Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 22,2005 00:00

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ Բայց թրաֆիքինգը ծաղկում է Հայտնի կավատ Ամալյա Մնացականյանը՝ «Նանո» մականունով, դատավճռից հետո ազատազրկման վայրում անցկացրեց ընդամենը մեկ ամիս: Մայր կավատ Նանոն (այսպես են նրան անվանում իրավապահները) Ինտերպոլով հետախուզման մեջ էր, եւ 2004թ. մարտին Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությունը նրան հանձնեց հայ իրավապահներին: Նույն թվականի օգոստոսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքերի առաջին ատյանի դատարանը, դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, Նանոյին դատապարտեց երկու տարվա ազատազրկման: Սեպտեմբերին՝ դատավճռից մեկ ամիս անց, Նանոն արդեն ազատության մեջ էր: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պետք է հարցնել. «Մեկ ամսվա ազատազրկման համար արժե՞ր, արդյոք, Ինտերպոլով հետախուզում հայտարարել, գործի դնել Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարություններին, իրավապահ մարմիններին՝ նման «անվտանգ» հանցագործին Հայաստան հասցնելու եւ ազատություն պարգեւելու համար»: Եվս մեկ հարց անհրաժեշտ է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին. «Ինչպե՞ս է պատահել, որ շուտափույթ ազատություն է շնորհվել երկու անգամ ազատազրկված Ամալյա Մնացականյանին»: Եթե ՀՀ գլխավոր դատախազությունը կոլեգիայի վերջին նիստում քննարկեր այս հարցերը, գուցե հասկանալի լիներ, թե ինչո՞ւ է այսքան մեծ «կարեւորություն» տրվում թրաֆիքինգին: Գուցե Աղվան Հովսեփյանը պարզաբաներ, թե ինչո՞ւ է իր ղեկավարած կառույցը նվազագույն պատիժ առաջարկել հարյուրավոր աղջիկների վաճառած Նանոյին, որն այսօր էլ Երեւանում շարունակում է հավաքագրել «հին» եւ նոր աղջիկների՝ Էմիրություններ եւ Թուրքիա ուղարկելու համար: Մեր տեղեկություններով՝ շուտով գաղութից ազատվելու է մեկ այլ հանրահայտ կավատ՝ էջմիածինցի Մարետը (Մարիետա Մուսայելյան): Նրան էլ դատարանն ազատազրկել է երկու տարով: Մարիետայի զոհերն առանց անձնագրերի ներկայումս Դուբայում մարմնավաճառությամբ են զբաղվում: Կարծում ենք՝ գլխավոր դատախազի համար դժվար չէ պարզել, թե ովքեր են կանգնած այս կավատների թիկունքին: Մարտի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ամփոփվեցին թրաֆիքինգի ոլորտում կատարված աշխատանքները: Ներկայացված թվերն առաջին հայացքից բավական խոսուն են. տասնյակ քրեական գործեր, կալանքներ, բացատրություններ, դատական գործեր: Սակայն, չգիտես ինչու, նման տիտանական աշխատանքից հետո կանանց վաճառքը նոր թափ է առնում, արաբական երկրներ մեկնողների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: «Կավատն էնտեղ հովանավորվում է եւ՛ ոստիկանության, եւ՛ հեղինակությունների կողմից: Էնտեղ կան իրենց օրենքները, եւ բավականին դժվարություններ կան: Նույնիսկ, թող մեղք չլինի ասել, տեղի իշխանություններն էլ ինչ-որ տեղ շահագրգռված չեն, որովհետեւ տվյալ ակումբը, տվյալ ռեստորանը աշխատեցնելու համար հենց էդպիսի կոնտինգենտ է պետք, որ մարդիկ կարողանան հավաքվել»,- կոլեգիայի նիստում ասաց ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Վերջինիս ղեկավարությամբ, ինչպես ասվեց դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ, գործի քննության նպատակով ԱՄԷ է մեկնել դատախազության քննչական խումբը: Ա. Միրզոյանը նիստում պատմեց, որ շատ բարդ է նման կանանց հայտնաբերելը եւ Հայաստան բերելը: Նա նաեւ հայտնեց, որ իրենք այդ կանանց համոզում են, բերում Հայաստան, ապա կալանքի վերցնում: Մեզ հայտնի է, որ դատախազության աշխատակիցները Դուբայում հանդիպել են մի քանի հայ կավատների, այդ թվում՝ Ինտերպոլով հետախուզման մեջ գտնվողների հետ: Առնվազն տարօրինակ է, որ դատախազության աշխատակիցները տեղի ոստիկանությանը կավատների մասին հայտնելու փոխարեն՝ «կավատներին համոզել են վերադառնալ Հայաստան»: Այդ հանդիպումների ժամանակ, սակայն, ինչպես մեզ տեղեկացրել են կավատների վերահսկողությամբ աշխատող հայ մարմնավաճառները եւ կավատներից մեկը, ամենեւին էլ չի խոսվել նրանց՝ Հայաստան վերադարձի մասին: Թե ինչ է խոսել ու պայմանավորվել, օրինակ, էջմիածինցի Անոյի (Անահիտ) հետ դատախազության աշխատակից Արիստակես Երեմյանը, պետք է պարզի դատախազության համապատասխան մարմինը: Կոլեգիայի նիստում գլխավոր դատախազն ասաց, թե ինքը խիստ պատիժների կողմնակից է, եւ քննադատեց դատավորներին կավատներին մեղմ պատիժներ տալու համար: Սակայն որեւէ մեկը գլխավոր դատախազին չհարցրեց, թե ինչու ոչ մի դեպքում դատարանում մեղադրանք ներկայացնող դատախազությունը չի բողոքարկել դատավճիռը: Կավատության եւ թրաֆիքինգի հատկանիշներով դատավճիռների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր գործերն ավարտվել են առաջին ատյանում: Մինչդեռ այլ ոլորտի գործեր անցնում են դատական երեք ատյաններով: Ինչպե՞ս է պատահել, որ կողմերից ոչ մեկը երբեւէ դատավճիռները չի բողոքարկել: Ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ մեղադրյալները երբեք դժգոհ չեն լինում ո՛չ դատախազությունից եւ ո՛չ էլ դատավորներից: Սա մի ոլորտ է, որտեղ բոլոր կողմերը միանգամից համաձայնության են գալիս: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել