Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԵՖ ԱՆԵԼՈՎ ՓՈՍ ԵՆ ՓՈՐԵԼ

Մարտ 23,2005 00:00

Բայց՝ հարեւանների համար

Երեւանի Ազատության պողոտայի թիվ 9/3 եւ 9/4 կոոպերատիվ բնակելի շենքերը կառուցվել են 1974-ին՝ Երքաղսովետի գործկոմի համապատասխան որոշմամբ: Կառուցապատումից ազատ մնացած 500 քմ տարածքը, որը նույնպես որոշմամբ հատկացված տարածքի սահմանագծում էր, բնակիչները մաքրել են շինարարական աղբից, անցկացրել ոռոգման ջրագիծ, հիմնել պտղատու եւ դեկորատիվ ծառերով այգի: Դա 1978-ին էր: Մինչ օրս երկու շենքի բնակիչները համատեղ մշակում ու խնամում են այգին՝ համատիրությանը վճարելով հողի, ջրի եւ այլ հարկեր: Նրանցից որեւէ մեկը, նաեւ՝ «Հայք» համատիրությունն ու Արաբկիրի թաղապետարանը (որի վարչական սահմաններում է տարածքը), չեն պատկերացրել, որ Երքաղսովետի որոշմամբ տրված հողային տարածքները պետք է վերագրանցում ստանան Երեւանի քաղաքապետարանի որոշումներով: Հակառակ դեպքում՝ այն համարվում է պետական սեփականության հող եւ կարող է դրվել վաճառքի:

Ինչպես եւ եղել է. 2003-ին քաղաքապետարանի հայտարարած աճուրդով այգու տարածքը վաճառվել է նույն այդ շենքերի բակում բնակվող, եռահարկ առանձնատան սեփականատեր Աշոտ Բարսեղյանին՝ բնակելի շինություն կառուցելու նպատակով: «Այդ օրերին, երբ մեր «հարեւանը» գաղտնի կերպով իր սեւ գործն էր անում, մեզ հետ միասին այգում ուտում-խմում էր, լավագույն բաժակաճառի մրցույթներ էր կազմակերպում, միասին ծրագրում էինք, թե ինչպես ենք կարուսելներ տեղադրելու, այգում մանկական խաղահրապարակ ստեղծելու: Մենք ի՞նչ իմանայինք, թե նա միաժամանակ ինչ ծրագիր է իրականացնում՝ առանց մեր գիտության»,- պատմեցին խմբագրություն այցելած շենքի բնակիչները: Ի դեպ, հենց այդ պատճառն էլ հիմք է հանդիսացել (այսինքն՝ տարածքն օգտագործողներին պատշաճ չտեղեկացնելով աճուրդ կայացնելը), որ վերաքննիչ դատարանը բեկանի առաջին ատյանի վճիռը եւ անվավեր ճանաչի աճուրդն ու դրա հիման վրա Ա. Բարսեղյանի ձեռք բերած մյուս փաստաթղթերը՝ քաղաքապետի որոշում, նոտարական պայմանագիր, սեփականության իրավունքի վկայական եւ այլն: Մեր բողոքարկուները պնդեցին, որ եթե պահպանվեր որպես տարիներ շարունակ տարածքն օգտագործողի իրենց նախապատվության իրավունքը, ապա «մենք մի բան կանեինք ու մեզ կպահեինք մեր այգին»: Անշուշտ, ձեւ կգտնվեր, օրինակ՝ վարձակալության պայմանագիրը: Ի դեպ, աճուրդին ներկայացնելուց առաջ քաղաքապետարանը պետք է Արաբկիրի թաղապետարանից ձեռք բերեր ելակետային տվյալներ՝ տարածքի բնապահպանական եւ քաղաքաշինական նկարագրի մասին, ինչը չի արել:

Վերաքննիչ դատարանը Երեւանի քաղաքապետարանին պարտավորեցրել է Աշոտ Բարսեղյանին վճարել 1249500 դրամ՝ որպես կատարած ծախսերի հատուցում: Վճիռն ուժի մեջ է մտել անցյալ տարվա նոյեմբերի 24-ից, հարկադիր կատարման թերթիկը լրացվել է մեկ ամիս անց, սակայն մինչ օրս դատարանի որոշումը չի կատարվել: ԴԱՀԿ ծառայությունն այն չի կատարել, որովհետեւ քաղաքապետարանը ժամանակ է խնդրել՝ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար: Երկու ամիս անց այն ներկայացվել է եւ վաղը կլսվի վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատում: Քաղաքապետարանի բողոքի շարժառիթներից մեկը, անշուշտ, հիշյալ 1249500 դրամի հետվճարումն է: Չի բացառվում, որ նոր սեփականատերը նույնպես, չհաշտվելով իր «երազանքների փլուզման» հետ, քաղաքապետարանի օգնությամբ փորձում է պայքարել մինչեւ վերջ:

Անկախ դատարանի վճռից եւ հին ու նոր որոշումներով ամրագրված քաղաքացիների իրավունքներից, հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը գրեթե ամեն օր, առիթով ու անառիթ հայտարարում է, որ 2005 թիվը կանաչապատման եւ կանաչ գոտու պահպանման տարի է: Ազատության պողոտայի այս հատվածում վիճարկվում է երեսնամյա կանաչ գոտու ոչնչացման հարցը: Իսկ ոչնչացման ջատագովը Երեւանի քաղաքապետարանն է:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել