Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծանր դեպք

Մարտ 23,2005 00:00

Ծանր
դեպք Վաղը ՌԴ նախագահ Վ. Պուտինը միանգամայն դեկլարատիվ այց
կկատարի Հայաստան եւ կմասնակցի Հայաստանում Ռուսաստանի տարվա բացման միանգամայն դեկլարատիվ
արարողությանը: Դժվար չէ ենթադրել, որ այդ տարվա, այսինքն՝ 2005 թ. ընթացքում տեղի
կունենան տնտեսական եւ մշակութային բովանդակության մի քանի դեկլարատիվ միջոցառումներ,
եւ գործընկերային ողջ «շուխուրը» դրանով կվերջանա: Սրանք օդից վերցված կռահումներ
չեն, այլ միանգամայն հիմնավոր կասկածներ, որոնք առավել ամրապնդվեցին ՌԴ նախագահի
արտաքին հարցերով օգնական Սերգեյ Պրիխոդկոյի հետ Կրեմլում մեր ունեցած հանդիպումից
հետո: «Առավոտի» երեկվա համարում արդեն նշել ենք, որ «Ռիա-Նովոստի» գործակալության
նախաձեռնությամբ հայ լրագրողների մի խմբի հնարավորություն էր ընձեռվել հանդիպել ռուսաստանյան
որոշ գործիչների հետ: Նրանցից մեկն էլ Պուտինի օգնական Պրիխոդկոն էր՝ տիպիկ կրեմլյան
չինովնիկ, որը մեր հարցերը լսում էր դեմքի բնածին խիստ արտահայտությամբ, աշխատում
էր միանգամից չպատասխանել, իսկ պատասխանելուց հետո էլ որեւէ առարկություն չէր ընդունում:
Հանդիպման սկզբում Պրիխոդկոն նախ իր առջեւ դրված թղթից ընթերցեց հայ-ռուսական
գործընկերությանը վերաբերող մի հաճելի տեղեկանք, ապա բանավոր գովաբանեց այդ գործընկերության
որոշ ասպեկտները: Հետագա խոսակցության ընթացքում, սակայն, պարզվեց, որ, օրինակ՝ Թուրքիայի
հետ Ռուսաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 9 մլրդ, Ադրբեջանի հետ՝
1 մլրդ, իսկ, այ, գործընկեր Հայաստանի հետ՝ ընդամենը 208 մլն դոլար: Ինչո՞ւ: Պրիխոդկոն
այս հարցի պատասխանը չուներ: Ասենք, որոշ դադարից հետո նա ասաց. թերեւս դա բնական
ռեսուրսներով է բացատրվում ու նաեւ՝ ցանկությամբ: Հետաքրքիր է. իսկ ինչո՞ւ է ցանկությունը
գործընկերների միջեւ բացակայում: Հիշատակենք ՌԴ նախագահի օգնականի յուրահատկություններից
եւս մեկը. նա բառերն ընկալում էր բացառապես իրենց առաջին իմաստով եւ, ինչպես հասկացանք,
տանել չէր կարողանում փոխաբերությունները: Օրինակ, ի պատասխան «Առավոտի» մի հարցի,
նա նշեց, թե ՌԴ-ն ամեն ինչ անում է հայ-թուրքական սահմանը բացելու համար: Սակայն
երբ նրան հարցրի, թե մտավախություն չունե՞ք, որ այդ սահմանի բացվելու դեպքում Երեւանի
նկատմամբ Մոսկվայի ազդեցությունը կթուլանա, եւ Հայաստանը կհեռանա Ռուսաստանից, Պրիխոդկոն
մոտ 5 րոպե բոլորիս օգնությամբ փորձում էր ճշտել՝ «ո՞ւր կհեռանա Հայաստանը»: Ստիպված
եղանք բացատրել, որ աշխարհագրական առումով Հայաստանը կմնա նույն տեղում, բայց կհեռանա
ռուսական ազդեցությունից: Վերջապես հնչեց որոնելի պատասխանը. «Թե ով որտեղ եւ ուր
կհեռանա՝ դա յուրաքանչյուրի սուվերեն գործն է, եւ պետք չէ դրանով միմյանց վախեցնել:
Իսկ ՆԱՏՕ-ի հետ մենք հիանալի հարաբերություններ ունենք»: Կարծում ենք, այսքանից հետո
իմաստ չունի ընթերցողին ներկայացնել մեր զրույցի մնացած մանրամասները: Դառնալով ՀՀ-ում
Ռուսաստանի տարվա բացմանը՝ ամեն դեպքում մեր կողմից հաջողություն մաղթենք այդ միջոցառմանը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել