ԱՌԱՋԻՆԸ՝ ԱՌԱՋԻՆՈՒՄ Երեկ մայրաքաղաքի «Արենա» մարզական զվարճանքի կենտրոնում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց բոուլինգի հանրապետության բաց առաջնություն: Կազմակերպիչները՝ «Արենա» ակումբը (նախագահ՝ Գագիկ Հարությունյան) եւ «Միր սպորտա» համազգային մարզական հանդեսը (գլխավոր խմբագիր՝ Ալեքսանդր Բոյկո) մրցապայքարի էին հրավիրել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Փաստորեն, միջոցառումը Հայաստանի բաց առաջնություն էր լրագրողների միջեւ: Պայքարը հետաքրքիր էր նրանով, որ չորրորդ իշխանության եւ ոչ մի ներկայացուցիչ մինչ այդ բոուլինգի գնդակ ձեռքը չէր վերցրել: Սակայն մասնակիցները շատ արագ ընկալեցին խաղի իմաստն ու նրբությունները եւ շուտով, իրոք, հետաքրքիր ու դիտարժան մրցակցություն ծավալվեց: Մի քանի ժամ տեւած նախնական փուլերի արգելքները հաջող հաղթահարած երեք լավագույնները մտան եզրափակիչ, որտեղ պետք է որոշեին հաղթողին եւ մրցանակակիրներին: Այստեղ բոլորից հաջող հանդես եկավ եւ չեմպիոնի կոչումը նվաճեց «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը: Նրան էլ հանձնվեց «Արենայի» գավաթը եւ «Միր սպորտա» մարզական հանդեսի ու ակումբի առաջին կարգի դիպլոմը: Հաղթողին հանձնվեց նաեւ ամենաբարձր ցուցանիշ ցույց տվող մասնակցի համար սահմանված պատվոգիրը: Երկրորդ տեղը գրավեց «Միր սպորտա» հանդեսի աշխատակից Գրիգոր Դաշյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի լրատվական ծառայության ղեկավար Վահան Դանիելյանը: Սեփ. լր.