Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆ

Մարտ 23,2005 00:00

Ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: –
ԵԱՀԿ Մինսկի փաստահավաք առաքելության զեկույցին հետեւեց պաշտոնական քարոզչամիջոցներից
մեկի ոգեւորված մեկնաբանությունը, թե «կարող ենք փաստել, որ հայկական կողմի ճիշտ
քաղաքականության արդյունքում ունենք բավականին նպաստավոր փաստաթուղթ, որը միաժամանակ
կարելի է օգտագործել ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող հետագա բանակցություններում»:
Կիսո՞ւմ եք այս ոգեւորությունը: – Ես դրական եմ համարում այդ զեկույցը: Այն
խարխլեց այն մարտավարական հիմքերը, որ Ադրբեջանն իր խնդիրները լուծելու համար փորձել
էր հաստատել այս նախաձեռնության միջոցով: Նրանք տարածքների առնչությամբ ի սկզբանե
թեզ էին առաջադրել, որով ենթադրվում էր, որ եթե Հայաստանը չի վերահսկում այդ տարածքները՝
Ղարաբաղն էլ չի վերահսկում, քանի որ իրենք ընդհանրապես չեն ճանաչում, թե այնտեղ կա
կայացած պետություն: Սրա հիման վրա պնդում էին, թե սա վերահսկողությունից դուրս տարածք
է: Ավելի՛ն: Դեռ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւն իր գրեթե
բոլոր ելույթները կառուցում էր այդ թեզի վրա եւ հայտարարում, թե սա «սեւ կետ է աշխարհի
քարտեզի վրա», որը բուն է ահաբեկչական խմբերի, թրաֆիքինգի, թմրամիջոցների փոխադրման
համար: Հետո տեսավ, որ սա այլ տեղ է հասցնում, քանի որ եթե չի վերահսկվում՝ ուրեմն
Հայաստանը կապ չունի այդ տարածքների հետ: Մոտեցումը փոխվեց, երբ նա դարձավ Ադրբեջանի
նախագահ: Եվ հիմա մարտավարությունն այն է, իբր Հայաստանն է գրավել այդ տարածքները,
ուստի մեր երկիրն էլ վերահսկում է դրանք: Այս պնդումն Ալիեւը փորձեց հաստատել իբր
վերաբնակեցման դեմ իր դեմարշով. այս նախաձեռնությամբ իրեն պետք էր հաստատել այդ փաստը
(թվերը կապ չունեն, թե քանի հոգի են վերաբնակեցվել) եւ դա կապել Հայաստանի հետ: Մինչդեռ
վերաբնակեցումը տեղի է ունեցել բնական ընթացքի շնորհիվ, այն ագրեսիայի պատճառով,
որ իրականացրել է Ադրբեջանը: 400 հազարից ավելի փախստական կա, որոնք բռնագաղթել են
Ադրբեջանից: Ըստ էության, ճի՛շտ նույնքան մարդ կարող էր վերաբնակեցվել այնտեղ, եւ
դա կլիներ օրինական: – Դուք պնդում եք, թե Ադրբեջանն այս զեկույցի շնորհիվ
չհասավ իր նպատակին, մինչդեռ Իլհամ Ալիեւը եւ փոխարտգործնախարար Արազ Ազիմովը գոհունակություն
են հայտնել առաքելության եզրակացություններից՝ նշելով, թե դրանց մեջ արտացոլվել են
նաեւ իրենց տվյալները: – Բայց նրանց այլ բան չի էլ մնում ասել. հո չէի՞ն ընդունելու
իրենց ընդհանուր տեսության ֆիասկոն: Բնական է, որ Արազ Ազիմովը պիտի փորձեր այժմ
համոզել, թե հարցը վերաբնակիչների թվին չէ, որ վերաբերում է, այլ գործընթացի ղեկավարմանը:
Եվ իրենք նորից պնդում են, չնայած զեկույցում չկա նման հաստատում, թե վերաբնակեցումն
իրականացրել է Հայաստանը: Նրանց համար դա՛ է կարեւորը եւ ոչ թե մարդկային գործոնը՝
մարդու իրավունքները, փախստականների խնդիրը, որ, ի դեպ, կարեւոր է միջազգային հանրության
համար: Իսկ Ադրբեջանին ուղղակի պետք է օգտագործել թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ փախստականներին՝
սեփական քաղաքական ծրագրերի, մարտավարական խնդիրների եւ քարոզչության համար: –
ԵԱՀԿ առաքելությունն իրոք չի հանգել եզրակացության, թե ԼՂ-ին հարող տարածքներում
վերաբնակեցումը «Հայաստանի կառավարության միտումնավոր տարվող քաղաքականության արդյունք
է»: Զեկույցում նշված է, թե սա Լեռնային Ղարաբաղի նպատակային քաղաքականությունն է:
Սակայն նաեւ նշված է, որ համանախագահողները չեն որոշել, թե տվյալ հարցում ինչ աստիճանի
համագործակցություն գոյություն ունի Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ: Այսինքն՝ այս հարցը
մնացել է առկախ: – Սա կարեւորագույն հաստատագրումներից մեկն է, որով պետք
է հստակեցվի թե՛ ԼՂՀ, թե՛ ՀՀ տեղն ու դերն ընդհանրապես Ղարաբաղի խնդրի կարգավորման
հարցում: Եվ կարծում եմ, իսկապես եկել է ամեն ինչ իր անուններով կոչելու ժամանակը:
Պիտի հստակ ասենք, որ, այո՛, կա կայացած ԼՂՀ, որը որպես պետություն՝ իր վերահսկողությունն
է իրականացնում այդ բոլոր տարածքների վրա: Ի՛նքն է տերը: Հայաստանն աջակցելու է եւ
պե՛տք է աջակցի, քանի որ մեր երկիրը ԼՂՀ թե՛ անկախության, թե՛ անվտանգության երաշխավորն
է: Եվ, իհարկե, Հայաստանն իր բյուջեից էլ կարող է գումարներ հատկացնել, քանի որ լուծվում
է մարդասիրական խնդիր, եւ սա այն է, ինչ ողջ միջազգային հանրությունն անում է բոլոր
այլ փախստականների պարագայում՝ նրանց այդ վիճակից հանելու համար: Հայաստանն էլ նույնն
է անում, իսկ ինչո՞ւ մենք պետք է դրանից խուսափենք կամ համարենք անօրինական գործընթաց:
– Միջազգային հանրությունը կհամարեր անօրինական, եթե առաքելությունը հաստատեր,
որ Հայաստանը վերաբնակեցման առումով վարում է «բյուջետային հատկացումներով ուղեկցված
պետական քաղաքականություն»: – Չի՛ կարող համարել անօրինական: Միջազգային հանրությունն
ու նույն այդ կազմակերպությունները դեռ իրե՛նք պիտի պատասխան տան, թե ինչու չճանաչելով
ԼՂՀ-ն՝ ըստ էության, չեն ճանաչում մարդու իրավունքներն այդ տարածքում: Մենք բազմաթիվ
օրինակներ ունենք, որոնք կներկայացնենք խորհրդարանական լսումների ժամանակ, որ այս
ամենից տուժում է պարզ քաղաքացին եւ գտնվում է խաղից դուրս՝ անտեսված վիճակում: –
ԱԳՆ-ն հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունների խնդրանքով Հայաստանը հայտ
է ներկայացրել ԵԱՀԿ Մշտական խորհուրդ, որ նմանատիպ առաքելություն ուղարկվի նախկին
հայաբնակ այն շրջանները, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, այն է՝ Հյուսիսային
Մարտակերտ, Արեւելյան Մարտունի եւ Շահումյան: Ձեր կարծիքով, այդ առաքելությունն ինչո՞ւ
է կարեւորվում մեր դիվանագիտության համար: – Շատ կարեւոր է, որ պարզ դառնա,
թե այս փախստականներն իսկապե՛ս իրավունքի տեր են, պահանջատեր: Եվ կարող են, այո՛,
պահանջել Ադրբեջանից եւ բոլոր այն կազմակերպություններից, որոնք զբաղվում են փախստականների
հարցերով՝ ճանաչել նաեւ իրենց ոտնահարված իրավունքները եւ մտածել դրանց փոխհատուցման
մասին: Ասեմ ավելին՝ այստեղից հեռացած ադրբեջանցիների մեծ մասը ստացել է փոխհատուցում,
որը չի ստացել այնտեղից եկած որեւէ հայ: Հիմա նրանց մեղադրում են, որ այսօր տեղ են
գտել, այն էլ այդ ծանր պայմաններում՝ փաստորեն բարձիթողի վիճակում գտնվող տարածքներում
եւ տուն են դրել ու ապրում… Նրանք զոհն են հենց Ադրբեջանի՛ վարած քաղաքականության:
Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել