Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ-ում 3 «ասիացի» կա

Մարտ 24,2005 00:00

Ըստ Շավարշ Քոչարյանի, դրանք են՝ Ռուսաստանը,
Հայաստանը եւ Ադրբեջանը Հայաստանն այսօր կանգնած է երկընտրանքի առջեւ.
մենք գնում ենք կամ՝ դեպի Ասիա, կամ՝ Եվրոպա: ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության
պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի տպավորությամբ, Հայաստանի կողմից այդ երկընտրանքից
որեւէ մեկին նախապատվություն տալն այսօր լրջորեն հուզում է նաեւ եվրոպական կառույցներին
եւ ԱՄՆ-ին: Պատգամավորի ասելով՝ անընդհատ հանդուրժել, որ Հայաստանը եվրոպական երկիր
լինելու նմանակումներ անի՝ միջազգային հանրությունն այլեւս չի կարող: «ԵԽ անդամ 46
երկրներից այսօր 3-ն են, որ չեն համապատասխանում եվրոպական արժեքային համակարգի չափանիշներին
եւ ավելին՝ քայլեր չեն կատարում դրան հասնելու համար, ինչը մտահոգում է միջազգային
հանրությանը: Այդ երկրներից մեկը Ռուսաստանն է, որին կարող են դեռ երկար հանդուրժել,
որովհետեւ նրա հետ պետք է հաշվի նստել, մյուս երկուսը՝ Հայաստանն ու Ադրբեջանը»,-
երեկ հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում՝ ասաց Շ. Քոչարյանը: Վերջին
շրջանում եվրոպական կառույցները, ինչպես նաեւ ԱՄՆ վարչակարգը հատուկ ուշադրություն
են դարձնում Ադրբեջանին եւ այդ երկրում ընթացող զարգացումներին: Շ. Քոչարյանի համոզմամբ՝
դրա պատճառն այն է, որ այս տարի այդ երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:
«ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովում Ադրբեջանի զեկուցողները բավականին խիստ զեկույց են
ներկայացրել, որի էությունն այն է, թե Ադրբեջանում որեւէ բարեփոխում չկա, ավելին՝
չկա որեւէ միտում, իշխանությունների կողմից դրսեւորվող քաղաքական կամք՝ դա իրականացնելու
համար: Իսկ այն, ինչ նրանք փորձելու են անել, ընդամենը իմիտացիոն քայլեր են, որոնք
պետք է ունենան իրական բովանդակություն: Բացահայտ ասվում էր, որ կտրուկ փոփոխություններ
եթե չլինեն, ապա ամռանը Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները ԵԽ-ում կդադարեցվեն»,-
ներկայացրեց Շ. Քոչարյանը՝ հավելելով, թե հաջորդը ուշադրության կիզակետում լինելու
է Հայաստանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ պարտավորությունների կատարման հարցը ԵԽԽՎ-ում, որ
պետք է քննարկվեր դեռ ձմեռային նստաշրջանում, հետաձգվել է մինչեւ աշնանային նստաշրջան:
«Դրանում որոշակի իմաստ կա. առաջիկայում ՀՀ-ում սպասվում է սահմանադրական փոփոխությունների
հանրաքվե, որը եվրոպական կառույցները չափազանց կարեւորում են»,- պարզաբանեց ընդդիմադիր
պատգամավորը: Նրա ասելով՝ ԵԽ-ն Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ վարում է
պարիտետային քաղաքականություն, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառելու իմաստով: «Եթե
Ադրբեջանի պատվիրակության լիազորություններն ամռանը սառեցվեն, ապա հավանականությունը,
որ Հայաստանի հետ էլ նման կերպ կվարվեն, եթե իրենց սպասելիքները սահմանադրական փոփոխությունների,
«Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների իմաստով չարդարանան, եթե «Ժողովների, երթերի,
ցույցերի մասին» օրենքը չհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին, եթե ԶԼՄ-ների
դաշտում ձեւավորված մթնոլորտը չփոխվի, էապես մեծանում է»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել