Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ

Մարտ 23,2005 00:00

Հարցազրույց բանաստեղծ եւ հրապարակախոս Իգնատ Մամյանի հետ

– Երկու ամսից տեղի կունենա Գրողների միության հերթական համագումարը: Հասարակության այն մասը, որին հետաքրքրում է մեր գրական կյանքը, ուշադիր հետեւում է մերթընդմերթ բորբոքվող «կռիվներին»:

– Գրողների միությունը թատրոն չէ, որի ներկայացումները ձեր ասած հասարակությունը ընդունի կամ չընդունի: Նա կարող է գնահատել իրեն մատուցվող գրական արժեքը՝ ինչպես կարողանում է կամ ինչպես ուզում է: Բայց գրողի հետ հասարակությունը գործ չունի, ինչպես, ասենք, վերջին երկու տասնամյակում գործ չի ունեցել նրա հոգսի ու ցավի, տագնապի ու տառապանքի հետ: Մենք ի վիճակի ենք ինքներս քննելու եւ գնահատելու մեր ընտանիքում կատարվող երեւույթները:

– Այսինքն՝ եթե բանաստեղծներից մեկը քննադատում է ընդունված հեղինակություններին, դա նո՞ւնպես գրողների՞ «ներքին գործն է»:

– Ձեր խոսքը հավանաբար վերաբերում է Արտեմ Հարությունյանին: Դա, այսպես ասած, մասնավոր դեպք է եւ ենթակա չէ ներկայացվելու համընդհանուր քննարկման: Արտեմ Հարությունյանին ես համարում եմ իմ բարեկամը եւ խիստ մտահոգված եմ նրա առողջական վիճակով:

Այսօրվա գրողը նույն ինքը՝ բոլոր ժամանակների գրողն է, եւ գրականությունը մնում է նույն տաճարը: Ասված է՝ գրականություն եկող ամեն ոք տաճար մտնողի զգացողություն պիտի ունենա: Այո, գրականության մեջ մենք մեզ պիտի զգանք ինչպես տաճարում, ուր բացառված են ատելությունն ու թշնամանքը: Եվ պիտի, եւ պարտավոր ենք այնպես անել, որ մեր տաճարը չդառնա Բաբելոնյան աշտարակ:

– Վերջին տարիներին դուք ավելի շատ տուրք եք տալիս արձակին: Այս օրերին էլ հանրապետության թերթերից մեկը շարունակաբար տպագրում է ձեր վեպը Ոսկեպար գյուղի ինքնապաշտպանության մասին: Դա այն հին ու հայտնի երեւո՞ւյթն է, երբ բանաստեղծները պոեզիայի մի քանի գրքեր տպագրելուց հետո ընդմիշտ ու հիմնավորապես հանձնվում են արձակին:

– Չէի ասի: Գրական ժանրերի մեջ բետոնե պատնեշներ չկան, եւ արձակ ստեղծագործություններ են հրատարակում նաեւ իմ մյուս բանաստեղծ ընկերները՝ Արմեն Մարտիրոսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արմեն Շեկոյանը, գրեթե բոլորը: Եվ կա բանաստեղծի արձակ հասկացություն, որը խոստանում է չափազանց զգայուն, հոգեկան ու հոգեբանական նրբին կերտվածքներով գրական գործեր: Դրա ամենաթարմ վկայությունը Էդվարդ Միլիտոնյանի՝ վերջերս «Գարուն» ամսագրում տպագրած «Աներեւույթ տրամվայը» դրամատիկ գործն է:

– Հաճախ ժամանակի հետ փոխվում է վերաբերմունքը գրողի եւ նրա ստեղծագործության նկատմամբ:

– Ինձ համար դա անընդունելի է: Ի՞նչ ժամանակներ պիտի գան, որ Չարենցը դադարի մեծություն լինելուց կամ նսեմանա Թումանյանի հանճարը:

– Մեր ժամանակի ամենամեծ հայ գրողը…

– Պարզ է՝ Հրանտ Մաթեւոսյանը: Մենք բոլորս պիտի երջանիկ լինենք, որ նրա հետ ապրեցինք նույն ժամանակում, նույն երկնքի տակ:

– Հրանտ Մաթեւոսյանից հետո Գրողների միության նախագահ դարձավ Լեւոն Անանյանը: Առջեւում ընտրություններ են, Ձեր կարծիքով ո՞վ կլինի հաջորդը:

– Դարձյալ Լեւոն Անանյանը:

– Դո՞ւք եք այդպես ուզում: Հայտնի է, որ ժամանակին ձեր համատեղ աշխատանքը չստացվեց:

– Նա՛ կլինի՝ թեկուզ ես դա չուզենամ: Նա՛ կլինի, որովհետեւ նրա՛ն հաջողվեց իրականացնել Գրողների միության վաղեմի երազանքը՝ ունենալ սեփական հրատարակչություն, որը տարեկան չորս տասնյակ գիրք է հրատարակում: Նա՛ կարողացավ ետ բերել օլիգարխների կողմից խլված մեր պոլիկլինիկան: Կարողացավ ավերված բանկի փոշիներից փրկել գրական ֆոնդի 40.000 դոլարը: Կարգի բերեց գրական մամուլը, հիմնեց նոր պարբերականներ: Չորս տարում մեծ ջանքերի գնով հրավիրեց գրողների համահայկական երկու համաժողով: Կազմակերպեց հեռուստամարաթոն եւ միության համար ստեղծեց հիմնադրամ՝ փոքրիշատե ապահովելով տարեց եւ հիվանդ գրողների նյութական վիճակը: Այժմ, հենց այս օրերին, երբ լրատվամիջոցները ԳՄ նախագահի մոտալուտ ընտրության հետ կապված գուշակումներ են անում, նա զբաղված է Սեւանի մեր ստեղծագործական տան խլված լողափի վերադարձման խնդրով: Լեւոն Անանյանը գրքերի հեղինակ է, ճանաչված հրապարակախոս եւ թարգմանիչ: Բայց ԳՄ նախագահի պաշտոնում նա կարծես թե մոռացել է սեփական ստեղծագործության մասին, զբաղված է զուտ կազմակերպչական գործերով: Այստեղ զոհաբերություն կա, որ պարտավոր ենք տեսնել: Ինչ վերաբերում է մեր անձնական փոխհարաբերություններին, ապա մենք հին, շատ հին ընկերներ ենք եւ որեւէ հարցում տարակարծությունը բնավ չի ենթադրում հակակրանք ու թշնամություն: Այժմ էլ մենք միասին ենք աշխատում եւ անպայման վերականգնելու ենք Սեւանի ստեղծագործական տան երբեմնի բարի անունն ու ավանդույթները:

– Ի՞նչն է Ձեզ հատկապես ցավ պատճառում ներկա գրական կյանքի իրողության մեջ:

– Գրողին չճանաչելն ու չգնահատելը: Անընդհատ, տեղի-անտեղի կրկնում են, թե գրողը կտրված է մեր կյանքի ալեկոծումներից: Բայց հենց այս մեղադրանքը մոգոնելու օրերին տաղանդավոր գրող Լեւոն Խեչոյանը կռվում էր Արցախի լեռներում: Հովիկ Վարդումյանը կռվում էր: Մեզնից շատ-շատերն ընդգրկված էին անկախության գործընթացի տարբեր ոլորտներում: Բայց գրող լինելը, որ աստվածային օրհնություն է, երբեմն նաեւ անեծք է դառնում, որը պիտի կրենք ու դիմանանք:

ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել