Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Մարտ 22,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, որը նաեւ ստորագրել է կոալիցիայի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների ներքո՝ իբրեւ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ: Ինչպես արդեն հաղորդել ենք, նա դժգոհել էր, որ շարունակվում է քննարկվել կոալիցիայի սահմանադրական փոփոխությունների հին տարբերակը, թեեւ արդեն իսկ իրականացվում են բարեփոխումներ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկների հիման վրա: «Փոփոխությունների հարցն արդեն վտանգի տակ է,- ասել էր Ռաֆիկ Պետրոսյանը:- ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովը չի կատարում իր պարտականությունները եւ տեքստը չի փոփոխում քննարկման արդյունքներով… Զգում եմ, որ Սահմանադրության ընդունումն արդեն իսկ ձախողելու տրամադրություն կա: Ես հնարավոր է (ես չեմ՝ դա «Ժողպատգամավոր» խումբն է), որ ինչպես ՄԱԿ-ը վերջում հրաժարվեց՝ եթե այսպես շարունակվի, հնարավոր է, որ ես նույնպես իմ կողմից հրաժարվեմ մասնակցել»: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանից երեկ հետաքրքրվեցինք, թե արդյոք խմբի՞ տեսակետն էր արտահայտում Ռ. Պետրոսյանը՝ հայտարարելով, թե հրաժարվելու են կոալիցիայի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների համահեղինակությունից: «Մեր կողմից եղել է նմանատիպ մոտեցում,- պատասխանեց պրն Կարապետյանը:- Այո՛, ունենք որոշակի վերապահումներ եւ Ռաֆիկ Պետրոսյանն արտահայտել է խմբի տեսակետը»: Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն այժմ Հայաստանում չէ, ուստի չկարողացանք պարզել նրա տեսակետն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի այս հայտարարությունների վերաբերյալ: Հիշեցնենք, որ սահմանադրական քննարկումների ընթացքում Տիգրան Թորոսյանը մի քանի անգամ ձայնը բարձրացրել էր կոալիցիայի նախագիծը ներկայացնող Ռաֆիկ Պետրոսյանի վրա եւ նշել, թե նրա շատ պատասխաններ չի համարում բավարար: Տիգրան Թորոսյանը նաեւ բազմիցս նշել է, թե Վենետիկի հանձնաժողովի առաջարկած փոփոխությունները նախագծում ներառվելու են ԱԺ նիստերի ընթացքում նախագծերի քննարկումներից եւ 1-ին ընթերցմամբ ընդունվելուց հետո: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել