Լրահոս
Օրվա լրահոսը

«Քուջուջի»

Մարտ 22,2005 00:00

«Քուջուջի» տեղը չի պակասում Սառնարան, լվացքի մեքենա, ավտոմեքենա՝ նման կենցաղային տեխնիկայի եւ սննդի մնացորդներով հագեցած այս աղբահորը գտնվում է Կենտրոն համայնքի Բրյուսովի 19 բնակելի շենքի հարեւանությամբ: «Գերժամանակակից» տարողությամբ այս աղբահորն ունի շուրջ տասը տարվա վաղեմություն: Հարեւան շենքում ապրող մարդիկ հույսները կտրել են, որ փոսը կմաքրվի: Դժվար չէ պատկերացնել, թե գարնանից մինչեւ աշուն ինչպիսի գարշահոտ է տարածվում շուրջբոլորը, քանզի տասը տարի երբեք աղբը չի մաքրվել, այլ հակառակը՝ ավելացել է: Տեղի բնակիչները երախտապարտ են «բոմժերին». «Էլի նրանք են գալիս, իրենց պետք եղած բաները տանում, զիբիլը չի շատանում, թե չէ՝ ստեղ խոլերայի բուն կլիներ»,- «Առավոտին» բողոքեցին բնակիչները: Եղել են դեպքեր, որ երեխաներն են ընկել աղբահորի մեջ: Բարեբախտաբար՝ առանց ծանր հետեւանքի: Աղբահորն ունի մշտական բնակիչներ՝ շները, բայց նրանք էլ ամռանն այդտեղ չեն կարողանում մնալ, հավանաբար գարշահոտն անտանելի է նաեւ շների համար: Աղբահորը լուսանկարելու ժամանակ մի անտուն կին մեզ ծանոթացրեց այդ աղբից օգտվողների «խոհանոցին»: «Այստեղից օգտվում եմ արդեն հինգ տարի: Ես եմ եւ էլի երեք հոգի: Իրար չենք խանգարում, կռիվ չկա: Էս փոսից օգուտը քիչ ա, բայց լավ- լավ բաներ են լինում, մանավանդ՝ շաբաթ-կիրակի ու տոն օրերին, երբ մարդիկ տանն են ու քեֆ-ուրախություն են անում»,- պատմեց կինն ու ավելացրեց. «Արդեն ինձ հավ եմ զգում, լավ քուջուջ եմ կարողանում անել»: Նշենք, որ այս փոսը փորվել է, որպեսզի բարձրահարկ շենք կառուցվի: Սակայն 1990-ականների «հեղափոխությունից» հետո կառուցապատողների ծրագրերը ձախողվել են, եւ տարածքը մի քանի անգամ վերավաճառվել է: Ներկայիս տիրոջ մասին բնակիչները հակասական տվյալներ ունեին: «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ից տեղեկացրին, որ իրենք հիմնականում աղբահանություն են անում շենքերից: Արտառոց դեպքերում, երբ ինչ-որ տեղ աղբ է կուտակված՝ բնակիչները պետք է զանգեն եւ տեղեկացնեն. «Մենք հետաքննող խումբ չունենք, որ գնան շենքի բակերը ստուգեն: Աղբի կուտակման մեղավորները հենց բնակիչներն են»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել