Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնին շամպայն կխմեն

Մարտ 23,2005 00:00

Տոնին շամպայն կխմեն Մարտի 27-ին կնշի թատրոնի օրը: Պարզեցիք, որ հայկական թատրոններում այդ օրը մյուս աշխատանքային օրերից համարյա չի տարբերվի: Երեւանյան գրեթե բոլոր թատրոնների ղեկավարներն ասացին, որ որոշել են այդ օրվա ներկայացումից հետո հավաքվել թատերական ընտանիքով եւ շամպայն ըմպել: Որոշ կոլեկտիվներ էլ դեռ չեն քննարկել ինչպես են տոնելու: «Պարի եւ հոգու» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոֆի Դեւոյանը նշեց, որ տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է տոնը մեծ շուքով նշել Հանրապետության հրապարակում. «Մեր կենտրոնի սաներն էլ պատրաստ էին այդ օրը առավոտից մինչ երեկո անվճար համերգ տալ: Ուզում էի նաեւ հետաքրքիր երթ կազմակերպել Աբովյան փողոցով: Թեեւ քաղաքապետարանում իմ առաջարկը մեծ սիրով ընդունվեց, սակայն մերժեցին՝ պատճառ բերելով վատ եղանակը»: Ս. Դեւոյանը նշեց, որ այժմ էլ պատրաստ է թատրոնի օրվան նվիրված մի քանի ժամանոց միջոցառում կազմակերպել. «Մենք պետք է նշենք մեր ունեցած բոլոր տոները, քանի որ Հայաստանում դրանք շատ չեն եւ դեռ պետք է դրանց քանակն ավելացվի»: Թատրոնի տոնի կապակցությամբ «Պարի եւ հոգու» թատրոնը համերգներով հանդես կգա ապրիլի երեքին: «Մարտի 27-ին մեր թատրոնում պարզապես շամպայն կխմենք: Միգուցե նաեւ դիսկոտեկա գնանք»,-նշեց Սոֆի Դեւոյանը: Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Խանդիկյանն ասաց. «Մենք ներկայացումից հետո կհավաքվենք եւ մի բաժակ շամպայն կխմենք»: Մեր հարցին, թե թատերական խմբից դուրս՝ հանրության համար այդ տոնը ինչպես կնշվի, Ա. Խանդիկյանը, չգիտես ինչու, նեղացած պատասխանեց. «Հանրության համար այդ տոնը դուք պետք է նշեք: Ցանկացած հոբելյան նշում է ոչ թե հոբելյարը, այլ մյուսները: Նույն սկզբունքը պետք է կիրառվի նաեւ թատրոնի տոնի առիթով: Իսկ հետո կարող եք գալ ու շնորհավորել մեզ»: Փոսի թատրոնի տնօրեն Էդուարդ Հակոբյանն էլ նշեց, որ դեռ գեղարվեստական ղեկավարի հետ հստակ որոշումներ չեն կայացրել. «Այդ հարցը դեռ խմորման փուլի մեջ է, նախօրոք հայտարարություններ չենք ուզում անել: Միգուցե տոնին նվիրված հետաքրքիր ակցիայով հանդես գանք կամ ներկայացում խաղանք»: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ այդ օրը սովորական աշխատանքային օր է, իսկ տոնը՝ զուտ մասնագիտական. «Մարտի 27-ին ամեն տարվա նման կշնորհավորենք նաեւ մյուս թատերական ընտանիքներին: Մեր թատերական կոլեկտիվով տոնը կնշենք օրվա ներկայացումներից հետո»: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այդ օրը պրեմիերա կլինի: Կներկայացվի Օստրովսկու «ծՈ Չր255ՍՏչՏ ՎցՊՐպՓՈ ՊՏՉՏսՖվՏ տՐՏրՑՏՑօ» ներկայացումը: «Այդ օրը աղջկաս ծննդյան օրն է, եւ ես այն նշում եմ ոչ միայն թատրոնում, այլեւ տանը»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել