Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուզիքլի թատրոնը սեփականաշնորհո՞ւմ են

Մարտ 24,2005 00:00

«Առավոտին» հասած հավաստի տեղեկության
համաձայն, Երեւանի կամերային երաժշտական թատրոնի նորանշանակ տնօրեն Լեւոն Աբրահամյանը
ուզում է թատրոնը սեփականաշնորհել: Լ. Աբրահամյանը չթաքցրեց իր ցանկությունը.
«Զարգացած, քաղաքակիրթ երկրներում գործող թատրոնների 90-95%-ը մասնավոր է: 7-8 ամիս
առաջ նամակ եմ հղել մշակույթի նախարարություն, խնդրելով ինձ սեփականաշնորհման նպատակով
հատկացնել «մեռած» թատրոն, մանրամասն շարադրելով այն քայլերը, որոնց միջոցով ոտքի
կկանգնեցնեի այն՝ չփոխելով ուղղվածությունը: Պատրաստ էի կատարել 100 մլն դրամի ներդրում,
որի արդյունքում թատրոնը կունենար լավ տեխնիկա, գովազդ եւ, որ ամենակարեւորն է, դերասանները
կվարձատրվեին Հայաստանի համար աննախադեպ բարձր աշխատավարձով: Նախարարությունը կարծես
համաձայնում էր, հետո, սակայն, փոշմանեց, պատճառաբանելով, որ ճիշտ չի հասկացվի: Ես
արդեն սեփականաշնորհելու մտքից հրաժարվել էի, երբ այս տարվա հունվարին նշանակվեցի
թատրոնի տնօրեն: Առայսօր թատրոնի վրա ծախսել եմ $15000, որի արդյունքում պիտանիությունը
կորցրած նախկին միկրոֆոններին, լուսային եւ ձայնային սարքավորումներին փոխարինել
են նորերը: Տպագրել եմ գունավոր ազդագրեր, հրավիրատոմսեր, ձեռք եմ բերել երկու համակարգիչ,
էլ չեմ խոսում TV-ների ու ռադիոկայանների՝ թատրոնի գովազդն ապահովող աշխատանքների
մասին: Նշեմ նաեւ՝ եթե փոշմանեն (նկատի ունի մշակույթի նախարարությանը), հիմա արդեն
ես չեմ ցանկանա սեփականաշնորհել: Եթե, այդուհանդերձ, կրկին նման ցանկություն ունենամ,
կհրավիրեմ մամուլի ասուլիս ու կտեղեկացնեմ»: Այս առիթով լսեցինք նաեւ թատրոնի
գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանին: Նրա խոսքերով. «Զարմանալի
էր Լեւոն Աբրահամյանի նշանակումը՝ մեր թատրոնում որպես տնօրեն: Թատրոն, որը նոր-նոր
կազմավորվել է: Նման անձնավորության հետ մեր հետագա համագործակցությունը համարում
եմ անհնար՝ պարզ պատճառով. մի մարդ, որը սեր չի տածում դեպի թատրոնը, ծանոթ չէ ու
չի դիտել մեր խաղացանկից ոչ մի ներկայացում, պարզապես ստեղծում է պատրանք, որ պատրաստակամ
է ֆինանսներ ներդնել եւ այլն, եւ այլն: Ես գիտեմ հանրահայտ մի ճշմարտություն՝ ոչ
մի անձ սեփական գրպանից ոչ մի լումա չի ծախսի պետական աշխատատեղում: Չէի ցանկանա,
որ հայաստանյան թատերական կյանքում արդեն իր խոսքն ասած Կամերային երաժշտական թատրոնը
նահանջ ապրեր, այն էլ այն պատճառով, որ սեփականաշնորհման ճանապարհով, զարգացած երկրների
նման, իբր կունենանք բարձրարվեստ ու բարձրակարգ թատրոն»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել