Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

Մարտ 24,2005 00:00

Մեկնաբանում են Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ եւս մեկ անգամ հաստատեց, որ ԱՄՆ-ում ձերբակալված հանցագործների խումբը Հայաստանից զենք չի արտահանել։ Ըստ նախարարի, մինչեւ այսօր քննությունը որեւէ փաստ կամ որեւէ ապացույց իր ձեռքի տակ չունի այն մասին, որ Հայաստանից զենք է հանվել Միացյալ Նահանգներ կամ այլուր տեղափոխելու համար: Հայտարարելով, որ ինքը գործի մանրամասներին տեղյակ չէ, նա ասաց, որ իր համար կարեւոր է բանակում զենք ու զինամթերքը ապահով վիճակում պահելը։ Քանի որ պաշտպանության նախարարը երեկ քիչ թե շատ հասանելի էր, լրագրողները նրան մի քանի հարցեր եւս ուղղեցին: Հարցերի հիմնական խումբը առնչվում էր վերջին շրջանում ադրբեջանական կողմից կրկին հնչող ռազմատենչ հայտարարություններին, նաեւ այն պնդումներին՝ իբր սահմաններում հայկական կողմն է խախտում հրադադարը: Այս ամենի կապակցությամբ Սերժ Սարգսյանը նկատեց. «Ցանկացած մարդ, ով շատ թե քիչ տեղյակ է կոնֆլիկտին, գիտի, որ հայկական կողմը ընդհանրապես կարիք չունի կրակելու, հայկական կողմը խնդիր չունի լուծելու, հայկական կողմը խնդիր չունի առաջ գնալու կամ բարելավելու իր դիրքերը, որովհետեւ վաղուց՝ դեռեւս 94 թվականին իր դիրքերը բարելավել է, այսինքն՝ կանգնել է այն դիրքերում, որտեղ հարմար է գտել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ինչքան էլ ասի, որ հայկական կողմի մեղքով է կամ նախաձեռնությամբ, ակնհայտ է, որ դա սուտ է եւ հերյուրանք»: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը իր վերջին ելույթներում չի բացառում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, նույնի մասին է խոսում նաեւ Ադրբեջանի նախագահը: Սերժ Սարգսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին հակադարձելով՝ ասաց, որ վերջինս նոր բան չի ասում, ասում է այն, ինչ մշտապես ասում է. «Սակայն ուզում եմ, որ այդ մարդիկ մեկ անգամ ընդմիշտ հիշեն, որ պատերազմում փլավ չեն բաժանում, ուզում եմ, որ Սաֆար Աբիեւը հիշի իր անցած ճանապարհը. կարծում եմ՝ դա իր համար շատ օգտակար կլինի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա, ելնելով որոշ հանգամանքներից, ես ինձ թույլ չեմ տալիս մեկնաբանել նրա ասածները»: «Որոշ հանգամանքներն» ըստ երեւույթին այն էր, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահն է, եւ նրան ցանկության դեպքում կպատասխանի ՀՀ նախագահը։

Ազգային անվտանգության տեսանկյունից ի՞նչ հեռանկարներ կան հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացման համար։ Այս հարցին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանը ասաց, որ շուտով հրապարակվելու է մի զեկույց, որով ինքը հանդես է եկել բարձրագույն սպայակազմի առջեւ. այդ զեկույցը կոչվում է՝ «ՀՀ ազգային անվտանգության մասին»: Պաշտպանության նախարարն ասաց, որ այս զեկույցում բազմակողմանիորեն ներկայացված են ՀՀ անվտանգության սպառնալիքները եւ դրանց չեզոքացման ձեւերը: Զեկույցում արտահայտված է լինելու նաեւ Հայաստանի վերաբերմունքը ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին. «Եթե ձեզ նեղություն տաք եւ ուշադիր կարդաք այդ զեկույցը եւ մեզ դրանով հաճույք պատճառեք, ձեզ համար շատ պարզ եւ ակնհայտ կլինի, թե որոնք են մեր ցանկությունները»: Զեկույցի հայկական տարբերակն ամբողջովին պատրաստ է, եւ այժմ պատրաստվում են ռուսերեն եւ անգլերեն տարբերակները: Հայեցակարգի ամբողջական տարբերակը պատրաստ կլինի եւ կհրապարակվի մեկ ամսից ոչ շուտ: Այդ ժամանակ, ենթադրվում է, երկիրը կունենա ազգային անվտանգության հայեցակարգ:

Իր հերթին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նույնպես հայտարարեց, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարությունները ոչ մի բանի չեն հանգեցնի. «Այդ հայտարարությունները որեւէ դրական բանի չեն հանգեցնի, եւ Ադրբեջանը պետք է գիտակցի դա»: Արդյոք Իլհամ Ալիեւի եւ ադրբեջանական այլ գործիչների կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները միայն ներքի՞ն օգտագործման համար են, թե՞ ավելի լուրջ են, եւ անտեսելը ճիշտ չի լինի: Վարդան Օսկանյանը հույս ունի, որ դրանք ներքին օգտագործման համար են. «Հույս ունենանք, որ դրանք ներքին սպառման համար են, եւ իրենք չեն հավատում այն ամենին, ինչ ասում են: Մենք բազմիցս ասել ենք՝ Ադրբեջանը արդեն երկու անգամ սխալվել է այդ հարցում, կարծում ենք, որ երրորդ սխալը իրենց վերջին սխալը կլինի»:

Մենք նկատեցինք, որ մարտի 14-ին Ժնեւում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ ունենալով՝ ԱԳ նախարարը ցեղասպանության հարցը դիտարկել էր մարդու իրավունքների տեսանկյունից, սակայն արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները բավարար չափով են պաշտպանված, որն էլ կարող էր իրավունք տալ մեր երկրի պաշտոնյային հայտարարություններ անել մարդու իրավունքների մասին. «Կարծում եմ, որ բավական լավ պաշտպանված են, իդեալական վիճակ չէ, համենայնդեպս, մենք անելիք ունենք այդ հարցերում, բայց, որ մեզ մոտ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ կան՝ չէի ասի»: Պարոն Օսկանյանին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ միայն 2004-ի ապրիլյան դեպքերի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան արդեն 17 դիմում է ուղարկվել եւ մինչեւ մայիս այդ դիմումների թիվը կհասնի 30-ի: Եվ սա միայն՝ այդ ապրիլյան դեպքերի կապակցությամբ, իսկ քանի՞ հազար դեպք կա, որոնց կապակցությամբ ՀՀ քաղաքացիները պարզապես ի վիճակի չեն դիմել եվրոպական դատարան:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել