից պրակտիկաների համար փոխանցվող գումարների հաշվին: Ինստիտուտի աշխատակիցների բերած տվյալների համաձայն, փորձը ցույց է տալիս, որ տարվա ընթացքում մուտքի գումարը չի գերազանցում 240 հազարը: Իսկ դա նույնիսկ պահակի աշխատավարձին չի բավականացնում: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների կամ բուհերի աջակցությանը. «Եթե ասում է բուհերը փոխանցում են, դա հիմք ունի՞, նման պրակտիկա այսքան տարիների ընթացքում մենք չենք ունեցել: Այդպիսի գումար գոյություն չունի»,- հավաստիացնում է ինստիտուտի փոխտնօրեն, այգու գծով պատասխանատու Գագիկ Մովսիսյանը: Գլխավոր հաշվապահն ասում է, որ միայն մի անգամ 10 հազար դրամ է փոխանցվել ուսանողների պրակտիկայի համար եւ վերջ: Ի դեպ, աշակերտներից, որոնք կազմում են այգու այցելուների 90 տոկոսը, մուտքի համար գանձվում է ընդամենը 50 դրամ: «Իսկ տուրիստ այստեղ բացարձակապես չի մտնում, եթե գալիս են, ապա միայն օտարերկրյա մասնագետներ, որոնք անձնական պրոբլեմներով են գալիս՝ փորձերի եւ հետազոտությունների համար»,- բացատրում է Գ. Մովսիսյանը: Ինստիտուտն ունի նաեւ հերբարիումային մասնաշենք, որտեղ պահպանվում են Հայաստանի եւ այլ երկրների ֆլորայի նմուշներ: Ճիշտ է, դրանք չորացված են, սակայն պահպանման համար էլ հատուկ պայմաններ են պետք՝ խոնավություն եւ ջերմաստիճանի, որ այսօրվա պայմաններում հնարավոր չէ ապահովել. «150-160 տարվա կոլեկցիա ունենք, որ այսօր բորբոսնում եւ փտում է»: Ի դեպ, այգին մասնաճյուղեր ունի նաեւ Վանաձորում եւ Սեւանում: Ըստ փոխտնօրենի, այս մասնաճյուղերում մնացել են միայն տնօրենները. «Նրանք էլ իրենց շրջապատով, բարեկամությունով պահում են, բայց դա վիճակ չէ»: Ինստիտուտի ղեկավարությունը նախնական որոշում է կայացրել չբարձրացնել աշխատավարձերը, ինչպես նախատեսված է, եւ փոխարենը հնարավորինս չկրճատել այգու աշխատակիցներին: «Կոպեկների հաշվին ուզում ենք պահել մյուսներին: Մարդկանց, ովքեր ամբողջ կյանքը նվիրել են գիտությանը՝ այսօր հանենք դուրս շպրտե՞նք, դոկտոր-պրոֆեսոր մարդիկ հացի փող չունեն»,- ասում է պրն Մովսիսյանը: Սակայն այն մարդիկ, ում աշխատավարձը պետք է բարձրանար, եւ չեն բարձրացնում, նրանք էլ են բողոքում եւ իրենց խաբված զգում: «80 հեկտար հողատարածք ունենք, 30-40 բանվոր է պետք, բայց 5-6-ն ենք պահում, 15 պահակի փոխարեն 6-ն էինք պահում, այսօր այդքանին էլ չենք կարող պահել: Պահակի հաստիք ընդհանրապես չունենք, բայց ինչպե՞ս չպահենք, առանց այն էլ՝ գողությունները շատ են»: Աշխատակիցները պատմում են, որ մի օր գողացել էին մի հազվագյուտ բույս, որ գիտնականներից մեկի համար ԱՄՆ-ից բերել էին՝ փորձարկումներ անելու համար: «Խողովակներն են կտրում-տանում, վաճառում: Սովետի ժամանակ ներքին գործերի 30 աշխատակիցներ հերթով հսկում էին այգին»: Ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Ժիրայր Վարդանյանն ասում է, որ այսօր մարդիկ կան, որ դեռ չգիտեն էլ՝ իրենք կա՞ն, թե՞ չկան կրճատվածների ցանկում. «Նրանք սովորականի պես գալիս են աշխատանքի, թեկուզ սիմվոլիկ 5000 դրամով պատրաստ են գալ, միայն թե լքված չզգան»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել