Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԲՈՂՈՔԵՑԻՆ

Մարտ 24,2005 00:00

Երեկ
կրթության նախարար Սերգո Երիցյանն ու մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն այցելեցին
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ: Մինչ
նախարարները կխոսեին իրենց այցի նպատակներից, բուհի ռեկտոր Արտյուշա Ղուկասյանը ներկայացրեց
մանկավարժականի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հաջողությունները: Իսկ
այդ պահին առաջին շարքերում նստած ուսանողներից շատերը, որ չգիտեին, թե ով է իրենց
համերգներն ու ցուցահանդեսները գովում, միմյանց հարցնում էին. «Ով ա՞ էս մարդը»:
«Այսօրվա հանդիպման նպատակն է ներկայացնել կրթական ասպարեզում կատարվող բարեփոխումները»,-
ասաց ԿԳ նախարար Ս. Երիցյանը: Նա տեղեկացրեց, որ մայիսի 17-18-ին Նորվեգիայում
ստորագրվելու է փաստաթուղթ՝ միանալու ենք Բոլոնիայի համաձայնագրին եւ 50 երկրների
հետ լինելու ենք նույն կրթական տարածքում: Նրա հավաստմամբ՝ այդ փաստաթղթի ստորագրումից
Հայաստանը միայն շահելու է: Օրինակ, հայաստանյան ցանկացած բուհի ուսանող, կարող է
իր մի քննաշրջանը անցկացնել, ասենք, ֆրանսիական, բելգիական կամ մեկ այլ երկրի համանուն
ուսումնական հաստատությունում: Խոսվեց նաեւ ուսումնական հաստատություններում կրեդիտային
համակարգի եւ այլ նորամուծությունների ներդրման մասին: «Մենք այդպիսով փորձելու ենք
ուսանողության գործը հեշտացնել եւ դասախոս-ուսանող հարաբերությունները պարզ, տեսանելի
դարձնել: Ուզում ենք, որ Հայաստանում դերասանական վարպետություն անցածը գոնե 70%-ով
համապատասխանի այն դերասանական վարպետությանը, ինչ անցնում են փարիզյան նմանօրինակ
հաստատությունում… վա՞տ բան ենք ուզում»,-պաթետիկ տոնով հարցրեց Երիցյանը: Նաեւ
խոստացավ. «Կրթության ասպարեզում բարեփոխումները կլինեն ոչ հեղափոխական, բնականոն:
Իսկ Եվրոպական կրթական տարածքի ամբողջացումը պետք է ավարտենք 2010-ին»: Կրթության
նախարարն ասաց, որ երկու նախարարությունները վերջապես որոշել են մեծ ուշադրություն
դարձնել նաեւ գեղագիտական դաստիարակության խնդիրներին: Արդեն կա կառավարության կողմից
հաստատված Գեղագիտական դաստիարակության մասին հայեցակարգ եւ պատրաստվում է Գեղագիտական
կրթության եւ դաստիարակության մասին օրենքի նախագիծ: Ըստ Երիցյանի, նոր կրթակարգում
կարեւորված է երաժշտության, արվեստի դերը դպրոցում: «Աշնանը տեղի կունենա
վաղուց մոռացված մի ավանդույթ՝ դպրոցականների ինքնագործունեության փառատոն: Ժամանակին,
երբ մեր գյուղի դպրոցի պարի խումբը Օպերայում ելույթ ունեցավ եւ 3-րդ տեղ գրավեց,
մի 10 տարի մեր գյուղում այդ մասին էին խոսում»,- դպրոցական տարիները հիշելիս հուզվեց
Սերգո Երիցյանը: Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն էլ այլ բան երազեց, որ,
օրինակ,Հարվարդի, Օքսֆորդի ու Լոմոնոսովի համալսարանների պես մանկավարժականն էլ ունենար
իր ինքնատիպ ոճը: Հետո անդրադարձավ Հայաստանի փոքրությանը, մշակութային հիմնարկների
մեծաքանակությանը եւ հարահոսով նախարարություն ներկայացող, աշխատանք պահանջող ուսանողներին:
Հովեյանը ուսանողներին խնդրեց իրեն «նեղել իմաստուն, խելացի, հարձակողական
հարցադրումներով», սակայն վերջիններս, կարծես, հարցեր չունեին: Փոխարենն ակտիվ էին
դասախոսները: Գառնիկ Հովակիմյանին հետաքրքրում էր՝ դեռ երկա՞ր պիտի ոչ գերատեսչական
ենթակայության մշակութային օջախները տուժեն տեղական իշխանիկների կամայականություններից:
Մշակույթի նախարարը համաձայնեց, որ «որոշ մարզերում թատերական աքսեսուարը անձրեւների
տակ է մնացել, թատրոնները ընկճված են, ժողգործիքների խմբեր համարյա չկան… ու ճիշտ
կլինի, որ մարզային հիմնարկների զգալի մասը նորից վերադարձվի մեր գերատեսչությանը»:
Սամվել Միքայելյանին, որը նաեւ Կամերային երաժշտական թատրոնում ռեժիսոր է
աշխատում, հետաքրքրում էր իրենց թատրոնի ճակատագիրը: Կրկին սրված են տնօրեն-գեղարվեստական
ղեկավար հարաբերությունները: Հովեյանն ասաց, որ իր կարծիքով նույնպես թատրոնի տնօրենն
այնքան էլ իրավունք չունի նշանակել գեղարվեստական ղեկավար. «Դա նման է նրան, որ ռազմածովային
նավատորմի ղեկավար նշանակեն հետեւակային շտաբի որոշմամբ: Մյուս կողմից՝ հանրապետության
ոչ առեւտրային կազմակերպությունները պետք է առաջնորդվեն իրենց մասին օրենքով»: Թատրոնի
խնդրին նա խոստացավ անդրադառնալ ՌԴ նախագահի Հայաստան այցից հետո: Պարարվեստի
ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանին էլ հետաքրքրում էր, թե երբ է լուծվելու պարուսույցների
լիցենզավորման հարցը, որպեսզի պար ուսուցանեն պրոֆեսիոնալները: Մի խոստում էլ նրան
տրվեց՝ Ժողովրդական կիրառական արվեստի մասին օրենքով գուցե հարցը կարգավորվի: «Հիմա
ի՞նչ անենք, որ պարում է ամբողջ հանրապետությունը, հո չե՞նք արգելի… երեւի մարդիկ
պարով են դիմակայում սոցիալական դժվարություններին»,- եզրակացրեց Հովեյանը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել