Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համ գոհ են, համ՝ դժգոհ

Մարտ 24,2005 00:00

Ադրբեջանի արտգործնախարարությունը նախօրեին տարածել է հայտարարություն՝ ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքներ կատարած այցի արդյունքներն ամփոփող ԵԱՀԿ առաքելության զեկույցի առնչությամբ: «Ադրբեջանական Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի օրակարգի՝ «Դրությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» 163-րդ կետի քննարկման շրջանակներում 2005 թվականի հունվարի 3-ից մինչեւ փետրվարի 5-ը Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելեց ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունը: Առաքելության ուղարկումը հնարավոր դարձավ ՄԱԿ-ի ԳԱ սկզբունքային դիրքորոշման շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ: Բաքվի արտաքին գերատեսչության տարածած փաստաթղթի համաձայն, առաքելությունը հաստատել է «օկուպացված տարածքների բնակեցումը՝ դրանով իսկ հաստատելով Ադրբեջանի մտահոգությունը: Առաքելությունը զեկույց է նախապատրաստել ծավալուն փաստագրական նյութի հիման վրա, որը տրամադրվել էր ադրբեջանական կողմից եւ ստացվել տեղում իրավիճակի ուսումնասիրման ընթացքում: Ընդհանուր առմամբ, առաքելությանը հաջողվել է կատարել իրեն առաջադրված խնդիրը»: Ադրբեջանի ԱԳ նախարարությունն իր երախտապարտությունն է հայտնել առաքելության ղեկավարին եւ անդամներին՝ իրենց գործունեության համար:

Նույն փաստաթղթում նշվում է նաեւ, որ առաքելության հայտնաբերած բնակեցման թվային ցուցանիշները մոտ են այն տվյալներին, որ տրամադրել էր ադրբեջանական կողմը: Վերջիններիս նախնական տվյալներով, օկուպացված տարածքներում, ընդհանուր առմամբ, վերաբնակեցվել է 20-23 հազար մարդ, իսկ առաքելության համապատասխան ցուցանիշը գերազանցում է 17 հազարը: «Առանձնակի մտահոգություն է հարուցում առաքելության կողմից հաստատված՝ Ադրբեջանական Հանրապետության Լաչինի շրջանի կազմակերպված բնակեցումը, որտեղ նախկինում հայեր չէին բնակվում: Ադրբեջանական կողմը նշել էր Լաչինի շրջանում 13 հազար անձանց վերաբնակեցումը, իսկ առաքելության տվյալներով՝ այդ թիվը 8-11 հազարի սահմաններում է»,- նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաեւ ասվում է, որ առաքելության զեկույցի եզրահանգումների վրա հիմնված իրենց հանձնարարականներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում «այսուհետեւ չիրականացնել օկուպացված տարածքների բնակեցում եւ թույլ չտալ փոփոխություններ տարածաշրջանի ժողովրդագրական կառուցվածքում»: Ադրբեջանի «օկուպացված տարածքների բնակեցման» գործին Հայաստանի կառավարության մասնակցության հետ կապված, մասնավորապես, նշվում է. «Եթե առաքելությունը բնակեցման գործում ՀՀ-ի մասնակցության ուղղակի հանցանշաններ չի հայտնաբերել, ապա դա նշանակում է միայն այն, որ տվյալ դեպքում Հայաստանը գործել է ԼՂ-ի անջատականների ձեռքով: ՀՀ-ին այդ հարցի շրջանակներից դուրս բերելու փորձերն անհասկանալի են ու անհիմն: Միջազգային իրավունքին համապատասխան, Հայաստանն օկուպանտ երկիր է եւ լիակատար պատասխանատվություն է կրում առկա վիճակի համար»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել