Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈԼՈՐՏԻ

Մարտ 24,2005 00:00

«ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԹՈՒՅԼ Է» Այսպիսի եզրակացության են եկել Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) մասնագետները՝ ուսումնասիրելով Հայաստանում զբոսաշրջության խնդիրները: Կենտրոնը թողարկել է իր հերթական հանդեսը, որտեղ զբոսաշրջության մասին ուշագրավ նյութ է հրապարակել: Հայաստանի տնտեսությունն ու օրենսդրությունը Եվրամիության պահանջներին համապատասխանեցնելու գործում ՀՀ կառավարությանը խորհուրդներ տալու նպատակով ստեղծված այս կենտրոնը առանձնացրել է մի քանի կետեր, որոնք խոչընդոտում են մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը: AEPLAC-ի մասնագետները գտնում են, որ «միայն հարուստ մշակույթը բավարար չէ օտարերկրացիներին գրավելու համար, քանի որ նրանք արդեն իսկ մաքսիմալ հարմարավետության, բարձր մակարդակի կենսական պայմանների, նաեւ շքեղության են սովոր»: Մինչդեռ Հայաստանի «գյուղական շրջանները խիտ բնակեցված են եւ աղքատ, ինչի արդյունքում ամբողջական միջավայրը վատ վիճակում է գտնվում, եւ զբոսաշրջիկների համար գրավչությունը կորցնում է: Փորձագետների գնահատմամբ, աղքատությունը մեր երկրում զբոսաշրջութան զարգացման վրա ազդող մակրոտնտեսական ամենաբացասական գործոններից մեկն է: Բացի այս, կենտրոնը գտնում է նաեւ, որ «բարձր է Հայաստանի ռիսկայնության միջազգային ընկալման ազդեցությունը»: Ակնհայտ է նաեւ, որ «պատշաճ պատրաստվածության մակարդակ ունեցող հյուրանոցային ոլորտի աշխատողների պակասը, հատկապես Երեւանից դուրս, մեկ այլ խոչընդոտ է հանդիսանում»: Հայաստանում զբոսաշրջության գրավչությունը, ըստ փորձագետների, նվազեցնում է նաեւ այն, որ սահմանները փակ են, հարեւան երկրների միջեւ զբոսաշրջիկների փոխանակությունը՝ չափազանց փոքր: AEPLAC-ը գտնում է, որ մեր պետությունը «կարիք ունի զբոսաշրջության զարգացման հստակ ռազմավարության եւ զբոսաշրջությամբ զբաղվող միասնական մարմնի, որը պատասխանատու պետք է լինի հիմնական հասարակական նախագծերի համար: Տեղական իշխանությունները զբոսաշրջության զարգացման փորձառություն չունեն, պետության կողմից ոլորտի համակարգումը թույլ է»: Ավելին, մասնագետները գտնում են, որ զբոսաշրջության ոլորտում քաղաքականությունը, դրա իրականացման մեխանիզմները պետք է զգալիորեն փոփոխվեն: Իր ուսումնասիրությունների արդյունքում AEPLAC-ը մի քանի առաջարկներ է անում, որի արդյունքում մեր երկրում զբոսաշրջությունը կարող է զարգանալ: Մասնագետների կարծիքով, նախ անհրաժեշտ է փոփոխել երկրի ներքին ենթակառուցվածքները, սահմանել առաջնային կոմերցիոն զարգացման մի քանի ուղղություն եւ որակի ավելի խիստ չափանիշներ: Չնայած հետեւողականորեն դրական գնահատականներով ու պատկերներով են ներկայացվում Հայաստանում հյուրանոցային պայմանները, կենտրոնը գտնում է, որ պետք է դրանք, ինչպես նաեւ զբոսաշրջության ենթակառուցվածքները, «նպատակային կերպով բարելավվեն», ինչը նշանակում է, որ հյուրանոցային պայմանները, այնուամենայնիվ, նկատելիորեն թերի են: Ոլորտի զարգացման խոչընդոտների վերացման շարքում կենտրոնի մասնագետները ՀՀ կառավարությանը խորհուրդ են տալիս բարձրացնել հյուրանոցային ոլորտի աշխատողների ուսուցման մակարդակը, նվազեցնել զբոսաշրջության զարգացման վրա աղքատության բացասական ազդեցությունը: AEPLAC-ը իր ուսումնասիրության մեջ մի մեծ բաժնով անդրադարձել է Հայաստանի ավիացիայի վիճակին, որը զբոսաշրջության կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկն է: Կենտրոնը գտնում է, որ պետք է բարելավվի մեր երկրի օդային մատչելիությունը. «Ներկայումս Հայաստանի օդային մատչելիությունը համեմատաբար վատ վիճակում է, քանի որ ուղղակի կապ գոյություն ունի միայն 20 քաղաքի հետ եւ միայն 3 միջազգայնորեն հաստատված ավիափոխադրող է աշխատում Հայաստանի հետ: Արեւմտյան Եվրոպայից Հայաստան թռիչքների հաճախականությունը սահմանափակ է, թռիչքացուցակները անհարմար են եւ գներն ավելի բարձր են, քան համեմատաբար ավելի լավ հաստատված մերձավորարեւելյան ուղղությունների համար (Բեյրութ, Դուբայ)»: AEPLAC-ի գնահատմամբ, «Հայաստանի տրանսպորտային խոչընդոտները անբարենպաստ արտաքին պայմանների եւ ներքին անհամապատասխանությունների համադրություն են հանդիսանում, եւ, մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Արմավիայի» մենաշնորհային դիրքի պահպանմանն ուղղված հզոր շահերի արդյունք են»: Կենտրոնի մասնագետները համոզված են, որ տրանսպորտային մատչելիությունը բարելավելու համար շատ կարեւոր է այս երկուսի մենաշնորհները սահմանափակել եւ վերահսկել ու ջանքեր գործադրել՝ դեպի Հայաստան ավելի շատ եվրոպական փոխադրողներ գրավելու համար: Կարճ ասած, դատելով փորձագետների գնահատականներից, մի շարք սկզբունքային հարցերում Հայաստանի կառավարությունը էականորեն պետք է փոխի իր մոտեցումներն ու քաղաքականությունը, ինչը առաջիկա մի քանի տասնամյակի հեռանկարում չի նշմարվում: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել