ՀԱՅԱՍՏԱՆԸ
ՃԱՆԱՉԵ՞Լ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ «Առավոտը» երեկ հետաքրքրվեց,
թե արդյոք վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է՞լ է դրական գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի
փաստահավաք առաքելության եզրակացությունը, որ Հայաստանը չի վարում բյուջետային հատկացումներով
ուղեկցվող նպատակային պետական քաղաքականություն վերաբնակեցման գործընթացում: «Այն,
ինչ արձանագրված էր զեկույցում՝ գտնում եմ, որ համապատասխանում է իրականությանը,-
պատասխանեց պրն Մարգարյանը:- Հայաստանի կառավարությունն ընդհանրապես չի իրականացնում
եւ ֆինանսավորում վերաբնակեցման ծրագրեր»: Քիչ անց հիշեցրեց, որ «Հայաստանը միջպետական
վարկ է տրամադրում ԼՂՀ-ին, եւ Ղարաբաղի իշխանությունների համար առանց այդ վարկի անհնար
կլինեին տնտեսության կառավարումն ու ժողովրդի համար բնականոն սոցիալական պայմաններ
ստեղծելը»: «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» համաժողովում ընդունվեց բանաձեւ, որով
Հայաստանի խորհրդարանից պահանջվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Մեր հարցին, թե
արդյոք մարտավարական առումով ճի՞շտ է համարում այդ պահանջը՝ վարչապետը պատասխանեց.
«Բայց դա արդեն անցած ճանապարհ է, քանի որ մենք ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը
Հայաստանին: Ճիշտ է, հետո ԼՂՀ-ն հանրաքվե է անցկացրել ու հռչակել անկախություն: Եվ
եթե այսօր Հայաստանն իրավական տեսակետից չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, ապա դա միայն
եւ միայն ընթացող գործընթացների շահերից ելնելով եւ մարտավարական առումներով է: Եվ
հենց միայն այդ փաստը, որ միջպետական վարկ ենք տրամադրում բյուջեի մասին օրենքով՝
ցույց է տալիս, թե Հայաստանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը»: Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել էր. «Ցանկացած պահի գոյություն ունի պատերազմի սկսման
հնարավորություն»: Մեր հարցին, թե որքանո՞վ է իրական համարում պատերազմի վերսկսման
հնարավորությունը՝ Հայաստանի վարչապետը պատասխանեց. «Քիչ հավանական եմ համարում:
Զինադադարից հետո անցել է 10 տարուց ավելի, եւ յուրաքանչյուր տարի կարող էր իրագործվել
այդ հավանականությունը, եթե Ադրբեջանն ու Հայաստանն ունենային այդպիսի ցանկություն:
Վստահ եմ, որ գոնե Հայաստանը չունի պատերազմը վերսկսելու ցանկություն»: Ա.
Ի.