Լրահոս
Օրվա լրահոսը

Մահակ`

Մարտ 23,2005 00:00

Մահակ` գործարարների գլխի՞ն Խորհրդարանում երեկ սովորականից ավելի աշխույժ իրավիճակ էր. օրվա երկրորդ կեսին պատգամավորները սկսեցին քննարկել կառավարության կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն անմիջականորեն առնչվում է գործարարներին, հետեւաբար՝ պատգամավորների ճնշող մեծամասնությանը: Նրանք էլ հատկապես ակտիվ էին երեկվա քննարկումներին: Առաջարկվող փոփոխություններով չվճարված հարկերի կամ թաքցված եկամուտների համար տնտեսվարող սուբյեկտը համարվում է քրեական հանցագործ եւ կարող են ազատազրկել մինչեւ յոթ տարի՝ կախված թաքցված հարկերի չափից: Քննարկումներին ընդհանրապես չմիջամտեց ՀՅԴ խմբակցությունը, պասիվ էր եւ ՀՀԿ-ն, իսկ ՕԵԿ-ը, «Ժողպատգամավորը» եւ ՄԱԿ-ը, նաեւ անկախ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը բավականին ակտիվ մասնակցեցին եւ առաջարկեցին օրինագիծը հետ կանչել՝ լրամշակման: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն էլ, որի գլխավորած հանձնաժողովը, ի դեպ, դրական եզրակացություն էր տվել օրինագծին, ԱԺ ամբիոնից համոզում էր կառավարության ներկայացուցիչ, Հարկային ծառայության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին՝ ետ տանել. «Մեկ ա, չի անցնի, պարոն նախաձեռնող, լավ կանեք՝ ետ տանեք»: Պատգամավորները պնդում էին, որ այսօր դժվար է Հայաստանում գտնել որեւէ տնտեսվարող, որի հաշվապահական խոհանոցն անթերի մաքուր է, այսինքն՝ միշտ էլ կարելի է բիծ գտնել ցանկացած տնտեսվարողի վրա՝ կախված քաղաքական իրավիճակից: Բացի այդ, ըստ Վահրամ Բաղդասարյանի, այս փոփոխությունները «Քրեական օրենսգրքում» կոռուպցիայի ծաղկման լրացուցիչ հնարավորություն են տալու հարկային եւ իրավապահ մարմիններին: Մանվել Բադեյանի կարծիքով, փոփոխությունները նշանակում են՝ «Սայլը դնել ձիուց առաջ: Փոխանակ սանկցիաներ կիրառվեն այն մարդկանց դեմ, ովքեր աջակցում են եկամուտների թաքցմանը, մենք պատրաստվում ենք պատժել ուրիշներին»: Ըստ պարոն Բադեյանի, պետությունն այսօր դեռ չի կարգավորել իր հիմնական ֆունկցիան՝ հավասար մրցակցային պայմաններ չի ստեղծել բոլոր տնտեսվարողների համար. «Ձեր պարտականությունները սկզբից կատարեք, հետո միայն հարկատուներից պահանջեք»,- պետությանը կոչ արեց պատգամավորը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր հերթին հարց տվեց՝ ի՞նչ իմաստ է հետապնդում քրեական պատիժ կիրառել տնտեսական հանցագործության համար: Պրն Բաղդասարյանի համար հարցը քաղաքական նշանակություն ունի. «Մենք տնտեսական խախտումների համար օրենսդրությունը քրեականացնում ենք: Սա քաղաքական մոտեցում է: Ի՞նչն է պատճառը, որ դուք տնտեսական հանցանքների համար առաջարկում եք ազատազրկում»: Ըստ ԱԺ նախագահի, այս փոփոխությունները առաջացնում են «ՕԲԽՍՍ-ի վերականգնման մտահոգություններ»: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել