Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոալիցիայի հոգեհանգիստը ըստ Հմայակի

Մարտ 24,2005 00:00

Կոալիցիայի
հոգեհանգիստը ըստ Հմայակի Թեպետ Հմայակ Հովհաննիսյանին երեկ
հաջողվեց հավաքել 46 ստորագրություն՝ ավանդների վերադարձման հարցով արտահերթ նիստ
անցկացնելու համար, սակայն, ինչպես սպասվում էր, նիստը չկայացավ, քանի որ քվորումը
չապահովվեց: Ժամը 18:30-ին գրանցվեց 41 պատգամավոր՝ պահանջվող 66-ի փոխարեն: ՀՀԿ-ն
եւ ՀՅԴ-ն չէին ստորագրել եւ չմասնակցեցին նիստին: «Ազգային միաբանությունը» ներկա
էր ամբողջ կազմով, «Արդարություն»-ից բացակայում էին Վազգեն Մանուկյանը, Արամ Զ.
Սարգսյանը եւ Ալբերտ Բազեյանը: Անկախ պատգամավորներից ներկա էին Խաչատուր Սուքիասյանը,
Ռուբեն Հայրապետյանը եւ Մանուկ Գասպարյանը: ՄԱԿ խմբակցությունը ներկա էր ամբողջ կազմով,
«Ժողպատգամավորից» կար 5 պատգամավոր, ՕԵԿ-ից՝ 10: Նիստի տապալումից հետո պատգամավորները
դահլիճից դուրս էին գալիս ամենեւին էլ ոչ զարմացած. նրանցից ոչ մեկի համար գաղտնիք
չէր, որ նիստը չի կայանալու: Դեռեւս կառավարությանը հարցեր տալու ժամանակ «ԱՄ» խմբակցության
անդամ Աղասի Արշակյանը ասաց. «Հույս ունենք, որ «Հանրապետականը» չի խոչընդոտի արտահերթի
անցկացմանը», որին ի պատասխան՝ Հանրապետական նախարար Վարդան Խաչատրյանը նետեց. «Իզուր
տեղը հույսեր մի փայփայի»: Իսկ վարչապետը հայտարարեց, որ ճիշտ կլինի սպասել ՀՀ նախագահի
կողմից ստեղծված ավանդների հարցով աշխատանքային խմբի աշխատանքի ավարտին: Արտահերթի
նախաձեռնող Հ. Հովհաննիսյանը «Առավոտին» ասաց. «Հաջորդ ստորագրահավաքը կլինի սեպտեմբերին,
եթե մինչ այդ ժողովուրդը չշտապի, այնուամենայնիվ, ժողովուրդն է լինելու որոշողը»:
Պատգամավորները իրավիճակը չէին մեկնաբանում, բայց, թերեւս, կատակով ասում
էին. «Հիմա տես էդ Հմայակ Հովհաննիսյանին ի՛նչ ենք անելու»: Ոչինչ էլ չարեցին, համենայնդեպս՝
լրագրողների ներկայությամբ: Իսկ ինքը՝ օրվա «հերոսը», աջ ու ձախ հարցազրույցներ էր
տալիս եւ հայտարարում, որ կատարվածը կարելի է գնահատել որպես կոալիցիայի հոգեհանգիստ:
Լրագրողները փորձում էին ասել, որ նույն կոալիցիայի անդամ ՕԵԿ-ը ներկա էր, Հմայակ
Հովհաննիսյանը տեղում որոշեց, որ եթե կոալիցիայի մյուս անդամները դժոխք են ընկնելու,
քանի որ «դժոխքում պատվավոր տեղ ունեն», ապա, ըստ պրն Հովհաննիսյանի, կարելի է ՕԵԿ-ին
մինչ դժոխք ուղարկելը մի քիչ քավարանում պահել: Հմայակ Հովհաննիսյանը անդրդվելի էր.
«Քննարկումը վիժեցվեց քվորումի վիժեցման պատճառով, ուստի ես ստիպված եմ ասել, որ
մենք այսօր մասնակցում ենք այս ԱԺ-ի մեծամասնության, կոալիցիոն պատգամավորների քաղաքական
հոգեհանգստի արարողությանը»: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան
Դեմիրճյանը նկատեց, որ իրենք կարեւորում են ավանդների վերադարձման հարցը եւ այդ պատճառով
էլ ստորագրել են ու ներկա են. «Իսկ այն, ինչ կատարվեց, կանխատեսելի էր բոլորի համար.
սա առաջին դեպքը չէ, այս հարցի քննարկումը մեկ անգամ էլ է տապալվել»: Իսկ նշանակո՞ւմ
է սա, որ այս իրավիճակում նաեւ ավանդների վերադարձման հարցը կձգձգվի մինչեւ 2008
թ., հարցրեց լրագրողներից մեկը: «Կարծում եմ՝ մինչեւ 2008 թիվը շատ բան է փոխվելու»,-
ասաց Ս. Դեմիրճյանը: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել