Եհովականների
առաջնորդն այլեւս դեմ չէ արյան փոխներարկմանը Արյան չարորակ նորագոյացությունները՝
հեմոբլաստոզը կամ լեյկեմիան (լեյկոզներ), ախտորոշվում եւ ստացիոնար կամ դիսպանսեր
կարգով բուժվում են արյունաբանական կենտրոնում: «Հիվանդությունն ախտորոշվում է ոսկրածուծի
հյուսվածքաբանական եւ այլ քննությունների արդյունքում: Դժվարության դեպքում հետազոտումը
վստահում ենք ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսրայելի մասնագետներին՝ ավելի հավաստի ախտորոշում
ստանալու համար: Եվ, ի պատիվ մեր մասնագետների, պիտի ասեմ, որ հիմնականում համընկնում
են նրանց եւ մեր հետազոտությունների արդյունքները: Լեյկեմիան բարդ, ծանր հիվանդություն
է եւ դրա հսկողությունն ու բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում: Մեկ հիվանդի
համար կառավարության որոշմամբ սահմանված 100 դոլարը վերջերս դարձավ 300: Թե՛ ստացիոնար,
թե՛ դիսպանսեր հիվանդներին հատկացվում է նաեւ կենտրոնացված եւ հումանիտար դեղորայք»,-
«Առավոտի» հետ զրույցում ասաց արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:
Աշխարհում կա հիվանդության աճի որոշակի տենդենց: 2003-ին մեր երկրում հաշվառվել է
18 տարեկանից բարձր 743 հիվանդ, 2004-ին նրանց թիվը կազմել է 850, որից 106-ը մահացել
է: 2004-ին մանկան լեյկեմիայով (մինչեւ 18 տարեկան) տառապող 177 հիվանդին ավելացել
է եւս 40-ը: Հիվանդության կանխարգելումը, որին մեր զրույցում անդրադարձավ պարոն Դաղբաշյանը,
շատ թանկ արժե, քանի որ լեյկոզաբանությունը արագ զարգացող ճյուղ է, զուգահեռաբար
աճում է նաեւ բուժման արժեքը: «Ռեալ գները մի քանի տասնյակ անգամ թանկ են, քան հատկացնում
է պետությունը: Ստիպված ձեռքներս մեկնում ենք հումանիտար կազմակերպություններին՝
օգնության համար: Ունենք 32 խրոնիկական նեոլեյկոզով հիվանդներ, որոնց ԱՄՆ-ի Մաքս
Ֆաունդեյշն կազմակերպությունը հատկացնում է անվճար դեղորայք, մեկ հիվանդին՝ տարեկան
40000 դոլարի չափով»,- ասում է արյունաբանական կենտրոնի տնօրենը: Լեյկեմիայով
հիվանդները ՀՀ-ում որեւէ արտոնություն չունեն՝ բացի անվճար բուժումից: Հիվանդության
համար նրանք ստանում են հաշմանդամության կարգ՝ միջինը 5000 դրամ թոշակով: «Հիվանդների
մեջ լինում են մարդիկ, որոնք տարբեր կրոնական խմբավորումների հետեւորդ են: Նրանք,
հատկապես Եհովայի վկաները, հրաժարվում են հիվանդին ուրիշի արյուն ներարկելուց եւ
այդ պատճառով նույնիսկ երեխայի մահ ենք ունեցել: Կասկածում եմ, որ դա Աստծո պատգամն
է, քանի որ Աստվածաշունչը շատ հին է, իսկ արյան փոխներարկումը ընդամենը 150 տարվա
պատմություն ունի: Վերջերս իմացանք, որ նրանց հոգեւոր առաջնորդը արգելքը հանել է,
իսկ ո՞վ պետք է պատասխան տա մահացած մարդկանց համար»,- հռետորական հարցով զրույցն
ավարտեց պարոն Դաղբաշյանը: Ռ. ԱՎՈՅԱՆ