«Կոռուպցիան վերեւից է գալիս, էս դպրոցում ի՞նչ եք ման գալիս»,- ասում է Աբովյանի թիվ 7 դպրոցի ծնողկոմիտեի նախագահը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը երեկ լրագրողների համար կազմակերպել էր հերթական շրջայցը: Այս անգամ որպես չկոռումպացված հիմնարկ ԿԳՆ-ն առաջարկել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցը: «Աջակցություն քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն նախաձեռնություններին» ծրագրի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է հնարավոր աշխատել՝ հնարավորինս զերծ մնալով կոռուպցիոն ռիսկերից: Իհարկե, ավելի նախընտրելի կլիներ հաստատություններ այցելել հանպատրաստից եւ հաշվի առնել ոչ թե նախարարության, այլ հասարակական կարծիքը, քանի որ այդ դեպքում կառավարման համակարգի թերություններն ու բացթողումներն ավելի ակնառու կլինեին: Բայց քանի որ ՄԱԿ-ի՝ լրագրողների շրջանում անցկացրած սոցհարցմանը, թե նրանք ո՞ր հիմնարկները կնախընտրեն այցելել, լրագրողները պասիվ են մասնակցել, ուստի ՄԱԿ-ը հետեւել է ԿԳՆ-ի առաջարկին: Իսկ ԿԳՆ-ն հիմնականում առաջարկում է այնպիսի դպրոցներ, որոնք քիչ թե շատ ազնիվ տնօրեն ունեն:
Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոցն ունի մոտ 1000 աշակերտ: Դպրոցի տնօրեն Գագիկ Հակոբյանը հավաստիացրեց, որ իրենց մոտ դպրոցական ֆոնդի համար գումար չեն հավաքում: Իսկ դասարանի «կենցաղային» կարիքները՝ ավել, մաստիկա, կավիճ՝ իրենց միջոցներով են հոգում: Չնայած տնօրենի հավաստիացումներին, ցածր դասարանների երեխաների հետ զրույցից պարզեցինք, որ դրամահավաք դպրոցում, այնուամենայնիվ, իրականացվում է: Երեխաների խոսքերով, իրենք երբեմն-երբեմն «մաստիկայի փող» են հավաքում: Աշակերտների հավաստմամբ, ուսուցչի տոնին, մարտի 8-ին եւս 500-ից 1000 դրամ են հավաքում՝ «ուսուցիչներին ծաղկեփունջ կամ փոքրիկ նվերներ գնելու համար»:
Տնօրենի խոսքերով, եկող տարի բարերարների օգնությամբ պատրաստվում են դպրոցն ապահովել լոկալ ջեռուցմամբ: Իսկ այժմ տաքացնում են վառարաններով: Ի դեպ, երեկ մեր այցելության պահին դպրոցի միջանցքներում բավական ցուրտ էր, իսկ դասասենյակներում, թեեւ դասերն ընթանում էին, բայց վառարաններն անջատված էին: Դպրոցի բարձր դասարաններում բացակաների թիվն այնքան էլ մեծ չէր: Ուսուցիչները հավաստիացնում էին, որ բուհի համար պարապող ոչ մի աշակերտ պարապմունքների չի գնում դասերի հաշվին: Ուսուցիչների հավաստմամբ, այս դպրոցում դասերից դուրս լրացուցիչ պարապմունքներ էլ չեն լինում: Ի տարբերություն մայրաքաղաքի դպրոցների, ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկությունն ապահովելու համար հաշվետվությունները ոչ թե փակցնում են դպրոցում, այլ «տնօրենը եռամսյակը մեկ հաշվետվությունը դպրոցի խորհրդին է ներկայացնում»,- ասաց մարզի կրթության վարչության մասնագետ Յուրա Մինասյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ