Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԹՈՒՅԼ Է»

Մարտ 24,2005 00:00

Այսպիսի եզրակացության են եկել Տնտեսական
քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) մասնագետները՝
ուսումնասիրելով Հայաստանում զբոսաշրջության խնդիրները: Կենտրոնը թողարկել
է իր հերթական հանդեսը, որտեղ զբոսաշրջության մասին ուշագրավ նյութ է հրապարակել:
Հայաստանի տնտեսությունն ու օրենսդրությունը Եվրամիության պահանջներին համապատասխանեցնելու
գործում ՀՀ կառավարությանը խորհուրդներ տալու նպատակով ստեղծված այս կենտրոնը առանձնացրել
է մի քանի կետեր, որոնք խոչընդոտում են մեր երկրում զբոսաշրջության զարգացմանը: AEPLAC-ի
մասնագետները գտնում են, որ «միայն հարուստ մշակույթը բավարար չէ օտարերկրացիներին
գրավելու համար, քանի որ նրանք արդեն իսկ մաքսիմալ հարմարավետության, բարձր մակարդակի
կենսական պայմանների, նաեւ շքեղության են սովոր»: Մինչդեռ Հայաստանի «գյուղական շրջանները
խիտ բնակեցված են եւ աղքատ, ինչի արդյունքում ամբողջական միջավայրը վատ վիճակում
է գտնվում, եւ զբոսաշրջիկների համար գրավչությունը կորցնում է: Փորձագետների գնահատմամբ,
աղքատությունը մեր երկրում զբոսաշրջութան զարգացման վրա ազդող մակրոտնտեսական ամենաբացասական
գործոններից մեկն է: Բացի այս, կենտրոնը գտնում է նաեւ, որ «բարձր է Հայաստանի ռիսկայնության
միջազգային ընկալման ազդեցությունը»: Ակնհայտ է նաեւ, որ «պատշաճ պատրաստվածության
մակարդակ ունեցող հյուրանոցային ոլորտի աշխատողների պակասը, հատկապես Երեւանից դուրս,
մեկ այլ խոչընդոտ է հանդիսանում»: Հայաստանում զբոսաշրջության գրավչությունը, ըստ
փորձագետների, նվազեցնում է նաեւ այն, որ սահմանները փակ են, հարեւան երկրների միջեւ
զբոսաշրջիկների փոխանակությունը՝ չափազանց փոքր: AEPLAC-ը գտնում է, որ մեր
պետությունը «կարիք ունի զբոսաշրջության զարգացման հստակ ռազմավարության եւ զբոսաշրջությամբ
զբաղվող միասնական մարմնի, որը պատասխանատու պետք է լինի հիմնական հասարակական նախագծերի
համար: Տեղական իշխանությունները զբոսաշրջության զարգացման փորձառություն չունեն,
պետության կողմից ոլորտի համակարգումը թույլ է»: Ավելին, մասնագետները գտնում են,
որ զբոսաշրջության ոլորտում քաղաքականությունը, դրա իրականացման մեխանիզմները պետք
է զգալիորեն փոփոխվեն: Իր ուսումնասիրությունների արդյունքում AEPLAC-ը մի
քանի առաջարկներ է անում, որի արդյունքում մեր երկրում զբոսաշրջությունը կարող է
զարգանալ: Մասնագետների կարծիքով, նախ անհրաժեշտ է փոփոխել երկրի ներքին ենթակառուցվածքները,
սահմանել առաջնային կոմերցիոն զարգացման մի քանի ուղղություն եւ որակի ավելի խիստ
չափանիշներ: Չնայած հետեւողականորեն դրական գնահատականներով ու պատկերներով են ներկայացվում
Հայաստանում հյուրանոցային պայմանները, կենտրոնը գտնում է, որ պետք է դրանք, ինչպես
նաեւ զբոսաշրջության ենթակառուցվածքները, «նպատակային կերպով բարելավվեն», ինչը նշանակում
է, որ հյուրանոցային պայմանները, այնուամենայնիվ, նկատելիորեն թերի են: Ոլորտի զարգացման
խոչընդոտների վերացման շարքում կենտրոնի մասնագետները ՀՀ կառավարությանը խորհուրդ
են տալիս բարձրացնել հյուրանոցային ոլորտի աշխատողների ուսուցման մակարդակը, նվազեցնել
զբոսաշրջության զարգացման վրա աղքատության բացասական ազդեցությունը: AEPLAC-ը
իր ուսումնասիրության մեջ մի մեծ բաժնով անդրադարձել է Հայաստանի ավիացիայի վիճակին,
որը զբոսաշրջության կարեւորագույն ենթակառուցվածքներից մեկն է: Կենտրոնը գտնում է,
որ պետք է բարելավվի մեր երկրի օդային մատչելիությունը. «Ներկայումս Հայաստանի օդային
մատչելիությունը համեմատաբար վատ վիճակում է, քանի որ ուղղակի կապ գոյություն ունի
միայն 20 քաղաքի հետ եւ միայն 3 միջազգայնորեն հաստատված ավիափոխադրող է աշխատում
Հայաստանի հետ: Արեւմտյան Եվրոպայից Հայաստան թռիչքների հաճախականությունը սահմանափակ
է, թռիչքացուցակները անհարմար են եւ գներն ավելի բարձր են, քան համեմատաբար ավելի
լավ հաստատված մերձավորարեւելյան ուղղությունների համար (Բեյրութ, Դուբայ)»: AEPLAC-ի
գնահատմամբ, «Հայաստանի տրանսպորտային խոչընդոտները անբարենպաստ արտաքին պայմանների
եւ ներքին անհամապատասխանությունների համադրություն են հանդիսանում, եւ, մասնավորապես,
«Զվարթնոց» օդանավակայանի եւ «Արմավիայի» մենաշնորհային դիրքի պահպանմանն ուղղված
հզոր շահերի արդյունք են»: Կենտրոնի մասնագետները համոզված են, որ տրանսպորտային
մատչելիությունը բարելավելու համար շատ կարեւոր է այս երկուսի մենաշնորհները սահմանափակել
եւ վերահսկել ու ջանքեր գործադրել՝ դեպի Հայաստան ավելի շատ եվրոպական փոխադրողներ
գրավելու համար: Կարճ ասած, դատելով փորձագետների գնահատականներից, մի շարք
սկզբունքային հարցերում Հայաստանի կառավարությունը էականորեն պետք է փոխի իր մոտեցումներն
ու քաղաքականությունը, ինչը առաջիկա մի քանի տասնամյակի հեռանկարում չի նշմարվում:
ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել