Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերօթիկը գաղութ էր հիշեցնում

Մարտ 22,2005 00:00

Գիշերօթիկը գաղութ էր հիշեցնում Մարդու իրավունքների գրասենյակն անելիք ունի նաեւ գիշերօթիկների հարցում Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն այցելել էր Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող ծնողական խնամքից զուրկ երեխաների թիվ 2 գիշերօթիկ դպրոց: Տիկին Ալավերդյանի այցը, ինչպես ինքը մեկնաբանեց, նպատակ ուներ պաշտպանելու գիշերօթիկի այն երեխաների «ոտնահարված իրավունքները», որոնք, ի տարբերություն ոմանց, շաբաթվա բոլոր օրերն էլ այստեղ են անցկացնում եւ բնակվում «անմարդկային ու հակահիգիենիկ» պայմաններում: Կրթօջախն ունի 247 աշակերտ, որից 60-ը մշտապես դպրոցում է գիշերում: Գիշերօթիկի այն մասնաշենքում, որտեղ երեխաները գիշերում են, իսկապես հակահիգիենիկ վիճակ էր տիրում: Ավելին, ննջասենյակների, խաղասենյակների ճաղավանդակներով դռները գաղութ էին հիշեցնում: Աղքատիկ ննջասենյակների միակ կահ-կարասին կեղտագույն, միանման ծածկոցներով մահճակալներն էին, որոնց վրա, չգիտես ինչու, որպես դիզայն փռված էին երեխաների երեսսրբիչները: Չնայած այս ամենին, դպրոցի պատասխանատուները ջանք չէին խնայում նկարագրելու, թե ինչ բծախնդրորեն են պահպանում հիգիենայի եւ սանիտարական կանոնները: Այստեղ միակ մխիթարիչ հանգամանքն այն էր, որ ննջասենյակներում քնելու համար նորմալ ջերմաստիճան էր: Ամենասարսափելին զուգարանների վիճակն էր: Բացի այն, որ ձմռան ցրտին զուգարանը զուրկ էր պատուհաններից, այդտեղ սանհանգույց խորհրդանշող ոչ մի ատրիբուտ չկար: Անհասկանալի էր, թե այդ պայմաններում երեխաները որտեղ էին լվացվում կամ բնական կարիքները հոգում: Գիշերօթիկի տնօրինությունն էլ իր հերթին շենքի անմխիթար վիճակի ու հակասանիտարական պայմանների համար մեղադրում է դպրոցի այդ մասնաշենքում երկար տարիներ բնակություն հաստատած 4-5 անտուն ընտանիքներին: Դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Համլետ Թադեւոսյանի խոսքերով, իրենց օգնել ցանկացող բարերարներ շատ կան, սակայն «այդ ընտանիքների պատճառով հետ են կանգնում: Գիշերօթիկի մյուս մասնաշենքերը, որտեղ երեխաներն անցկացնում են օրվա մեծ մասը, բարերարները մասամբ վերանորոգել են, եւ երեխաները հիմնականում այդ մասնաշենքում են օգտվում զուգարանից ու լոգարանից»: Իսկ անօթեւաններին դպրոցի շենքից այլ տեղ տեղափոխելու հարցը պատկան մարմիններին ընդհանրապես չի հուզում: Պաշտպանը համոզված է, որ հենց այս դեպքում է, որ իրենց գրասենյակն անելիք ունի: «Դպրոցի տնօրենը չի կարող զբաղվել այդ ընտանիքների տեղավորման եւ տեղափոխման հարցերով: Նրանցով պարտավոր են զբաղվել տեղական ինքնակառավարման մարմինները, բայց չեն անում: Տվյալ դեպքում՝ թաղապետարանի եւ քաղաքապետարանի կողմից ոտնահարվում են երեխաների իրավունքները: Գիշերօթիկի տնօրենի բազմաթիվ նամակները՝ հղված պատկան մարմիններին, մնացել են անպատասխան: Ես միջամտելու եմ այս հարցին, որպեսզի լուծում գտնենք, այլապես կդիմենք դատարան»,- վստահեցրեց պաշտպանը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել