Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Մարտ 22,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՉԳՆԱՑ ԲՐՅՈՒՍԵԼ Բրյուսելում կայացած ԼՂ հարցով ԵԱՀԿ զեկուցող Գորան Լենմարկերի զեկույցի նախագծի քննարկմանը ԵԱՀԿ հայաստանյան պատվիրակության երեք անդամից մասնակցում էր երկուսը՝ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ Սամվել Նիկոյանը: Մյուս անդամը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը ներկա չէր: Պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն էր պատճառը. գուցե ինչ-որ մեկը վախեցե՞լ է նրա բոցաշունչ ելույթներից: Վ. Հովհաննիսյանը պարզաբանեց. «Նախ, վերջին նստաշրջանների ընթացքում պարոն Գեղամյանը ընդհանրապես ելույթներ չի ունենում, ոչ բոցաշունչ, ոչ՝ սառնասիրտ: Մեկ անգամ է նա բոցաշունչ ելույթ ունեցել, որը կապված էր Հայաստանի ընտրությունների վերաբերյալ իր դժգոհությանը, եւ դա տեղի է ունեցել մոտավորապես մեկ տարի առաջ: Վերջին անգամ Վիեննայում նա ընդհանրապես որեւէ ելույթ չի ունեցել: Ինչ վերաբերում է` ինչո՞ւ նրան չեն տարել, գիտե՞ք, դա տուրիստական ճամփորդություն չի, որ ինչ-որ մեկին հետդ տանես: Սկզբում մեզ առաջարկվել էր յուրաքանչյուր պատվիրակությունից ընդամենը մեկական մարդ՝ առաջարկվել էր միայն պատվիրակությունների ղեկավարներին, սակայն ադրբեջանցիները պահանջեցին, որ լինեն երկուսը: Եթե դուք ծանոթանաք նրանց պատվիրակության ղեկավարին, հասկանալի կլինի՝ ինչո՞ւ: Բնական է, որ առաջացավ նաեւ մեր կողմից երկուսով գնալու անհրաժեշտություն, եւ ես, որպես պատվիրակության ղեկավար, որոշեցի, որ այդ երկրորդը պետք է լինի Սամվել Նիկոյանը: Այնպես չի, որ հրավիրել էին ամբողջ պատվիրակությանը, իսկ մենք որոշել ենք, թե ով չգնա: Ընդհակառակը, ես որոշել եմ՝ ով գնա, եւ կարծում եմ, ճիշտ եմ որոշել»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել