Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 24,2005 00:00

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆԵՆՔ ՀԱՆՈՒՆ ԼՂ-Ի» «Արդարության» եւ «Ազգային միաբանության» գործիչները շարունակում են բանավեճը մարտի 29-30-ին անցկացվելիք «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. կարգավորման ուղիները» թեմայով ԱԺ լսումների շուրջ: Նախօրեին «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Զաքարյանն ԱԺ-ում հայտարարություն էր արել, որի հասցեատերն ակնհայտորեն «Ազգային միաբանությունն էր», եւ հիշեցրել, թե ԼՂ հարցով լսումները նախաձեռնողը նաեւ «Արդարությունն» է. «Եվ եթե Ղարաբաղի հարցում նույնիսկ այս իշխանությունները մեր օգնությամբ ճիշտ քայլեր կատարեն՝ ի՞նչ վատ բան կա դրանում: Իսկապես տխուր է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնց համար իշխանությունն ավելի թանկ է, քան Ղարաբաղը»: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը երեկ արձագանքեց այս հայտարարությանը. «Եթե ուշադիր վերլուծենք այն պնդումները, որոնցով հանդես եկավ Ստեփան Զաքարյանը՝ կգանք շատ հետաքրքիր եզրահանգումների: Ստացվում է, որ պրն Զաքարյանը միտումնավոր չի հիշատակել «Ազգային միաբանության» հայտարարության առանցքը կազմող եզրակացությունը: Այն է՝ ապօրինի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հարցը բերել-հասցրել են չափազանց վտանգավոր զարգացումների նախաշեմին, եւ խնդրի հայանպաստ լուծման եզակի ճանապարհը Հայաստանում ժողովրդավարություն հաստատելն է, ազատ-արդար ընտրություններով նոր նախագահ եւ կառավարություն ձեւավորելը, որոնք ի զորու եւ ժողովրդի կողմից լիազորված կլինեն բանակցային գործընթացը վարել ողջ հայության անունից, ինչն այսօր առկա չէ: Եվ բնականաբար, այո՛, ստեղծված իրավիճակում հանուն Լեռնային Ղարաբաղի իշխանություն վերցնելը դարձել է առանցքային հարց, քանի որ այն նոր հնարավորություն կընձեռի բանակցությունների ակնհայտ ձախողումները շտկելու եւ գործընթացը տանելու մեզ համար ավելի բարենպաստ հունով: Հետաքրքրականն այն է, որ Ստեփան Զաքարյանը հակասել է ինքն իրեն՝ հայտարարելով, թե նաեւ «իշխանության մեջ կան ուժեր, որոնց համար իշխանությունը պահելը նույնքան թանկ է, որքան Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: Բա հենց ա՛յդ մարդկանց դեմ է ուղղված մեր հայտարարությունը, քանի որ գիտենք, թե Հայաստանում Քոչարյան-Սերժ Սարգսյան երկյակն է հարց լուծում: Իսկ մնացածը թող ձեւ չանեն, թե իրենք մաս են կազմում իշխանության. նրանք պարզապես հիշատակածս անձանց կամակատարներն են: Ուստի, երբ համադրում ես Զաքարյանի ասածները՝ կամա-ակամա համոզվում ես, թե ակնհայտորեն երեւում են «հում ականջները»: Իսկ թե ո՛ր մարմնից են աճում այդ ականջները՝ հետեւություն արեք ինքներդ»: Լսումները նախաձեռնած ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել «ԱՄ» այն պնդումը, թե այս քննարկումների իրական նպատակը իշխանություններին իրենց քաղաքականության հետեւանքով հնարավոր դարձած վտանգավոր զարգացումների համար պատասխանատվությունից զերծ պահելն է. «Դժբախտաբար, միշտ պարզ բանի ետեւում ման են գալիս թաքուն նպատակներ: Բոլորի համար պարզ էր, որ հրապարակային քննարկումների համար մեզ անհրաժեշտ է համաձայնեցված մոտեցում: Սա բոլո՛րն են ասում: Այդ մոտեցումն ունենալու համար անհրաժեշտ է մի առանցք, որի շուրջ կհամաձայնեն բոլորը: Լսումների հիմնական նպատակները երկուսն են: Նախ, որ փորձենք ունենալ այդ առանցքը եւ Ղարաբաղի հարցում արծարծվող կարեւոր խնդիրների շուրջ գանք համաձայնության: Երկրորդը՝ կարողանանք մեր մոտեցումները հասկանալի ձեւով ներկայացնել միջազգային հանրությանը, որ լավ հիմք կծառայի մեր քարոզչության եւ, ինչու չէ՝ նաեւ հակաքարոզչության համար՝ Ադրբեջանի քարոզչական լայնածավալ արշավի դեմն առնելու համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել