Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մարտ 24,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵ՞Լ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ «Առավոտը» երեկ հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է՞լ է դրական գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության եզրակացությունը, որ Հայաստանը չի վարում բյուջետային հատկացումներով ուղեկցվող նպատակային պետական քաղաքականություն վերաբնակեցման գործընթացում: «Այն, ինչ արձանագրված էր զեկույցում՝ գտնում եմ, որ համապատասխանում է իրականությանը,- պատասխանեց պրն Մարգարյանը:- Հայաստանի կառավարությունն ընդհանրապես չի իրականացնում եւ ֆինանսավորում վերաբնակեցման ծրագրեր»: Քիչ անց հիշեցրեց, որ «Հայաստանը միջպետական վարկ է տրամադրում ԼՂՀ-ին, եւ Ղարաբաղի իշխանությունների համար առանց այդ վարկի անհնար կլինեին տնտեսության կառավարումն ու ժողովրդի համար բնականոն սոցիալական պայմաններ ստեղծելը»: «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» համաժողովում ընդունվեց բանաձեւ, որով Հայաստանի խորհրդարանից պահանջվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Մեր հարցին, թե արդյոք մարտավարական առումով ճի՞շտ է համարում այդ պահանջը՝ վարչապետը պատասխանեց. «Բայց դա արդեն անցած ճանապարհ է, քանի որ մենք ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին: Ճիշտ է, հետո ԼՂՀ-ն հանրաքվե է անցկացրել ու հռչակել անկախություն: Եվ եթե այսօր Հայաստանն իրավական տեսակետից չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, ապա դա միայն եւ միայն ընթացող գործընթացների շահերից ելնելով եւ մարտավարական առումներով է: Եվ հենց միայն այդ փաստը, որ միջպետական վարկ ենք տրամադրում բյուջեի մասին օրենքով՝ ցույց է տալիս, թե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել էր. «Ցանկացած պահի գոյություն ունի պատերազմի սկսման հնարավորություն»: Մեր հարցին, թե որքանո՞վ է իրական համարում պատերազմի վերսկսման հնարավորությունը՝ Հայաստանի վարչապետը պատասխանեց. «Քիչ հավանական եմ համարում: Զինադադարից հետո անցել է 10 տարուց ավելի, եւ յուրաքանչյուր տարի կարող էր իրագործվել այդ հավանականությունը, եթե Ադրբեջանն ու Հայաստանն ունենային այդպիսի ցանկություն: Վստահ եմ, որ գոնե Հայաստանը չունի պատերազմը վերսկսելու ցանկություն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել